Աթերտոն Մարտին (անգլ.՝ Atherton Martín, ), Դոմինիկայի հասարակական-քաղաքական գործիչ, գյուղատնտես և բնապահպան։ 1998 թվականին պարգևատրվել է «Գոլդմանի» բնապահպանական մրցանակով` արևադարձային անտառներում պղնձի արդյունահանման պլանային մասշտաբային գործողությունները կանխելու և բնական միջավայրը սպառնալիքներից պաշտպանելու ջանքերի համար[1]։

Աթերտոն Մարտին
Քաղաքացիություն Դոմինիկա
Մասնագիտությունբնապահպան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին Աթերտոն Մարտինն ավարտել է Նյու Յորք նահանգի Կորնելի համալսարանը։ Այդ ժամանակվանից ի վեր նա ընդգրկվել է նախագծերի մեծ ցուցակում, որի նպատակն էր համատեղել տնտեսական զարգացումը շրջակա միջավայրի պահպանության հետ։ 1970-ականներին անդամակցել է մի շարք ձախ ուժերի, այդ թվում՝ Դոմինիկյան Միացյալ կուսակցությանը, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը և Դոմինիկայի ազատագրման դաշինքին, որի առաջնորդն է դարձել կոալիցիային միանալուց և մեկ կուսակցություն ստեղծելուց հետո։ 1979 թվականի նախահեղափոխական պայմաններում աշխատել է որպես Դոմինիկայի գյուղատնտեսության նախարար Դոմինիկյան լեյբորիստական կուսակցությունից բաժանված Օլիվեր Սերաֆինի կոալիցիոն կաբինետում։ Աթերտոն Մարտինը կարևոր անձնավորություն է եղել Դոմինիկայի բնական պաշարները պաշտպանելու գործում, մասնավորապես օգտակար հանածոների գիշատչական արդյունահանման դեմ մղվող պայքարում։

1996 թվականին Դոմինիկայի խորհրդարանը հաստատել է հանքարդյունաբերության զարգացման մասին օրենքը, երբ Ավստրալիայի Broken Hill Proprietary ընկերությունը առաջարկել է պղնձի արդյունահանման խոշոր նախագիծ։ Չնայած Մարտինն այն ժամանակ քաղաքացիական ծառայության մեջ էր որպես Դոմինիկայի պլանավորման և զարգացման Կորպորացիայի տնօրեն, նա կարևոր դեր է խաղացել այդ ծրագրի դեմ պայքարում՝ պարզաբանելով դրա բացասական ազդեցությունը կղզու միջավայրի, տնտեսության և հասարակության վրա։ Այդ պատճառով էլ Մարտինը կորցրել է կառավարությունում իր պաշտոնը, և նրա կյանքին և ընտանիքին սկսել են սպառնալիքներ հնչեցնել։ Վերջապես 1997 թվականին նախագծին հակազդեցությունը հաջողությամբ է պսակվել և դադարեցվել է։

Դոմինիկայի կենտրոնական և հյուսիսային անտառային պաշարների պահպանման, ինչպես նաև բնական ռեսուրսների պաշտպանության և կայուն զարգացմանը աջակցելու գործում նրա ընդհանուր ներդրման համար 1998 թվականին Մարտինին շնորհվել է հեղինակավոր «Գոլդման» բնապահպանական մրցանակ։

2000 թվականի հունվարին Մարտինը վերադարձել է պետական ծառայության՝ որպես Գյուղատնտեսության, պլանավորման և շրջակա միջավայրի նախարար Ռոզի Դուգլասի (Դոմինիկյան լեյբորիստական կուսակցություն) կաբինետում` միևնույն ժամանակ շարունակելով իր աշխատանքը ֆերմերների և արտադրողների կոոպերատիվների զարգացման գործում (նաև եղել է Դոմինիկայի ֆերմերների միության գլխավոր քարտուղար)։ Աշխատանքի անցնելով, նա հայտարարել է, որ Դոմինիկայում և Կարիբյան ավազանում «1960-ականներից ի վեր ձևավորվել է հավատարիմ մարդկանց մի միջուկ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու իրենց ունակություններն ու լիազորությունները»[2]։

Սակայն, 2000 թվականի հուլիսին նախարարը հրաժարական է տվել իր երկրի և Կարիբյան հինգ այլ կղզիների պետությունների քվեարկության արդյունքում՝ Կետերի արդյունագործական որսի միջազգային հանձնաժողովի նիստում հանդես գալով Խաղաղ օվկիանոսի հարավային մասում կետերի արդյունագործական որսի փակ համակարգի ստեղծման դեմ[3]։ Այնուհետև Մարտինը դարձել է Բնության պահպանության Կարիբյան ասոցիացիայի նախագահ և Զարգացման ինստիտուտի գործադիր տնօրեն։

Երկեր խմբագրել

  • Martin, Atherton (1989). «Dominica». In: Meditz, Sandra W.; Hanratty, Dennis M. Islands of the Commonwealth Caribbean. a regional study. Col: Area handbook series. Federal Research Division — Library of Congress. pp. 261–290.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Islands and Island Nations 1998. Atherton Martin. Dominica. Oil & Mining». Goldman Environmental Prize. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. Leftist With `Mission' Takes Power in Caribbean / Dominica’s new leader says world has changed since his militant days
  3. DOMINICA: Environment Minister Quits Over Country’s Whale Sanctuary Vote