Կենդանական պաշարներ, աշխարհագրական որոշակի տարածքում առկա կենդանատեսակների և համակեցությունների օգտագործման ենթակա քանակություն։

Կենդանական պաշարների տեսակներ խմբագրել

Ըստ նշանակության՝ կենդանական պաշարները լինում են որսաարդյունագործական, բնապահպանական, գիտական, մշակութային և գեղագիտական։

Որսաարդյունագործական պաշարներ խմբագրել

Որսաարդյունագործական կենդանիները որսվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում (գյուղատնտեսություն, բժշկություն, սննդի, թեթև, քիմիադեղագործական արդյունաբերություն)։ ՀՀ-ում հանդիպող կաթնասուններից որսի օբյեկտ են բեզոարյան այծը, այծյամը, ճահճակուղբը, կզաքիսը, աքիսը, շնագայլը, աղվեսը, անտառային կատուն, նապաստակը և այլն, թռչուններից՝ կովկասյան մայրեհավը, քարակաքավը, մոխրագույն կաքավը, թխակապույտ աղավնին, կռնչան բադը, սուզաբադը, կտցարների որոշ տեսակներ, սև փարփարը, լորը, արոսը և այլն։ ՀՀ ջրավազանները (բնական և արհեստական) հարուստ են արժեքավոր ձկնատեսակներով՝ իշխան, կողակ, բեղլու, կարմրախայտ, ծածան, հաստաճակատ, սիգ և այլն, և ծովային կենդանատեսակներով՝ խեցգետին, ծովային խեցգետին և այլն։ Արդյունագործական ձկնորսության 90%-ն իրականացվում է Սևանա լճում։ 2004 թվականին ձկան որսը կազմել է 512 տ, խեցգետնինը՝ 69 տ։

Բնապահպանական պաշարներ խմբագրել

Բնապահպանական (միջավայրաստեղծ) կենդանիներն ունեն կարևոր էկոլոգիական նշանակություն։ Մեծ է միջատների դերը բույսերի փոշոտման, ինչպես նաև բուսաբուծության զարգացման գործում։ Բազմաթիվ կենդանիներ ոչնչացնում են վնասակար միջատներին ու կրծողներին, մյուսները կատարում են սանիտարների դեր. շրջակա բնական միջավայրը մաքրում են թույլ և հիվանդ կենդանիներից։ Հողում բնակվող մի շարք կենդանիներ փխրեցնում են հողը, բարելավում կառուցվածքը։ Ջրում բնակվող փափկամարմինների և խեցգետնակերպների որոշ տեսակներ մաքրում են ջրավազանները թունավոր նյութերից։ Որոշ փափկամարմիններ օգտագործվում են որպես կեր ընտանի կենդանիների և թռչունների համար։

Գիտական, մշակութային, գեղագիտական պաշարներ խմբագրել

Գիտական, մշակութային, գեղագիտական արժեք ունեցող կենդանաբանական հավաքածուները ցուցադրվում են թանգարաններում, կենդանաբանական այգիներում, կրկեսում, գիտահետազոտական նպատակներով օգտագործվում ուսումնական և ԳՀ հաստատություններում։

Կենդանական պաշարների նվազում խմբագրել

Չկարգավորված օգտագործման և բնակմիջավայրերի էկոլոգիական պայմանների վատթարացման հետևանքով կենդանական պաշարները նվազել են. որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և գրանցվել ՀՀ կենդանիների Կարմիր գրքում. կենդանական պաշարների պահպանության և պաշտպանության հիմնական խնդիրներն են կենդանական աշխարհի տեսակային բազմազանության ամբողջականության պահպանումը, կենդանական աշխարհի օբյեկտների տնտեսական նպատակներով շահագործումը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը, հիվանդություններից ու բնական աղետներից պաշտպանումը և այլն։ Կենդանական պաշարների պահպանության և վերարտադրության հիմնական միջոցառումներն են որսի կարգավորումը (պետք Է կատարել հատուկ կանոնակարգով, որոշակի ժամկետներում, որոշակի քանակներով, իսկ որոշ դեպքերում պետք Է ընդհանրապես արգելել), կենդանիների բնակմիջավայրերի, տեղաշարժման ուղիների և բնադրավայրերի պահպանումը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների, արհեստական ջրավազանների, գետերում շրջանցման հատուկ ջրանցքների (ձկների համար) ստեղծմամբ, գետերի «ծանծաղման» կանխմամբ, կենսատեխնիկական միջոցառումների կիրառումը՝ սմբակավորների համար կերաբույսերի ցանքը, ջրում բնակվող կենդանիների համար՝ ջրային բույսերի, առափնյա ճահճային բույսերի և թփուտների ցանքը, ձմռանը կենդանիների կերակրումը, կենդանիների կլիմայավարժեցումն ու վերաբնակեցումը, արժեքավոր կենդանատեսակների թշնամիների ոչնչացումը, կենդանիների պաշտպանությունը պեստիցիդներից (բույսերի վնասատուների դեմ պայքարը ոչ թե քիմիական, այլ կենսաբանական միջոցներով), նավթամթերքներից, ճառագայթաակտիվ նյութերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։