Անտառային տնտեսության պետական կոմիտե (ՀԽՍՀ)
Անտառային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության գործառույթներ իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն Հայաստանում։
Անտառային տնտեսության պետական կոմիտե | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1953 |
Կայք | hayantar.am |
Պատմություն
խմբագրելԱնտառային տնտեսության գլխավոր վարչությունը կազմավորվել է 1953 թվականին, 1957 թվականին միավորվել է անտառային արդյունաբերության նախարարության հետ։ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1966 թվականի մարտի 24-ի որոշմամբ Անտառային տնտեսության գլխավոր վարչության բազայի վրա ստեղծվել է Անտառային տնտեսության պետական կոմիտե, որը ենթարկվել է Մոսկվայում գտնվող ԽՍՀՄ Պետական անտառային կոմիտեին, ինչպես նաև ՀԽՍՀ նախարարների Խորհրդին։ ՀԽՍՀ նախարարների խորհրդի 1988 թվականի հունիսի 24-ի թիվ 362 որոշմամբ Անտառային տնտեսության պետական կոմիտեն դարձել է «Հայանտառ» Անտառտնտեսական արտադրական միավորում։ ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի թիվ բ 421 որոշմամբ կոլխոզային և սովխոզային շուրջ 54664 հա անտառները հանձնվել են «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորման տնօրինությանը։ 1991 թվականից մինչև 1992 թվականի փետրվար-մարտ ամիսները շարունակել է գործել նույն կարգավիճակով և կառուցվածքով։ 1992 թվականի հունվարից «ՀԱՅԱՆՏԱՌ» անտառտնտեսական արտադրական միավորումը ՀՀ վարչապետի հրամանով ընդգրկվել է ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության կազմում որպես «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորում, 1995 թվականի օգոստոսի 29-ի թիվ 108 որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորումը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը և վերակազմավորվել է որպես Հայաստանի անտառային ազգային ծառայութուն` «Հայանտառ» պետական ձեռնարկություն։ ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 538 որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 123 հրամանով «Հայանտառ» պետական ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես «Հայանտառ» ՊՓԲԸ։ 1997-1998 թթ. «Հայանտառ» ՊՓԲԸ ենթակայությունից դուրս են բերվել պետարգելոցները, Եղվարդի պետտնկարանը և դենդրոպարկերը հանձնվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը։ ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի թիվ 7-Ն որոշման համաձայն «Հայանտառ»-ը կրկին հանձնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունի 19 մասնաճյուղեր, այդ թվում` Լոռու մարզում` 7, Տավուշի մարզում` 4, Սյունիքի մարզում` 3 և մեկական մասնաճյուղեր Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
Գործունեություն
խմբագրելԱնտառային տնտեսության պետական կոմիտեն աշխատանքներ է կատարում՝
- հանրապետության պետանտառֆոնդի տերիտորիայում տարվող բոլոր գործողությունները հսկելու
- անտառները բնական արհավիրքներից և բուսական վնասատուներից պաշտպանելու
- բարձր արդյունավետություն ունեցող ծառատեսակներ աճեցնելու
- քաղաքների շուրջն անտառային գոտիներ ստեղծելու
- պետական արգելանոցներում կենդանական և բուսական աշխարհը պահպանելու ուղղությամբ։
Անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է եղել Գ. Ստեփանյանը (1966-1969 թթ.), 1969 թ.-ից՝ է Լ. Վարդանյանը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-10-14 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 444)։ |