Կլիմա- թեքություն), տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնություն։ Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ։

Տարվա ընթացքում սեզոնային փոփոխությունների անիմացիա
Կլիմայական գոտիների քարտեզ՝ ըստ Կյոպպենի դասակարգման

Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը։ Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են։ Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արևոտ ու չափավոր տաք։ Դա կրկնվում է ամեն տարի։ Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը։

Կլիմատիկ գոտիներ խմբագրել

 
Ատլանտյան օվկիանոսի կլիմայական գոտիները

Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը։ Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերևույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ։ Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ։

Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23°30՛) և հարավային (հվ. լայն. 23°30՛) արևադարձերի միջև։ Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն։ Սա տաք գոտին է։ Գոտու ստույգ սահմանը 20 °C-ի իզոթերմերն են։

Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռային շրջագծից (հս. լայն. 66°30՛) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66°30՛) դեպի հարավ։ Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել։ Սրանք ցուրտ գոտիներն են։

Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին։ Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10 °C-ի իզոթերմը։ Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով։

Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6 °C-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում։ Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը։ Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ։

Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև Հայաստանում։

Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը։ Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը։ Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին։ Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250–300 մմ տեղումներ։ Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը։ Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա։ Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ։ Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները։

Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները։ Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ։

Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ։ Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 միլիարդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 479