Անարատ հղության հայ քույրերի միաբանություն

Անարատ հղության հայ քույրերի միաբանություն (ԱՀՀՔՄ), կաթոլիկ ուսումնակրթական հաստատություն։ Հիմնադրվել է 1843 թվականին, Կ.Պոլսում՝ Սրբուհի Հաջի-Անտոնյանի առաջնորդությամբ։ Պաշտոնապես վավերացվել է 1847 թվականին՝ Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Անտոն Պետրոս Թ-ի (Անտոն արք. Հասունյան) կոնդակով։ Ստեղծման օրից իր հիմնական նպատակն է հռչակել հայուհիների կրթությունն ու դաստիարակությունը քրիստ. և ազգ. արժեքներով։ Մինչև 1914-ը միաբանությունը Թուրքիայի հայաբնակ վայրերում հիմնել է 30-ից ավելի օրիորդաց դպրոցներ, որբանոցներ, արհեստանոցներ, որոնք փակվել են Մեծ եղեռնի օրերին։

Հայ քույրերից շատերը զոհվել են Դեյր էզ Զորի ճանապարհին։ Ողջ մնացածները շարունակել են իրենց առաքելությունը՝ պատսպարելով և խնամելով հարյուրավոր հայ որբերի՝ Կոստանդնուպոլսում, Հալեպում, Բեյրութում, Հռոմում բացված որբանոցներում։ Անարատ հղության հայ քույրերի միաբանության Մայրավանքն ու Ընծայարանը 1922-ից փոխադրվել են Հռոմ։ Միաբանությունը, իր շուրջ հարյուր միանձնուհիներով, գործում է սփյուռքի բոլոր մեծ համայնքներում, ունի դպրոցներ, մանկամսուրներ, վարժարաններ, երկսեռ որբանոցներ։ 1965-ից գործում է ԱՄՆ-ում, 1992-ից՝ Հայաստանի և Վրաստանի հայ կաթոլիկներով բնակեցված շրջաններում։ ՀՀ-ում գործում է Անարատ հղության հայ քույրերի միաբանության մասնաճյուղը՝ Տիրամայր Հայաստանի Կուսաստան անունով։ Պատասխանատուն է մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնյանը։ 1998-ի սեպտեմբերին բացվել է Կուսաստանին կից Գյումրու Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթական համալիրը, որտեղ ներկայումս (2000) ուսանում են 52 ծնողազուրկ և կարիքավոր երեխաներ, սովորում արհեստներ, պարապում անգլ-ի, համակարգչային և երգի խմբերում։ Շիրակի մարզի Արևիկ, Փանիկ, Լանջիկ գյուղերում, Տաշիրի (Լոռու մարզում) մի քանի դպրոցներում մայրապետները դասավանդում են կրոնի պատմություն, աշակերտուհիներին սովորեցնում կարուձև և ժանյակագործություն։ Շուրջ 800 ծնողազուրկ և կարիքավոր երեխաների համար ամեն տարի Ծաղկաձորում կազմակերպվում է ամառային ճամբար։ Կուսաստանը, նյութական աջակցություն ստանալով Պողոսյան եղբայրներից (Շվեյցարիա, Բելգիա), Ջինիշյան Հիշատակի հիմնադրամից, տեր և տիկին Բաղչյաններից (Ֆրանսիա), ԱՄՆ-ի CNEWP կազմակերպությունից, ինչպես նաև այլ անհատ բարերարներից ու հաստատություններից, բազմաթիվ բարեգործ. և կրթական ծրագրեր է իրագործում Հայաստանի և Վրաստանի հայ կաթոլիկներով բնակեցված գյուղերում։

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 375