«Աննա Սարոյան», Նար-Դոսի վիպակներից, որն առաջին անգամ  հրատարակվել է 1888 թվականին։

Աննա Սարոյան
ՀեղինակՆար-Դոս
Ժանրվիպակ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Աննա Սարոյան, Հռիփսիմե, Գևորգ աղա, Գրիգոր, Գարեգին, Արշակ, Թոմաս Գասպարիչ
Հրատարակված է1888
ՎիքիդարանԱննա Սարոյան

Գաղափարական բովանդակություն խմբագրել

Կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձը Նար-Դոսը կատարեց «Աննա Սարոյան» վիպակով, որը արժանացավ գրական հասարակության ուշադրությանը։ Քննադատությունն այն որակեց որպես հոգեբանական գեղեցիկ էտյուդ, մի երկ, որ մարդկանց ցույց է տալիս հոգևոր ապաքինության ուղիներ։

Վիպակի գլխավոր հերոսի՝ Աննա Սարոյանի կերպարով բացահայտված է մարդկային մի չափազանց նրբազգաց հոգի, ազնիվ, բանաստեղծական մի բնավորություն։ Աննա Սարոյանի մեջ չկա ոչ մի բան, որ լինի շինծու, նա ոչինչ չի ծածկում, չի թաքցնում օտար աչքից, նրան դեռևս չի դիպել ո՛չ մոլեռանդ աճապարողների այլանդակ բարոյականությունը և ոչ էլ կեղծավորների իրարանցման ժխորը։ Աննան արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի քայքայման էլեգիան։ Իր ծագմամբ ու դաստիարակությամբ պատկանելով քաղքենիական միջավայրին` նա ականատես է լինում այդ խավի սոցիալական կործանմանը և վերապրում է այն իր զգայուն հոգու ամբողջ կսկիծով։

Աննան ենթարկվում է մարդու հոգևոր հարստության ոչնչացման տարերքին, լռելյայն խոնարհվում է հարաբերությունների, բարոյական սկզբունքների քաոսի առջև, վերջնականապես հաշտվում այն գիտակցության հետ, որ ինքն անզոր է և անկարող։

Աննան փորձում է ինչ-որ բան պահել, ինչ-որ բանից կառչել, սակայն ձեռքից գնում է ամեն ինչ։ Համակվում է երկյուղով, անօգնականության ու թողության ծանր գիտակցությամբ։

Աննայի զգացմունքների աստիճանական այս սաստկացումը մատուցելու համար հեղինակը ընտրել է շատ հարմար ձև՝ նամականիի ձևը։ Պարզ, զարմանալիորեն անբռնազբոսիկ և սրտառուչ այդ նամակներում հորդում են նրա տրամադրությունները։ Հեղինակը ինչ-որ ծածուկ ցավով է վերարտարդում հերոսուհու սաստկացող տառապանքներն ու ապրումները։ Չհաշտվելով Աննայի թուլության հետ` գրողը միաժամանակ խոր անհանգստությամբ է հետևում նրա ճակատագրին։ Աննայի հանդեպ այս երկակի վերաբերմունքով Նար-Դոսը ներկայացնում է նրա դրության ողջ դրամատիզմը[1]։

Աննայի թախիծը չի լրացվում մի այլ, առավել կենսական զգացմունքով. նրա մեջ բացակայում է հավատը մարդկային ուժերի հանդեպ, ներսուզված է ինքն իր մեջ։ Նրան անընդհատ հետևում է սեփական անկարողության ծանր գիտակցությունը. «Շա՜տ վատ խաղ է խաղացել ինձ հետ ճակատագիրը, հանկարծակի և անպատրաստ, նա շպրտել է ինձ այդ դառն, այդ սոսկալի իրականության առաջ և ասում է՝ հաստատուն մնաս։— Ա՜խ, թշվառականս, ի՞նչ եմ ստացել, որ ինչ տամ...»[2]:

Թուլակամ բնավորության ամենաբնորոշ հոգեբանական ընդհանրացումներից մեկը, այսպիսով, դառնում է ամեն ինչ հիվանդագին կերպով գունազարդելու, հաճախ անհավասարակշիռ երևակայությամբ սահմռկեցուցիչ պատկերներ ստեղծելու հակումը[3]։

Սյուժե խմբագրել

«Աննա Սարոյան» վիպակը նամականի է, որտեղ անհատի ինքնաբացահայտումն ու ինքնազննությունն է՝ ընտանիքի կործանման փաստերի համապատկերի մեջ։ Քսաներեք նամակների միջոցով, որոնք թվագրված են  1880 թվականի սեպտեմբերի վեցից մինչև 1881 թվականի հոկտեմբերի երեսունմեկն ընկած ժամանակահատվածով, հեղինակը բացահայտում է իր ծագմամբ ու դաստիարակությամբ քաղքենիական միջավայրին պատկանող Աննային, ով ականատես է լինում այդ խավի սոցիալական կործանմանը և այն վերապրում է իր զգայուն հոգու ողջ կսկիծով։

Նամակագրվում են մանկության ընկերուհիներ Աննան և Հռիփսիմեն։ Վիպակում ներկայացված են միայն Աննայի նամակները, սակայն դրանց  բովանդակությունից դժվար չէ կռահել նաև Հռիփսիմեի նամակների բովանդակությունը։ Աննան իր ամենամտերիմ սրտակցի` Հռիփսիմեի առաջ բաց է անում  զգացմունքներից ալեկոծվող սիրտը` հույս ունենալով, որ վերջինս իր խորհուրդներով ու ապրումակցող խոսքերով կհանդարտեցնի զգացմունքների այդ ալեկոծությունը։ Առաջին նամակներում Աննան հաղորդում է, որ ապրում է նույն լիության մեջ, բոլորը ողջ և առողջ են ու առաջվա նման հաշտ ու սիրով են ապրում։ Սակայն, դա միայն թվացյալ երջանկություն է. Աննան մատնվել է ձանձրույթի և  ունայնության, նրա սիրտը ուժգին թափով ձգտում է ինչ-որ անհայտ, երբեք գոյություն չունեցող մի բանի, բայց հույս չունի, թե երբևէ կհասնի դրան։ Առաջվա Աննան, ով աշխույժ կյանքի, պարահանդեսների ու  թատրոնի սիրահար էր, այժմ նախընտրում էր առանձնությունը։ Աննան  Հռիփսիմեին գրած նամակներում  հիշում է անցյալի մասին։ Ըստ Աննայի` անցյալի հիշողությունը որքան  դառը, նույնքան և քաղցր է, և այդ պատճառով էլ սիրելի է, դա  մի տեսակ հոգեկան պոեզիա է։ Հաջորդող նամակներում Աննան ընկերուհուն ավելի մանրամասն է պատմում իր հույզերի և ընտանեկան` աստիճանաբար խորացող խնդիրների մասին։ Քայլ առ քայլ ընթերցողի առաջ հառնում են հերոսուհու սիրտը կեղեքող ընտանեկան խնդիրները։ Պարզվում է, որ Աննայի եղբայրը` Գրիգորը, թոքախտով հիվանդ է, իսկ երբեմնի հարուստ Գևորգ աղան` Աննայի հայրը, տարվելով խաղամոլությամբ, սնանկացել է և պարտքեր կուտակել։ Նա կաթված է ստանում, զրկվում աջ ձեռքից և խելագարվում։ Աննայի մյուս եղբայրները ` Արշակը և Գարեգինը, ոսկի երիտասարդության ներկայացուցիչներ են, ովքեր վռնդվում են ուսումնարանից, աշխատանքից և ընկնում կյանքի հատակը` մատնվում ծուլության, զբաղվում հարբեցողությամբ։ Աննայի` աղքատության մատնված ընտանիքը, ստիպված է լինում տեղափոխվել  հին, խղճուկ բնակարան, որը հազիվ են կարողանում ազատել պարտապանների ճանկերից։ Նրանք ստիպված են լինում վաճառել իրենց թանկարժեք իրերը, անգամ Աննայի դաշնամուրը, որը վերջինիս միակ սփոփանքն էր ու զբաղմունքը։ Սոցիալական ճահճում հայտնված Աննայի համար աղքատությունը հազարգլխանի մի հրեշ է, և նախընտրելի է մեռնել, քան մի սոսկալի օր հայտնվել այդ հրեշի գրկում։ Եվ ահա` նա ոտք է դնում նոր աշխարհ, և առաջին իսկ քայլերից խախտվում է նրա հոգու ամբողջականությունն ու ներդաշնակությունը։ Խլրտում են Աննայի կրքերն ու ձգտումները, և նա հասկանում է, որ անկարող է հավասարակշռությունը պահել։ Անհաշտ, հակոտնյա տրամադրությունները կլանում են նրան։ Մե՛կ ցանկանում է աղոթել և ապրել, մե՛կ անիծել ու մեռնել[1]։

Ըստ Աննայի` մարդ ամբողջապես երկաթից պիտի կազմված լինի, որպեսզի կարողանա տանել բարոյական ու ֆիզիկական բոլոր հալածանքները։ Նրա մեջ բացակայում է հավատը  մարդկային ուժերի հանդեպ, նրան անընդհատ հետևում է սեփական անկարողության ծանր գիտակցությունը։

Գրիգորի մահը, հոր խելագարությունը, եղբայրների բարոյական անկումը, մոր հուսահատությունը, առավել ևս` նյութական դաժան պայմանները, Աննային մատնում են հուսալքության։ Օր-օրի խորացող այդ հուսալքության մեջ, սակայն, Աննան չէր կորցրել իր հպարտությունը և ինքնասիրությունը։ Երբ Հռիփսիմեն նրան քսան ռուբլի է ուղարկում, նրա ինքնասիրությունը վիրավորվում է, և նա հետ է ուղարկում գումարը, Հռիփսիմեն չի հանձնվում և երկրորդ անգամ է ուղարկում գումարը, և Աննան միայն պարտքը վերադարձնելու պայմանով է վերցնում գումարը։

Հոգեկան ծանր ապրումների միջից Աննա Սարոյանը հառաչում է աշխարհի դեմ`«Ոչնչի համար չարաչար տանջվել- մի՞թե մարդս դրա համար է միայն ծնված...Մի՞թե մարդուս կյանքը, որ վերջանում է ոչնչով, նրա խորհուրդը  պետք է լինի նույնպես ոչինչ...»[4]:

Չհավատալով սեփական ուժերին, չկարողանալով հաղթահարել իրեն վիճակված դժվարությունները և այլ ելք չգտնելով` Աննան, թույն խմելով, ինքնասպան է լինում, սակայն այդ քայլին գնալուց առաջ վերադարձնում է քսան ռուբլի պարտքը ու վերջին նամակը գրում Հռիփսիմեին` ասելով իր վերջին խոսքերը․

  Ների՛ր, հպարտությունս հաղթեց։ Այդ նույն հպարտությունն է, որ ինձ գերեզման է տանում։ Արդյոք կների՞ ինձ աստված, կների՞ Գրիգորի հոգին... Բայց ապրելն ինձ համար անհնարին էր։ Դարձյալ մնաս բարյավ, աննման քույրիկ. աղոթք արա մեղապարտ հոգուս համար։  

Կերպարներ խմբագրել

  • Աննա Սարոյան - Վիպակի գլխավոր հերոսուհին, ով, չհավատալով սեփական ուժերին, չկարողանալով հաղթահարել իրեն վիճակված դժվարությունները և այլ ելք չգտնելով` ինքնասպան է լինում։
  • Հռիփսիմե - Աննայի մտերիմ ընկերուհին։
  • Գևորգ աղա - Աննայի հայրը, ով, տարվելով խաղամոլությամբ, սնանկացել է և պարտքեր կուտակել։ Նա կաթված է ստանում, զրկվում աջ ձեռքից և խելագարվում։
  • Գրիգոր - Աննայի եղբայրը, ով հիվանդանում է թոքախտով  և մահանում։
  • Արշակ, Գարեգին - Աննայի մյուս եղբայրները. ոսկի երիտասարդության ներկայացուցիչներ են, ովքեր վռնդվում են ուսումնարանից, աշխատանքից և ընկնում կյանքի հատակը` մատնվում ծուլության, զբաղվում հարբեցողությամբ։
  • Թոմաս Գասպարիչ - Գևորգ աղայի ընկերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայ նոր գրականության պատմություն, հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1972. էջ 255.
  2. Նար-Դոս (1968). Երկերի ժողովածու հինգ հատորով, հատոր երկրորդ. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 44.
  3. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Մուրացան, Նար-Դոս. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 267.
  4. Նար-Դոս (1968). Երկերի ժողովածու հինգ հատորով, հատոր երկրորդ. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 26.