«Հայ արվեստ» թատերախումբ, թատերախումբ, որը ձևավորվել է Նյու Յորքում, գլխավորապես դերասան Հովհաննես Զարիֆյանի շուրջ[1]։ Կարծիք կա, որ թատերախումբն ստեղծել են Մկրտիչ Թոփալյանը և Արտավազդ Գույումճյանը[2], որոնք թատերախումբ ստեղծելու միտք ունեցել են 1930 թվականի ամռանը։ Նրանք հոգացել են թատերախմբի նյութական որոշ հարցեր և ղեկավարումը հանձնել Հովհաննես Զարիֆյանին։

Ամերիկահայ թերթերից մեկը, անդրադառնալով խմբի ստեղծման փաստին, գրել է.

Ասկե քանի մը ամիս առաջ հանգամանորեն ներկայացնելով ամերիկահայ թատերական բեմի ոչ մխիթարական վիճակը, զայն իր կոչումին բարձրության հասցնելու համար պետքը շեշտած էինք թատերասիրաց միության մը կազմության։ Այժմ ուրախությամբ կլսենք որ կարգ մը թատերասերներ սրտացավ հետաքրքրությամբ իրարու մոտ եկած ու համակամ որոշումով կազմած են «Հայ արվեստի թատերախումբը», ղեկավարությամբ Հ. Զարիֆյանի»[3]։

Ներկայացումներ խմբագրել

Թատերախմբի բեմադրած առաջին ներկայացումը եղել է Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» ստեղծագործությունը։ Ըստ ժամանակակիցների վկայությունների` բեմադրությունը դրական արձագանք է ունեցել, արժանացել մի շարք թատերախոսականների։ Չնայած այս ստեղծագործությունը բազմաթիվ անգամներ բեմադրված է եղել ամերիկահայ գաղութում, սակայն դրա դրական ընդունելությունն առավելապես նպատակ է ունեցել քաջալերել նորաստեղծ թատերախմբին։

Թատերախմբի երկրորդ ներկայացումը Ժանին Մեյի «Արկածախնդրություն» դրաման էր, որին ժամանակի մամուլն արձագանքել է իբրև «Զարիֆյանի կողմից հիմնականում հայ կյանքը ներկայացնող ինքնուրույն գործեր բեմադրելու փորձ»։

Խումբը իր երրորդ ներկայացումը տվել է նոյեմբերի 16-ին, որը եղել է Անիթա Լուսի «Բամբասանք» կատակերգության բեմադրությունը, որը մամուլի կողմից համարվել է խմբի ամենահաջողված ներկայացումը։ Այս բեմադրությանը մասնակցել են Զարիֆյան ամուսինները[4]։

Ֆինանսական խնդիրներ և փակում խմբագրել

Ժամանակի մամուլի վկայություններից պարզ է դառնում, որ թատերախումբն ունեցել է ֆինանսական խնդիրներ և կարիք է ունեցել աջակցության։

  Որքան լավ կլիներ, եթե «Հայ արվեստ» թատերախումբը իր թիկունքում ունենար նյութապես ապահով մի հովանավորող մարմին։ Ժամանակն է, որ ստեղծվի նման մի մարմին և հնարավորություն տա վարձատրելու խաղացողներին։ Վարձատրել և նոր միայն պահանջել լավագույն դերակատարում, մի իրավիճակ, ուր գտնված է կովկասահայ բեմը, հայության տալով Աբելյանի, Զարիֆյանի, Արմենյանի, Սևումյանի և անոնց նման սիրված դերասաններ[5]։  

«Հայ արվեստ» թատերախումբը գործել է երեք ամիս միայն` 1930 թվականի սեպտեմբերից մինչև նույն թվականի նոյեմբերի վերջ։ Ըստ Զարիֆյանի` թատերախումբը 1930 թվականի դեկտեմբերից արդեն գոյություն չի ունեցել[6]։

Այս թատերախմբի քայքայումից հետո Հովհաննես Զարիֆյանը համագործակցություն է փնտրել Ամերիկայում գործող մի շարք այլ թատերախմբերի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Ստեփանյան, Ամրիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 168-181
  2. «Հայաստանի կոչնակ», 1930, համար 41
  3. «Հայրենիք», 1930, սեպտեմբերի 26
  4. «Հայաստանի կոչնակ», 1930, համար 49
  5. «Հայաստանի կոչնակ», 1930, համար 45
  6. ԵՉԳԱԹ, Հովհ. Զարիֆյանի ֆոնդ