Ֆուրման Գյորգյան (ազատամարտիկ)
Ֆուրման Արկադիայի Գյորգյան (օգոստոսի 28, 1973 – սեպտեմբերի 29, 1992), հայ ազատամարտիկ
Ֆուրման Գյորգյան | |
---|---|
1973-1992 | |
Ծննդավայր | Վերին շեն |
Մահվան վայր | Շահումյան |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | հայ |
Ծառայության տարիներ | 1991-1992 |
Պարգևներ | ՀՀ Արիության մեդալ |
Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 28-ին ԼՂՀ Վերին Շեն գյուղում։ 1979 թվականին հաճախել է Վերին Շենի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1982 թվականին Գյորգյանների ընտանիքը տեղափոխվել է Շահումյան շրջկենտրոն, որտեղ ուսումը շարունակել է թիվ 1 միջնակարգ դպրոցում։
Արցախյան շարժման սկզբից Ֆուրման Գյորգյանը դարձել է նրա ակտիվ մասնակիցներից մեկը։ 1988 թվականին անդամագրվել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատին։ 1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Երևանում անդամակցել է Շահումյան-Գետաշեն Հայրենակցական միությանը և օգնել է Արցախ զենք տեղափոխելուն։ 1992 թվականի հուլիսին զինվորագրվել է Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ Երևանում ստեղծված պարտիզանական ջոկատին։
ԵՊՀ-ում առաջին կիսամյակի քննությունները հանձնելուց հետո մեկնել է Շահումյան, մասնակցել տեղի ինքնապաշտպանական մարտերին։ 1992 թվականի ապրիլի վերջին նա վերադարձել է Երևան՝ համալսարանում երկրորդ կիսամյակի քննությունները հանձնելու համար։
Ֆուրման Գյորգյանը զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Շահումյան մեկնող ուղղաթիռի վթարից։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում։
ՀՀ նախագահի 2002 թվականի հունիսի թիվ 1106 հրամանագրով Ֆուրման Գյորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Նույն թվականին ԼՂՀ նախագահի թիվ 340 հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 2007 թվականի նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Ֆուրման Գյորգյանի անունով[1]։