Ալեքսանդրա Միտրոֆանովնա Ռաշչուպկինա (մայիսի 1, 1914(1914-05-01), Ուզբեկստան - 2010, Սամարա, Ռուսաստան), խորհրդային կին տանկիստ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պատերազմի ժամանակ Ալեքսանդր Ռաշչուպկին տղամարդու անվամբ ծառայել է որպես T-34 տանկի մեխանիկ-վարորդ։ Միակ կին տանկիստն է եղել Սամարայի մարզում[1][2], որը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Ալեքսանդրա Ռաշչուպկինա
մայիսի 1, 1914(1914-05-01) - 2010
ԾննդավայրՈւզբեկստան
Մահվան վայրՍամարա, Ռուսաստան
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ալեքսանդրա Ռաշչուպկինան ծնվել է 1914 թվականի մայիսի 1-ին, Սիր-Դարինսկում (այժմ՝ Ուզբեկստան)[1][3]։ Նա մեծացել է Ուզբեկական ԽՍՀ-ում, տիրապետել է տրակտորին և աշխատել որպես տրակտորիստ[2]։ Ամուսնացել է, ունեցել է երկու երեխա, ապա տեղափոխվել Տաշքենդ։ Այստեղ ընտանիքը մեծ դժբախտություն է ապրել, երկու երեխաներն էլ մահացել են մանկահասակ տարիքում[4][5]։

Ռազմաճակատում խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ալեքսանդրա Ռաշչուպկինայի ամուսինը զորակոչվեց Կարմիր բանակի շարքեր և ուղարկվեց ռազմաճակատ։ 27-ամյա Ալեքսանդրան բազմիցս դիմել է զինկոմիսարիատ` խնդրելով իրեն էլ ուղարկել ռազմաճակատ։ Բայց զինկոմիսարիատի ներկայացուցիչները համոզված չէին նրա ներկայացրած փաստարկներով, այն, որ նա հաջողությամբ տիրապետում էր տրակտորին և ունակ էր առանց որևէ խնդիրների տիրապետել մարտական մեքենային, որ իր ամուսինն արդեն ռազմաճակատում է, և ինքը չի ցանկանում նստել թիկունքում[2]։

Այնուհետև 1942 թվականին, կարճ կտրելով մազերը տղամարդու հագուստով, նա նորից ներկայացավ զինկոմիսարիատ և օգտվելով փաստաթղթերի խառնաշփոթից, ընդունվեց նորակոչիկների շարքում Ալեքսանդր Ռաշչուպկին անվամբ[2][6]։

Նրան ուղարկեցին Մերձմոսկովյան վարորդների դասընթացների, այնուհետև տանկի վարորդների երկամսյա դասընթաց անցավ Ստալինգրադի մերձակայքում[2]։ Նորակոչիկների բուժզննումն իրականացնող բժիշկը վրդովված հայտարարեց, որ ինքը պարտավոր է զեկուցել հրամանատարությանը, բայց Ալեքսանդրան կարողացել է համոզել նրան՝ ասելով, որ ինքը պարտավոր է պաշտպանել հայրենիքը և անկասկած մեկնելու է ռազմաճակատ։ Բժիշկը համաձայնեց չբացահայտել նրան ասելով, «Այ թե աղջիկ է... Ուղղակի Ժաննա դ'Արկ»[7]։

Դասընթացն ավարտելուց երեք օր առաջ դպրոցի տարածքը հանկարծ հայտնվեց գերմանական թիկունքում, գերմանական զորքերը արագորեն առաջ էին շարժվում դեպի Ստալինգրադ (ըստ այլ աղբյուրների[5], դպրոցը ենթարկվել էր ավիահարձակման)։ Դասընթացի մասնակիցները փոքր խմբերով դուրս եկան թշնամու կողմից գրավված տարածքից և հասան խորհրդային զորքերին։ Ռաշչուպկինան իր հուշերում գրել է. «Ես չէի կարող օրերով քայլել և հաճախ գիշերները սողում էի։ Հագուստից միայն ցնցոտիներ էին մնացել, երբ տեղ հասանք հագուստները, կոշիկները, ձեռքերը և նույնիսկ դեմքերը նույն գույնի էին` հողագույն։ Ես անհանգստանում էի վատ տեսքի պատճառով, կինը մնում է կին նույնիսկ տղամարդկային արտաքին տեսքով»[7]։

Т-34 տանկի մեխանիկ վարորդ խմբագրել

Մեկ շաբաթ անց, Ռաշչուպկինային ուղարկեցին ռազմաճակատ, որպես Т-34 տանկի մեխանիկ վարորդ։ Մարտնչել է 62-րդ բանակի կազմում (գեներալ Վ. Ի. Չույկով), զորամասում նա ստացել էր «Չարաճճի Սաշկա» մականունը[2]։ Ռաշչուպկինան իր հուշերում գրել է «հանուն ինչի ես ցանկացա մեկնել առաջնագիծ։ Իհարկե հանուն իմ հարազատների։ Չնայած ռազմաճակատում բոլորը գոռում էին՝ «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի», բայց նրանք մարտնչում էին իրենց հարազատների, կոնկրետ մարդկանց համար, որը մայրիկի համար, որը քրոջ կամ եղբոր համար է»[6]։

Մասնակցել է Ստալինգրադի համար մղվող մարտերին և Լեհաստանի ազատագրմանը[1]։ Գրեթե երեք տարի, ոչ տանկի անձնակազմը, որը վարում էր Ռաշչուպկինը, ոչ էլ մնացած զինվորները չէին կասկածում, որ Ալեքսանդր Ռաշչուպկինի անվան տակ կին է թաքնվում[2]։ Ըստ T-34 տանկի նախկին մեխանիկ վարորդի հիշողությունների «Ինքը մազերը կտրում էր տղամարդու պես, արտաքին տեսքը միշտ տղայական էր, ազդրերը բարակ էին, ուսերը լայն էին, իսկ կուրծքը՝ գրեթե չէր երևում և հազվադեպ էր հանվում, այն էլ լողանալիս և հմտորեն քողարկվում էր։ Ամաչկոտության նկատառումներից ելնելով նա բոլորից առանձին էր լուծում հիգիենայի հարցերը։ Երբեմն տղամարդիկ նրան ասում էին. «Սանյա, դու աղջկա ես նման», բայց մեծ ուշադրություն չէին դարձնում այդ քմահաճույքին[7]։ Ալեքսանդրան դեռևս պատերազմից առաջ լավ էր ուսումնասիրել տղայական սովորությունները և մնում էր միայն մի փոքր իջեցնել ձայնը[4]։

Գաղտնիքը բացահայտվեց 1945 թվականի փետրվարին, Լեհաստանում, Բունցլաու (այժմ՝ Բոլեսլավեց) քաղաքի տանկային գրոհի ժամանակ, որտեղ Ալեքսանդրա Ռաշչուպկինայի T-34 տանկը ընկավ գերմանական «վագրերի» շրջափակման մեջ։ Լուրջ վնասվել էր վարորդ մեխանիկ Ռաշչուպկինի ազդրը, ինչպես նաև հարվածից կոնտուզիա էր ստացել։ Հարևան տանկից օգնության էր շտապել վարորդ-մեխանիկ Վիկտոր Պոժարսկին և սկսել վիրակապել։ Հենց այդ ժամանակ էլ նա է ճանաչել աղջկան` «չարաճճի Սաշկային»[7]։ Նա երկու ամիս բուժվեց հոսպիտալում, բայց այդ ընթացքում գնդում մեծ սկանդալ էր հասունացել։ Երբ գործը հասավ հրամանատարությանը, գեներալ Վասիլի Չույկովը պաշտպան կանգնեց համարձակ տանկիստին։ Արդյունքում, Ռաշչուպկինան խուսափեց պատժից, մնաց գնդում, և բոլոր փաստաթղթերը վերաձևակերպվեցին կանացի անվամբ[2]։

Հետպատերազմական տարիներ խմբագրել

Պատերազմից հետո նա զորացրվեց և հանդիպեց իր ամուսնու հետ, ով նույնպես վերադարձել էր պատերազմից, բայց հաշմանդամ դարձած։ Ռաշչուպկինի ընտանիքը տեղափոխվեց Կույբիշև (այժմ՝ Սամարա), որտեղ նրանք միասին բնակվեցին 28 տարի, մինչև ամուսինու մահը[2]։ Նա աշխատել է որպես վարորդ, ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեների դիպլոմ։ Նրանք այլևս երեխաներ չունեցան, ռազմաճակատային վերքերը իրենց զգացնել էին տալիս[6][7]։ Նրա զարմուհին բնակվում էր Տաշքենդում[5]։

Նա ակտիվորեն մասնակցում էր ռազմաճակատային կանանց Սամարայի հասարակական կազմակերպության գործունեությանը[1]։ Նա հարաբերություններ էր պահպանում 29-րդ դպրոցի դպրոցականների և ուսուցիչների հետ, որը գտնվում է իր տան մոտակայքում[5]։ Ռաշչուպկինայի օրագրից [10]:

  Թոռները հաճախ հարցնում էին նրա առողջության մասին, այն մասին, թե ինչ է պատրաստելու ճաշի համար, արդյո՞ք այսօր դեղորայք ընդունել է, ինչ ծրագրեր է դիտել հեռուստացույցով և ինչ է կարդացել թերթերում։ Նա պատասխանում էր` տղաներ ջան, ինձ հարցրեք պատերազմի մասին[8]։  

Ռաշչուպկինան մահացել է 2010 թվականի հունիսին, Սամարայում[4]։

Պարգևներ խմբագրել

Գնահատականներ և կարծիքներ խմբագրել

Ռաշչուպկինային համեմատում են «հեծելազորային օրիորդ» Նադեժդա Անդրեևնա Դուրովայի հետ, ով 1806 թվականին զինվորական ծառայության էր անցել տղամարդու անվան տակ, այնուհետև կռվել երկրի վրա հարձակված ֆրանսիական բանակի դեմ[2][7]։

Սամարայի մարզի միակ կին տանկիստ[1][2], Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ռաշչուպկինան Ռուսաստանում միակը չէ։ Գնդապետ Լյուդմիլա Իվանովնա Կալինինան Մոսկվայում հայտնի է որպես ռազմաճակատային տանկիստ, Տոմսկի բնակիչները նույնպես ունեն իրենց տանկիստ կինը, դա Խորհրդային Միության հերոս Մարիա Վասիլևնա Օկտյաբրսկայան է։ Ընդհանուր առմամբ, տանկային զորքերում եղել են 20 կին տանկիստներ, որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Ընդամենը երեք կին է ավարտել տանկային ուսումնարանը։ Նախկին սանիտարական հրահանգիչ Իրինա Լևչենկոն 1943 թվականին ավարտել է Ստալինգրադի տանկային ուսումնարանի արագացված դասընթացը և ծառայել որպես 41-րդ գվարդիական տանկային բրիգադի կապի պատասխանատու սպա և ղեկավարել է T-60 թեթև տանկերի խումբը։ Կրտսեր տեխնիկ-լեյտենանտ Ալեքսանդրա Բոյկոն (Մորիշևա) 1943 թվականին ավարտել է Չելյաբինսկի տանկային ուսումնարանը և մարտնչել ИС-2 ծանր տանկով։ Սերգեյ Կիրովի դուստրը՝ գվարդիայի կապիտան Եվգենյա Կոստրիկովան, Կազանի տանկային ուսումնարանն ավարտելուց հետո եղել է տանկային դասակի, իսկ պատերազմի ավարտին՝ տանկային վաշտի հրամանատար[9]։

Հիշատակ խմբագրել

Սամարա քաղաքի 29-րդ դպրոցի դպրոցական թանգարանի ցուցափեղկերից մեկը նվիրված է Ռաշչուպկինային[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Юбилей женщины-танкиста». Тольятти-Новости. 6.05.2004. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Вадим Кожуховский (9 сентября 2006). «Танкист, да Вы — девица!». Красная Звезда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 Информация из учётной карточки награждённого в электронном банке документов «Подвиг народа».
  4. 4,0 4,1 4,2 Ася Кандаурова (6 марта 2014). «Три года танкист скрывал, что он — женщина». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Елена Батырева, Елена Вахрушева (11 мая 2006). «Три года танкист скрывал, что он — женщина». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Александра Митрофановна Ращупкина». Межрегиональная общественная организация ветеранов оперативных служб «Честь». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Антон Тимофеев (28 июня 2006). «Крепкий орешек». Экспресс газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «6 мая 2011 года в школе № 40 города Кемерово добровольцы Союза Молодёжи Кузбасса провели патриотический урок «О тех, кто подвиг совершил»». Общественная палата Кемеровской области. 6.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. Евгений Панов. «Танкист-девица из Казани». Республика Татарстан. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել