Ալավերդու ջրհեղեղ, բնական աղետ Խորհրդային Միության կազմում գտնվող Խորհրդային Հայաստանի Թումանյանի շրջանի Ալավերդի քաղաքում, որը տեղի է ունեցել 1970 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը[1]։

Ալավերդու ջրհեղեղ
ՏեսակՋրհեղեղ
ՏեղադրանքԱլավերդի
ԵրկիրԹումանյանի շրջանի, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Տարեթիվօգոստոսի 14, 1970
ՊատճառԴեբեդ և Լալվար գետերի վարարում, սելաֆների ու հեղեղաջրերի հոսք

Հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբեդ, Լալվար գետերի վարարման, լեռնալանջերից հոսող սելաֆների ու հեղեղաջրերի հոսքերի հետևանքով Ալավերդի քաղաքի տարբեր թաղամասերում հսկայական ավերածություններ էին տեղի ունեցել[1]։

Աղետի պատճառած վնասներ

խմբագրել

Օգոստոսի 14 լույս 15-ի գիշերը Սանահին գյուղի վանքի տարածքում հավաքված սելաֆաջրերը քանդել են հենապատը, միախառնվել են այլ ձորակներով հոսող հեղեղաջրերի հետ, ուժգին հոսքով քարափից թափվել են Էնգելս թաղամասի վրա։ Հեղեղաջրերը սկզբում ավերել են թաղամասի հանրակացարանային փայտյա տնակները և ավերակները լցրել 26-րդ շենքի բակ, իսկ ջրի մակարդակը հասել էր շենքի 3-րդ հարկ, որի հետևանքով մեկ բնակիչ ջրահեղձ էր եղել[1]։

Լալվար գետակի վարարման հետևանքով ավերվել էին ափամերձ պահեստների շինություններ, 1-ին հարկի խանութներ, որոնցում առկա ապրանքները հայտնվել էին Դեբեդ գետում[1]։

Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասվել էին Երևան-Թիֆլիս երկաթգիծն ու ավտոճանապարհը, ինչի պատճառով երթևեկությունն անհնարին էր դարձել։ Վնասվել էր հիվանդանոցի, դատարանի և այլ պետական հաստատությունների, դպրոցի ու մանկապարտեզի, բնակելի շենքեր։ Հեղեղաջրերը լցվել էին շինությունների առաջին հարկերը, քշել այնտեղ առկա գույքը։ Ջրհեղեցից հետո քաղաքի փողոցներում առաջացել էին 1-ից 3 մետր հաստությամբ տիղմի շերտեր։ Ոչնչացվել էր քաղաքային զբոսայգին, ավտոճանապարհներ, վնասվել առանձնատներ։, առաջացել են սողանքներ ու փլուզումներ։ Արձանագրվել էին կենդանիների անկումներ[1]։

Աղետի հետևանքով հսկայական վնասներ էին կրել Հաղպատ և Սանահին կայարանները, ավերվել էր ջրմուղի, կոյուղու, էլեկտրամատակարարման, գազամատակարարման և կապի ցանցերը։ Լեռնամետալուրգիական կոմբինատի որոշ արտադրամասերի գործունեությունը, Ալավերդու հացի գործարանի աշխատանքը դադարեցվել էր։ Սելաֆվաջրերը լցվել էին նաև գարեջրի գործարանի էլեկտրաենթակայան, ջրի հոսքը քշել էր գարեջրով լցված տակառները, լիմոնադի շշերը[1]։

Աղետի վերացմանն ուղղված աշխատանքներ

խմբագրել

Օգոստոսի 15-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության Թումանյանի շրջանային կոմիտեի բյուրոյի, Ալավերդու քաղաքային խորհրդի և Թումանյանի շրջանային խորհրդի գործկոմների համատեղ նիստում ստեղծվեց աղետի հետևանքների վերացման շտաբ։ Նույն օրը Խորհրդային Հայաստանի կառավարությանը կից նույնպես ստեղծվեց աղետի վերացման շտաբ[1]։

Շրջանային և կառավարական շտաբների հանձնարարությամբ կազմավորվեցին կամավորական խմբեր, որոնք պետք է մաքրեին հեղեղների հետևանքով փողոցներում, այգիներում, շենքերի բակերում հայտնված տիղմը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել