Ազգային թատրոն (Բուդապեշտ)

Ազգային թատրոն, Բուդապեշտի գլխավոր դրամատիկական թատրոնը։ Հիմնադրվել է 1837 թվականին։ Թատրոնի գոյության ժամանակահատվածում այն փոխել է մի քանի շինություններ։ Թատրոնի նոր շենքը բացվել է Ֆերենցվարոշ թաղամասում 2002 թվականին։ Նրա հասցեն է Գիզա Բայորի այգի, 1։

Ազգային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հունգարիա
Գտնվելու վայրըBudapest District IX?
Հիմնադրման ամսաթիվօգոստոսի 1, 2000[1]
Կայքnemzetiszinhaz.hu
 National Theatre (Budapest) (2000-) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Թատրոնի առաջին շենքը Կերեպեշի փողոցում
 
Լուիզա Բլախայի հրապարակի շենքը։ Քանդվել է 1965 թվականին։

Ազգային թատրոնի ստեղծման գլխավոր նախաձեռնողը եղել է կոմս Իշտվան Սեչենյին։ Թատրոն հիմնադրելու որոշումը Հունգարիայի խորհրդարանը կայացրել է 1836 թվականին։ 1837 թվականի օգոստոսի 22-ին թատրոնը բացվել է Կերեպեշի փողոցում հատուկ այդ նպատակով կառուցված շենքում։

Սկզբում թատրոնը կոչվել է «Պեշտի հունգարական թատրոն» (Pesti Magyar Színház), իսկ 1840 թվականին ստացել է «Ազգային թատրոն» անվանումը[2]։ Թատրոնի առաջին տնօրենը եղել է հայտնի գրող և քննադատ Յոզեֆ Բայզան, ավելի ուշ թատրոնը գլխավորել են Էդե Սիգլինետին և Էդե Պաուլաին։ Թատրոնի խաղացանկում սկզբնական շրջանում ընդգրկվել են ինչպես հունգարացի, այնպես էլ համաշխարհային դրամատուրգների գործերը, ինչպես նաև օպերային ներկայացումներ։ 1884 թվականին, երբ բացվել է Բուդապեշտի օպերան, Ազգային թատրոնը կենտրոնացել է դրամատիկական ստեղծագործությունների վրա։

1908 թվականին սկսվել է թատրոնի շենքի ձևափոխումը, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով շենքի շինարարությունը վերաջնականապես չէր էլ ավարտվել։ Թատերախումբը տեղափոխվել է Լուիզա Բլախայի հրապարակում գտնվող «Ժողովրդական թատրոնի» շենք, որտեղ ելույթ է ունեցել մինչև 20-րդ դարի 60-ական թվականները։ 1965 թվականին թատրոնի կիսախարխուլ շենքը քանդվել է, քանի որ խանգարել է Բուդապեշտի մետրոպոլիտենի գծերին[2]։ Ազգային թատրոնի թատերախումբը երկու տարի ելույթ է ունեցել «Պետեֆիի թատրոնում», այնուհետև նրան տրվել է նախկին «Հունգարական թատրոնի»՝ Շանդոր Հեվեշի հրապարակում գտնվող շենքը։

Այս ժամանակներից ի վեր՝ պարբերեբար առաջ է քաշվել նոր շինության խնդիրը։ Նախագիծ ստեղծելու ու թատրոնի տեղանքը որոշելու մի քանի փորձեր են կատարվել, սակայն գործընթացը ձգձգվել է ոչ բավարար ֆինանսական միջոցների և կառավարության շրջանում հարցի շուրջ եղած հակասությունների պատճառով։ Միայն 2000 թվականին է հաստատվել նոր շենքի նախագիծը և դրա համար տարածք հատկացվել Ֆերենցվարոշ թաղամասում։ Թատրոնի նոր շենքը հանդիսավոր ձևով բացվել է 2002 թվականի մարտին[2]։

Շինություն խմբագրել

Նոր շենքի շինարարությունը սկսվել է 2000 թվականի սեպտեմբերի 14-ին և տևել մոտ 15 ամիս։ Նախագծի հեղինակը Մարիա Շիկլոշն է։ Նոր շենքում դերասանների փորձերը սկսվել են 2002 թվականի հունվարի 2-ից, իսկ նույն թվականի մարտի 15-ին տեղի է ունեցել թատրոնի շենքի հանդիսավոր բացումը։ Ինքնատիպ է թատրոնի գլխավոր ճակատամասը․ թատրոնի գլխավոր մուտքի առաջ գտնվող հրապարակն ունի նավի քթամասի տեսք, որը շրջապատված է արհեստական ջրավազանով։

Թատրոնի մակերեսը՝ բացօդյա բեմով, 20,844 մ² և կազմված է երեք մասերից՝ գլխավոր բեմով դահլիճից, U-աձև տեխնիկական հատվածից և թատրոնի շրջակա այգուց, որտեղ բացի բաց բեմից՝ կան թատերական թեմայով քանդակներ[3]։ 2005 թվականին թատրոնից ոչ հեռու բացվել է Արվեստների պալատը։

Գլխավոր սրահը նախատեսված է 619 հանդիսատեսի համար։ Ունի 24 մ երկարություն, 17,9 մ լայնություն, 28 մ բարձրություն։ Բեմի՝ հանդիսատեսին տեսանելի հատվածը 12х7 մ է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Az intézmény alapító okirata - Nemzeti Erőforrás Minisztériuma
  2. 2,0 2,1 2,2 «National Theater site. Historical overview». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «National Theater site. The building». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային թատրոն (Բուդապեշտ)» հոդվածին։