Անձի սոցիոմշակութային տեսություն (Հորնի)
Անձի սոցիոմշակութային տեսություն, Կարեն Հորնիի կողմից ստեղծված հայեցակարգ է, որտեղ կարևորվում է մշակութային և սոցիալական գործոնների ազդեցությունը անձի ձևավորման վրա։ Սոցիոմշակութային հայացքների ձևավորման համար խթան հանդիսացան անձի բնույթի մասին Հորնիի հետևյալ երեք պատկերացումները՝
- Նա ժխտում էր Ֆրոյդի այն գաղափարը, որ կանանց կենսաբանական բնույթը նախատրամադրում է նախանձ տղամարդկանց հանդեպ,
- Տարբեր հեղինակների հետ շփումը ամրապնդեց Հորնիի այն գաղափարը, որ սոցիոմշակութային պայմանները խորը ազդեցություն են ունենում անհատի զարգացման և գործունեության վրա։
- Այցելուների կլինիկական դիտումները, որոնք նա անցկացրել էր ԱՄՆ-ում ու Եվրոպայում, ցույց տվեցին էական տարբերություններ նրանց անձնային դինամիկայում, ինչը հանդիսանում էր մշակութային գործոնների ազդեցության ապացույց։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ անձի գործունեության խանգարումների հիմքում ընկած են միջանձնային հարաբերությունների յուրահատուկ ոճերը։
Անձի զարգացում
խմբագրելՀորնին համամիտ էր Ֆրոյդի այն մտքի հետ, որ մանկական ապրումները կարևոր նշանակություն ունեն մեծահասակի անձի կառուցվածքի և գործունեության ձևավորման վրա։ Սական նրանց մոտեցումներում կային տարբերություններ. Հորնին չէր ընդունում Ֆրոյդի այն միտքը, որ գոյություն ունեն ունիվերսալ հոգեսեռական փուլեր։ Հորնին համամիտ չէր նաև Ֆրոյդի այն մտքի հետ, որ երեխայի սեռական անատոմիան թելադրում է անձի հետագա զարգացման որոշակի ուղղվածության։ Ըստ Հորնիի անձի զարգացման մեջ որոշիչ գործոն են հանդիսանում երեխայի և ծնողի միջև հարաբերությունները։ Մանկությանը բնորոշ են երկու պահանջմունքներ՝ բավարարման և անվտանգության։ Բավարարումն ընդգրկում է բոլոր հիմնական կենսաբանական պահանջները։ Հորնին պահանջմունքների բավարմանը նշանակություն էր տալիս ֆիզիկական գոյատևման պահպանման մեջ. նա չէր գտնում, որ դրանք անձի կառուցվածքում հիմնական դեր են խաղում։ Երեխայի զարգացման մեջ գլխավոր դեր ունի անվտանգության պահանջմունքը։ Այս դեպքում հիմնաքարային է սիրված, ցանկալի, վտանգից կամ թշնամական աշխարհից պաշտպանված լինելու դրդապատճառը։ Երեխայի այս պահանջմունքի բավարարումը, ըստ Հորնիի, կախված է ծնողներից։ Եթե ծնողները իրական սեր և ջերմություն են դրսևորում երեխայի հանդեպ, դրանով բավարարվում է անվտանգության պահանջմունքը։ Սրա շնորհիվ հավանական է, որ կձևավորվի առողջ անձ։ Ծնողների սխալ վերաբերմունքի արդյունքում երեխայի մոտ զարգանում են բազային թշնամանքի դիրքորոշումներ։ Այս դեպքում երեխան հայտվում է երկընտրանքի առջև. նա կախված է ծնողներից և միաժամանակ նրանց պատճառով վրդովված է։ Այս պատճառով առաջ են գալիս այնպիսի պաշտպանական մեխանիզմ, ինչպիսինն է արտամղումը։ Արդյունքում երեխայի վարքը, ով ծնողական ընտանիքում անվտանգություն չի զգում, ուղղորդվում է անօգնականության, վախի, սիրո և մեղքի զգացումներով, որոնք իրականացնում են հոգեբանական պաշտպանության դեր։ Սրա նպատակը ծնողների հանդեպ թշնամական զգացումների ճնշումն է։ Վրդովմունքի և թշնամանքի այդ ճնշված զգացումները դրսևորվում են այլ մարդկանց հետ երեխայի փոխհարաբերություններում, ընդ որում ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում։ Այս դեպքում ասում են, որ երեխայի մոտ առկա է բազային տագնապ՝ «միայնության և անօգնականության զգացում պոտենցիալ վտանգավոր աշխարհի առջև»։
Բազային տագնապ. նևրոզների առաջացում
խմբագրելԻ տարբերություն Ֆրոյդի, ով գտնում էր, որ տագնապը հանդիսանում է մարդու հոգեկանում անհրաժեշտ բաղադրիչ, Հորնին գտնում էր, որ տագնապն առաջանում է միջանձնային հարաբերություններում անվտանգության զգացման բացակայության արդյունքում։ Սա նշանակում է, որ նևրոտիկ վարքի հիմքերը պետք է փնտրել ծնողի և երեխայի միջև խախտված հարաբերություններում։ Ըստ Հորնիի երեխայի մոտ արտահայտված բազային տագնապը հանգեցնում է մեծահասակի մոտ նևրոզի ձևավորմանը։
Նևրոտիկ պահանջմունքներ. բազային տագնապի կոմպենսացիայի ռազմավարություններ
խմբագրելՈրպեսզի հաղթահարի անբավարար անվտանգության, անօգնականության և թշնամանքի զգացումները, որոնք հատուկ են բազային տագնապին, երեխան հաճախ ստիպված է օգտագործել տարբեր պաշտպանական ռազմավարություններ։ Հորնին նկարագրել է 10 այդպիսի ռազմավարություններ, որոնք ստացել են նևրոտիկ պահանջմունքներ կամ նևրոտիկ միտումներ անվանումը։
Պահանջմունքի անվանում | Վարքում դրսևորում |
---|---|
Սիրո և հավանության | Մյուսների կողմից սիրված և հիացմունքի օբյեկտ լինելու ձգտում;քննադատության, անբարյացակամության նկատմամբ բարձր ընկալունակություն |
Ղեկավարող զուգընկերոջ | Ուրիշներից չափից ավելի կախվածություն; մերժվելու կամ մենակ լինելու վախ; վստահություն, որ սերը կարող է լուծել ամեն ինչ |
Հստակ սահմանափակումների | Այնպիսի կյանքի ոճի նախընտրություն, որի ժամանակ առաջնային տեղ ունեն սահմանափակումները և սահմանված կարգը; քչով բավարարվածություն և ուրիշներին ենթարկում |
Իշխելու | Ուրիշներին դոմինանտելը և վերահսկելը հանդիսանում է ինքնանպատակ |
Շահագործման | Ուրիշների մողմից օգտագործված լինելու կամ ուրիշների աչքերում «հիմար» երևալու վախ |
Հասարակական ընդունման | Ուրիշների հիացմունքի օբյեկտ լինելու ցանկություն; սեփական անձի մասին պատկերացումը ձևավորվում է հասարակակն դիրքից կախված |
Ինքդ քեզնով հիանալու | Այնպիսի կերպարի ստեղծման ձգտում, որը չունի սահմանափակումներ և թերություններ |
Փառասիրության | Անհաջողության վախ; ամենալավը լինելու ձգտում |
Ինքնաբավարարման և անկախության | Ցանկացած հարաբերություններից խուսափում, որը ենթադրում է պատասխանատվություն վերցնել |
Կատարելության և անհերքելիության | Բոլոր հարաբերություններում կատարելության և բարոյապես անհասանելիության ձգտում |
Հորնին պնդում էր, որ այս պահանջմունքները առկա են բոլոր մարդկանց մոտ։ Սակայն առողջ մարդը հեշտությամբ փոխարինում է մեկը մյուսով, եթե պայմաններն ու հանգամանքները փոփոխվում են։ Բայց նևրոտիկը, արձագանքելով տարբեր իրավիճակներին, ճկունություն չի ցուցաբերում։ Նևրոտիկը ընտրում է մեկ պահանջմունք՝ այն օգտագործելով բոլոր փոխհարաբերություններում։
Կողմնորոշում դեպի մարդիկ, մարդկանցից և մարդկանց դեմ
խմբագրելՀորնին այս տասը պահանջմունքները դասակարգել է երեք կատեգորիաներում։ Յուրաքանչյուր կատեգորիան իրենից ներկայացնում է միջանձնային հարաբերությունների օպտիմիզացիայի ռազմավարություն՝ շրջակա միջավայրում անվտանգության զգացման ձեռք բերելու նպատակով։
- Կողմնորոշում դեպի մարդիկ՝ զիջող տիպ
Այս կողմնորոշումը ենթադրում է փոխազդեցության այնպիսի ոճ, որին հատուկ է կախվածությունը, անվճռականությունը, անօգնականությունը։ Նրանց ղեկավարում է հետևյալ իռացիոնալ գաղափարը.«Եթե զիջեմ, ինձ չեն դիպչի»։ Նրանց պետք է, որ ուրիշները իրենց կարիքն ունենան, իրենց սիրեն, պաշտպանեն, ղեկավարեն։ Նրանք հարաբերություններ ստեղծում են միայն մեկ նպատակով՝ խուսափել միայնության, անօգնականության և անպիտանության զգացումից։ Նրանցում կարող է քողարկված լինել ագրեսիվ լինելու պահանջմունք։ Չնայած թվում է, որ այս մարդն ամաչում է ուրիշների ներկայությամբ, մնում է ստվերում, այս վարքի տակ հաճախ թաքնվում են թշնամանքը, զայրույթը։
- Կողմնորոշում մարդկանցից՝ մեկուսացած տիպ
Միջանձնային հարաբերությունների օպտիմիզացիայի այս ռազմավարությունն օգտագործող մարդիկ առաջնորդվում են հետևյալ գաղափարով.«Ինձ համար միևնույնն է։ Եթե ես մի կողմ կանգնեմ, ինձ հետ ամեն ինչ կարգին կլինի»։ Այս մարդիկ կորցնում են իրական հետաքրքրվածությունը ուրիշների հանդեպ։ Այս կողմնորոշմանը բնութագրական է միայնության, անկախության և ինքնաբավարարվածության ձգտումը։
- Կողմնորոշում մարդկանց դեմ. թշնամական տիպ
Վարքի այնպիսի ոճ է, որին բնութագրական է դոմինանտումը, թշնամանքը, շահագործումը։ Միջանձնային հարաբերությունների օպտիմիզացիայի այս ռազմավարությունն օգտագործող մարդիկ առաջնորդվում են հետևյալ գաղափարով.«Ես ունեմ իշխանություն, ինձ ոչ ոք չի դիպչի»։ Մյուս բոլոր մարդիկ ագրեսիվ են, և կյանքը պայքար է նրանց բոլորի նկատմամբ։ Ամեն ինչ ուղղված է սեփական դիրքի, պահանջմունքների ու ցանկությունների բավարարմանը։
Ինչպես բոլոր տասը նևրոտիկ պահանջմունքները, այս երեք ռազմավարությունները ուղղված են տագնապի զգացման նվազեցմանը։ Ըստ Հորնիի այս բոլոր ռազմավարությունները միմյանց հետ կոնֆլիկտի մեջ են գտնվում ինչպես առողջ, այպես էլ նևրոտիկ անձի մոտ։ Սակայն առողջ անձանց մոտ այս կոնֆլիկտը չի ուղեկցվում այնպիսի ուժեղ հուզական լարումով, ինչպես նևրոզներով հիվանդների մոտ։ Առողջ մարդուն հատուկ է մեծ ճկունություն, նա ունակ է ռազմավարությունները մեկը մյուսով փախարինելու։ Իսկ նևրոտիկը չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել։ Նա օգտագործում է երեք ռազմավարություններից միայն մեկը՝ անկախ այն հանգամանքից տվյալ պարագայում տվյալ ռազմավարությունը պիտանի է թե ոչ։
Գրականություն
խմբագրել- Хьелл, Ларри, Дэниел Зиглер. "Теории личности." (1997).