Ֆլավիա Բերտոցիի սպանություն

Ֆլավիա Բերտոցիի սպանություն, 2002 թվականի դեկտեմբերի 3-ին Պոնտե-Կապրիասկա (Շվեյցարիա) քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործություն։ Շվեյցարացի սահմանապահի հղի կինը՝ 31-ամյա Ֆլավիա Բերտոցին, սպանվել է իր սեփական բնակարանում` Վոլգոգրադի մարզի բնակիչ, նախկին դեսանտավոր 33-ամյա Ալեքսանդր Բակաևի կողմից, Գերմանիայի և Ռումինիայի քաղաքացի գործարար Կլաուս Օպրիսի պատվերով[1]։

Ֆլավիա Բերտոցիի սպանություն

Նախապատմություն խմբագրել

Երկվորյակների սպասող հղի կնոջ սպանության պատճառ է դարձել Կլաուս Օպրիսի և Ֆլավիայի ամուսնու՝ Անդրեա Բերտոցիի վեճը, որը տեղի է ունեցել 2002 թվականի մարտի 31-ին։ Գերմանիայի և Ռումինիայի քաղաքացի Կլաուս Օպրիսը Ֆրանկֆուրտից Ժնև էր գնում մեքենայով։ Շվեյցարացի ծառայողները մաքսատանը խուզարկել են նրա մեքենան։ Խուզարկության ժամանակ մաքսավորները առգրավել են դանակը, որն արգելված է երկիր ներկրելու համար։ Կլաուս Օպրիսը վրդովված է եղել, լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում Օպրիսի քիթը կոտրվել է։ Նա նաև ստիպված է եղել 50 ֆրանկի չափով տուգանք վճարել։ Օպրիսը պաշտոնական բողոք է ներկայացրել, սակայն մաքսավորների գործողությունները ճանաչվել են օրինական։

Օրինախախտը խոստացել է վրեժխնդիր լինել հանցագործներից, որոնցից մեկը եղել է եֆրեյտոր Անդրեա Բերտոցին։ Իր ծանոթների օգնությամբ Կլաուս Օպրիսը Ռումինիա է կանչել Մոլդովայի չորս քաղաքացիների, որոնց խոստացել է 2 հազարական եվրո վճարել, եթե նրանք ծեծեն հանցագործներին։ Սակայն Ֆրանկֆուրտ է ժամանել միայն Ալեքսանդր Բակաևը[2]։

Սպանություն խմբագրել

Ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 3-ին։ Ինչպես նկարագրվում է դատախազության նյութերում, երեկոյան ժամը 9-ի սահմաններում Օպրիսը և Բակաևը, զինված ատրճանակներով և դանակներով, ներխուժել են սահմանապահ Անդրեա Բերտոցիի տուն։ Ինքը՝ Անդրեան, հերթապահ էր, բնակարանում նրա հղի կինը՝ Ֆլավիան էր, ընկերուհու հետ։ Կանանց կապել են աթոռներին և սոսնձել նրանց բերանները։ Մտածելուց հետո Օպրիսը դիմել է Բակաևին և նշան է արել` ձեռքի ափն անցկացրելով կոկորդի վրայով։ Բակաևն առանց վարանելու սպանել է հղի կնոջը։

Երկրորդ կնոջը ողջ են թողել՝ հրահանգելով հայտնել Անդրեա Բերտոցիին, թե ինչի համար են սպանել նրա կնոջը[3]։

Ձերբակալություն խմբագրել

Կլաուս Օպրիսն ընտանիքի հետ փախուստի փորձ է արել, սակայն ձերբակալվել է Բուխարեստում։ Ալեքսանդր Բակաևի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Շվեյցարիայի իշխանությունները նրան բռնելու համար 50 հազար եվրո պարգևավճար են նշանակել։ Քննությանը հայտնի է եղել, որ սպանությունից հետո Բակաևը մեկնել է Մոլդովա, որտեղ նրա հետքը կորել է։ Հանցագործին հաջողվել է ձերբակալել միայն 2003 թվականի օգոստոսի 4-ին, Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի հսկիչ անցակետերից մեկում։

Դատավճիռ խմբագրել

Կլաուս Օպրիսը դատապարտվել է կալանքից անմիջապես հետո։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման[4]։

Ալեքսանդր Բակաևին դատել են Ռուսաստանում։ Դատական նիստերը հետաձգվել են մինչև 2007 թվականը։ Մոսկվայի քաղաքային դատարանը ամբաստանյալին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Բակաևը բողոք է ներկայացրել Գերագույն դատարան։ Սակայն տուժողների ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Լիննիկովը հայտարարել է, որ մտադիր է հասնել պատժի խստացմանը․ «Դատախազը խնդրել է Բակաևին ցմահ ազատազրկում նշանակել։ Դա այն է, ինչին նա արժանի է»[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Киллер-интернационалист». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. ««Macelarul din Elvetia», judecat». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Киллер-интернационалист — Известия». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «Omicidio Ponte Caprisca: presunto sicario nega accuse». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Предъявлено обвинение убийце жены швейцарского пограничника». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «20 лет заключения за убийство беременной женщины». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.