Աճական
Աճական (լատին․՝ augmentum), հնդեվրոպական լեզվաբանության մեջ այսպես է կոչվում արմատին կամ բառին, կամ սրանց կազմության մեջ ավելացող այն հնչյունը կամ հնչյունական տարրը, որը սովորաբար ունենում է անորոշ ծագում ու նշանակություն։ Այն կարող է իմաստային նոր երանգ հաղորդել բառին, երբեմն էլ՝ փոխել նրա իմաստը։ Աճականը ածանց կամ մասնիկ չէ, թեև որոշ պայմաններում նա կարող է այդպիսի նշանակություն ստանալ։ Այսպես, օրինակ, ըստ Հրաչյա Աճառյանի՝ ողբ, սուրբ, քարբ, քերբել բառերում «բ» տարրն աճական է[1]։ Աճականի կցման երևույթն անվանում է աճում։
Գրաբար
խմբագրելԳրաբարում հանդես է գալիս մեծ մասամբ անցյալ կատարյալի եզակի թվի 3-րդ դեմքում, երբ բայը միավանկանում է (հմմտ. բերի, բերեր, բեր և եբեր, հատի, հատեր, հատ և եհատ)։
Ապառնին ևս միավանկ մնալով ստանում է աճական (օրինակ՝ դնեմ բայի ապառնին դից-ի փոխարեն լինում է եդից)։
Աճական հայերենում միավանկությունը և վանկազրկությունը վերացնելու միջոց էր։ Աճական են համարվում նաև արմատի վրա ավելացած բաղաձայնները հմմտ. (սեր (սերել) - սերմ, գող - գոդտ (գողտուկ), գադ - գաղտ, լի - լիր և այլն)։
Սեպագիր
խմբագրելՇումերերեն, աքքադերեն, խեթերեն ձեռագրերի սեպագրերում, շատ գոյականներին նախորդում կամ հաջորդում է շումերերեն մի բառ, որը ծառայում է որպես աճական։ Այս աճականը ցույց է տալիս բառի պատկանելիությունը որոշակի սեմանտիկ խմբին[2]։ Այս աճականները չեն արտասանվել։ Շումերերենից տառադարձման ժամանակ, այս աճականները գրվում են վերին ինդեքսում՝ փոքրատառով։
- 𒁹(1 կամ m) արական անձնանունների համար
- 𒊩(f) իգական անձնանունների համար
- 𒄑 (GIŠ) ծառերի և փայտից պատրաստված ամեն ինչի համար
- 𒆳 (KUR) պետությունների համար
- 𒌷 (URU) քաղաքների համար
- 𒇽 (LÚ) մարդկանց և մասնագիտությունների համար
- 𒇽𒈨𒌍(LÚ.MEŠ) ազգերի և մարդկանց խմբերի համար
- 𒀭(DINGIR) կամ D աստվածների և այլ աստվածությունների համար
- 𒂍(É) շինությունների և տաճարների համար
- 𒀯(MUL) աստղերի և համաստեղությունների համար
- 𒀀𒇉 (ÍD) վարչական տեքստերում՝ ջրանցքների և գետերի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
- ↑ 2,0 2,1 Edzard, 2003
- ↑ Hayes, John L., "A Manual of Sumerian Grammar and Texts", Undena Publications, 2000
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 267)։ |