Աներևույթ թագավորությունը

«Աներևույթ թագավորությունը» (գերմ.՝ «Vom unsichtbaren Königreiche»[1]), Ռիխարդ ֆոն Ֆոլկմանի հեքիաթն է՝ թարգմանված Հովհաննես Թումանյանի կողմից, որը տպագրվել է 1916 թվականին։ Հեքիաթը երազող տղայի, նրա բարության և ազնվության մասին է։

Աներևույթ թագավորությունը
գերմ.՝ Vom unsichtbaren Königreiche
ՀեղինակՌիխարդ ֆոն Ֆոլկման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուգերմաներեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակման տարեթիվ1916
Թարգմանիչ հայերենՀովհաննես Թումանյան
ՎիքիդարանԱներևույթ թագավորությունը

Սյուժե խմբագրել

Գյուղի մոտ՝ սարալանջին, մի փոքրիկ տնակում իր ծեր հոր հետ ապրում էր մի երիտասարդ՝ Իերգ անունով։ Նրանք ապրում էին՝ մշակելով իրենց մի կտոր հողը։ Հենց տան կողքից սկսվում էր սաղարթախիտ ծառերով թավ անտառը, իսկ տան առջև ընկած էր մի հին կոտրած ջրաղացքար։ Այդտեղից բացվում էր սքանչելի տեսարան դեպի հովիտը, գետը և մոտակա սարերը։ Դաշտում գործն ավարտելուց հետո Իերգը սիրում էր նստել ջրաղացքարին և երազել։ Այդ պատճառով էլ գյուղացիները ծաղրանքով նրա անունը դրել էին Երազող Իերգ։ Նա օրեցօր ավելի լռակյաց էր դառնում։ Հոր մահից հետո ընդհանրապես չէր խոսում։ Ավելի հաճախ էր նստում ու երազում։ Նրան թվում էր, թե լսում է գետի ալիքների երգը, հասկանում է ծառերի զրույցը։ Մի անգամ Իերգը քարին նստած քնում է։ Երազում տեսնում է, իբր երկնքից արծաթե շղթաներով մի ոսկե ճոճ է իջնում։ Ճոճում նստած է մի շատ գեղեցիկ աղջիկ և շատ բարձր ճոճվում էր։ Հանկարծ շղթաները կտրվում են, և աղջիկը թռնում է երկինք։ Իերգը քնից վեր է թռչում, տեսնում է կողքին մի փունջ վարդ։ Հաջորդ օրը երազը կրկնվում է և դարձյալ վարդի փունջ է գտնում։ Այդպես շարունակվում է մեկ շաբաթ։ Իերգը որոշում է փնտրել ու գտնել աղջկան։ Գնում է հեռու՜-հեռու՜, թափառում է տարբեր տեղեր, հասնում է մի խոր անտառի։ Տեսնում է ընկած մի ծերունի, որին երկու ավազակ ուզում են սպանեն։ Նա մոտ է վազում, մի ծանր կոճղով հարձակվում չարագործների վրա և ազատում ծերունուն։ Այն հարցին, թե ովքեր էին և ինչ էին ուզում, ծերունին պատմում է, որ ինքը Երազների աշխարհի թագավորն է, սխալմամբ հեռացել է իր տերության սահմաննեից, ընկել է իր դարավոր թշնամու՝ Իրականության թագավորի տարածքը։ Վերջինս դա նկատել է և իր ծառաներից երկուսին ուղարկել է, որպեսզի սպանեն իրեն։ Երազների թագավորը ցանկանում է շնորհակալություն հայտնել Իերգին և իր հետ տանում է իր աշխարհ։ Նա պատմում է, որ Երազների աշխարհն ամենալավ ու գեղեցիկ աշխարհն է, իսկ երազները՝ հպատակները։ Նրանք թփուտների տակ մի գաղտնի դռնակով ներս են մտնում ու աստիճաններով իջնում մի պայծառ, լուսավոր քարանձավ։ Այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր, կարծես թե դրախտ լիներ։ Այնտեղ կային երեք տեսակ երազներ՝ մարդկանց կերպարանքով։ Դրանք բարի, չար և խաղային երազներ էին։ Հանկարծ Իերգն այնտեղ տեսնում է իր երազների գեղեցկուհուն։ Նա խնդրում է արքայից, որ թողնի գեղեցկուհուն իր երկիրը տանի։ Թագավորը չի մերժում երիտասարդին․ չէ՞ որ նա իր կյանքն էր փրկել։ Սակայն հիշեցնում է, որ հենց դռնակից դուրս գան, նրա գլխի արծաթե քողը հանի և դռնից ցած գցի՝ դեպի իրեն։ Դրանից հետո աղջիկը կդառնա իրական կին, թե չէ այժմ նա անմարմին երազ է։ Թագավորը նրանց նաև նվիրում է աներևույթ թագավորություն։ Նա բացատրում է, որ այդտեղ չկան պատկերներ, հոգսեր, պատերազմներ։ Կան միայն գեղեցիկ պալատներ, այգիներ։ Սակայն դա ուրիշները չեն տեսնի, կտեսնեն միայն Իերգն ու իր կինը։ Եվ դեռ աչքը չթարթած, նրանք հայտնվում են ջրաղացքարի մոտ, իսկ ոտքերի տակ ընկած էր մի ծալված թաշկինակ։ Նրանք բացում են թաշկինակը, որը քարտեզի տեսք ուներ։ Այդտեղ մի գետ էր հոսում, քաղաքներ կային, անտառներ ու լճեր։ Հասկանում են, որ Երազների թագավորի խոստացած պարգևն է։ Հանկարծ իրենց տնակը դառնում է շքեղ պալատ, բյուրեղյա աստիճաններով, մարմարե պատերով։ Ամենուր երաժշտություն էր և ուրախություն։ Գյուղացիները սկսում են իրար հետ փսփսալ, որ Իերգն ամուսնացել է։ Կինը մի փոքրիկ, նիհար աղջիկ է։ Տեսքը՝ գորշ և աղքատիկ։ Նրանք չէին տեսնում, որ իրենց առջև իսկական թագուհի է, իսկ նրանց տնակը պալատ է դարձել։ Իսկ ինչպե՞ս պետք է տեսնեին։ Չէ՞ որ դա աներևույթ թագավորություն էր, որն ընկել էր երկնքից[2]։

Հեքիաթի ստեղծման պատմություն խմբագրել

Հեղինակը՝ Ռիխարդ ֆոն Ֆոլկմանը, հեքիաթը գրել է 1871 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ և դաշտային փոստով ուղարկել երեխաներին[3]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Volkmann, Richard von (1942). Vom unsichtbaren Königreiche (German). Berlin.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Թումանյան, Հովհաննես (1988). Հեքիաթներ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. von Volkmann, Richard. «Vom unsichtbaren Königreiche : Drei Märchen / Richard von Volkmann-Leander ; Gezeichnet von Marlies Klein ; mit einem Vorwort von Helmut Jahn». Princeton University LIBRARY.