Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաձոր (այլ կիրառումներ)

Հայկաձոր (ռուս.՝ Гай-Кодзор - Գայ-Կոձոր), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ։ Գտնվում է Անապայից 9 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 142 մ բարձրության վրա, նախալեռներում։ Հայկաձորի գյուղական օկրուգի վարչական կենտրոնն է։

Գյուղ
Հայկաձոր
Гай-Кодзор
Հայկաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին, խաչքարի տոն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգԱնապայի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1908 թ.
Այլ անվանումներմինչև 1925Գալկինա Շչել
Տվյալ կարգավիճակում1925 թվականից
ԲԾՄ142 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն2968 մարդ (2010[1])
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհայկաձորցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ(+7)86133
Փոստային դասիչ353433
Ավտոմոբիլային կոդ23, 93
ՕԿԱՏՕ032 038 062
Հայկաձոր (Ռուսաստան) (Ռուսաստան)##
Հայկաձոր (Ռուսաստան) (Ռուսաստան)
Հայկաձոր (Ռուսաստան) (Կրասնոդարի երկրամաս)##
Հայկաձոր (Ռուսաստան) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչություն և տնտեսություն խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 2917 բնակիչ, իսկ 2010 թվականին, գյուղում արդեն ապրում էր 2968 մարդ, հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի և արևածաղկի մշակությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ և անասնապահությամբ։

Խորհրդային տարիներին գյուղի կոլտնտեսությունն ամենահարուստներից մեկն էր։ Ներկայումս զարգացած է հատկապես խաղողագործությունը, որը զբաղեցնում է շուրջ 70 հեկտար հողատարածք։ Խաղողի 14 տեսակներ բերվել են Ֆրանսիայից, որոնք նախկինում Ռուսաստանում չէին աճեցվում։ Գինեգործության փոքրածավալ արտադրությունը գյուղի տնտեսությանը թույլ է տալիս ստանալ բարձր որակի գինու տեսականի։

Պատմությունը խմբագրել

Գյուղի տարածքում 1908 թվականին առաջացած բնակավայրն ի սկզբանե կոչվել է Գալկինա Շչել` այդ տարածքը վարձակալությամբ տրամադրող կալվածատիրոջ անունով (Գալկին)։ Վերջինս հողատարածքը իր հերթին վարձակալել էր Ռաևսկայա ստանիցայի կազակներից` 1880-ական և 1915-1916 թվականներին։ Այդ նույն 1915-1916 թվականներին, այստեղ հաստատվել են մի քանի տասնյակ հայ ընտանիքներ, ովքեր գաղթել էին Տրապիզոնից։

Հայկաձորը հիմնադրվել է Գալկինա Շչել բնակավայրի հողատարածքի վրա, որտեղ հիմնադրվել էին նաև հինգ այլ հայկական փոքրիկ խուտորներ, որոնց թվում էր նաև Աշխատանքը։ Նշված գյուղերում բնակչության աճի արդյունքում և բնակավայրի մեծանալուն զուգընթաց, նպատակ է դրվել կառուցել դպրոց, մանկապարտեզ, ակումբ և բուժկայան։ 1925 թվականի հոկտեմբերի 8-ին, բնակիչների որոշմամբ գյուղն անվանափոխվել է և դարձել Հայկաձոր[2]։

Մշակույթը խմբագրել

Ներկայումս գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ և բուժկայան։ Գործում է հայկական «Աղբյուր» պարի խմբակը, որը ելույթներ է ունենում Կրասնոդարի երկրամասում նշվող հայկական տոնախմբությունների, ինչպես նաև մունիցիպալ կազմավորման կողմից նշվող զանգվածային արարողությունների ժամանակ։ Պարի խմբակը ելույթներ է ունենում ազգային տարազով, ունի իր մեծածավալ պարացանկն ու երգացանկը։

Գյուղում գտնվում է նաև «Արին-Բերդ» հայկական մշակութային կենտրոնը։ Դա մշակութային համալիր է, որը ներառում է ռեստորան, հանդիսությունների սրահ, սրճարան, հայկական շուկա, ելույթների համար նախատեսված բացօթյա սրահ։ Համալիրը կառուցվել է 2008 թվականին՝ գյուղի 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակներում։ Այն կառուցված է Տիգրան Մեծի ժամանակների ոգով, իսկ մուտքի մոտ հյուրերին դիմավորում են սեպուհների և ազատների ոճով հագնված աշխատակիցները։ Համալիրում, հայկական տոների առիթով մշտապես իրականացվում են տոնախմբություններ, ինչպես նաև կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Ելույթներ են ունենում նաև հայկական մշակութային համույթներն ու խմբերը։

Կրոն խմբագրել

1997 թվականին գյուղում կառուցվել է հայկական եկեղեցի (Սուրբ Սարգիս), որտեղ տեղադրված է նաև խաչքար։ Յուրաքանչյուր տարի, մայիսի վերջին կիրակի օրը, նշվում է «Խաչքարի օրը»։

Եկեղեցու կողքին կառուցվել է ժամատուն (Սուրբ Գևորգ), որն օծվել է 2016 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։