Ֆիզիկական զարգացում, աճի դինամիկ գործընթաց (մարմնի երկարության և քաշի ավելացում,օրգանների և օրգան-համակարգերի զարգացում և այլն) և երեխայի կենսաբանական հասունացումը մանկության որոշակի ժամանակահատվածում[1]։ Մարմնի ձևաբանական և ֆունկցիոնալ հատկությունների[2] (աճի արագություն, մարմնի զանգվածի աճ, մարմնի տարբեր մասերի և դրանց համամասնությունների ավելացման որոշակի հաջորդականություն, ինչպես նաև զարգացման որոշակի փուլում տարբեր օրգանների հասունացում), որոնք հիմնականում ծրագրավորված են ժառանգական մեխանիզմներով և իրականացվում են որոշակի պլանով կենսագործունեության օպտիմալ պայմաններում[1]։

ԱՄՆ բանակում ֆիզիկական զարգացման գնահատում, հասակի չափում և կշռում:

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Ֆիզիկական զարգացումը արտացոլում է մարմնի աճի և զարգացման գործընթացները հետծննդյան օնտոգենեզի (անհատական զարգացման) առանձին փուլերում, երբ առավել ցայտուն կերպով տեղի են ունենում գենոտիպային ներուժի փոխակերպումները ֆենոտիպային դրսևորումներում։ Մարդու ֆիզիկական զարգացման և մարմնակազմության առանձնահատկությունները մեծապես կախված են նրա կազմվածքից։

Ֆիզիկական զարգացումը, ծնելիության, հիվանդության և մահացության հետ մեկտեղ, բնակչության առողջության մակարդակի ցուցանիշներից մեկն է[2]։ Օրգանիզմի աճի և զարգացման պրոցեսները ժառանգականորեն դետերմինացված են, սակայն օնտոգենեզի ընթացքում տարբեր գործոնների ազդեցությունից հնարավոր են մի շարք փոփոխություններ։ Ֆիզիկական և սեռական զարգացման գործընթացները փոխկապակցված են և արտացոլում են աճի ու զարգացման ընդհանուր օրինաչափությունները, բայց միևնույն ժամանակ զգալիորեն կախված են սոցիալական, տնտեսական, սանիտարահիգիենիկ և այլ պայմաններից։

Գիտնականների համոզմամբ երեխաների ֆիզիկական զքարգացումն է իրապես արտահայտում երեխայի կամ դեռահասի առողջական վիճակը, և հենց այդ տարիքն էլ տարբերվում է օնտոգենեզի մյուս փուլերից օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ և հոգեկան բնութագրի արագընթաց փոփոխություններով[3]։

Ֆիզիկական զարգացման տակ հասկանում են անընդհատ տեղի ունեցող կենսաբանական գործընթացները։ Յուրաքանչյուր տարիքային փուլում դրանք բնութագրվում են որպես մի ամբողջություն մարմնի ձևաբանական, ֆունկցիոնալ, կենսաքիմիական, հոգեկան և այլ հատկությունների արտաքին միջավայրի հետ կապված որոշակի համալիրով և դրանով պայմանավորված ֆիզիկական ուժերի պաշարով։ Ֆիզիկական զարգացման դրական մակարդակը զուգորդվում է ֆիզիկական և հոգեկան պատրաստվածության բարձր ցուցանիշներով։

Անբարենպաստ գործոնները, որոնք ազդում են ներարգանդային շրջանում և վաղ տարիքում, կարող են խանգարել օրգանիզմի զարգացման հաջորդականությունը, երբեմն առաջացնելով անդառնալի փոփոխություններ։ Այսպիսով, երեխայի ինտենսիվ աճի և զարգացման ժամանակահատվածում արտաքին միջավայրի գործոնները (սնուցման, դաստիարակության, սոցիալական, հիվանդությունների առկայությունը և այլն) կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ աճի վրա, քան գենետիկական կամ այլ կենսաբանական գործոնները[1]։

Հիմնական պարամետրեր

խմբագրել

Ֆիզիկական զարգացման գնահատման հիմքում ընկած են աճի, մարմնի քաշի, մարմնի առանձին մասերի զարգացման համամասնությունները, ինչպես նաև նրա օրգանիզմի ֆունկցիոնալ ունակությունների զարգացման աստիճանը (թոքերի կենսունակությունը, ձեռքի դաստակների մկանային ուժը և այլն, մկանների և մկանային տոնուսի զարգացումը, կեցվածքի վիճակը, հենաշարժիչ ապարատը, ենթամաշկային ճարպային շերտի զարգացումը, հյուսվածքների տուրգորը), որոնք կախված են օրգանների և հյուսվածքների բջջային տարրերի տարբերակումից, հասունության, նյարդային համակարգի ֆունկցիոնալ ունակությունների և էնդոկրին ապարատից[4]։ Պատմականորեն, ֆիզիկական զարգացումը հիմնականում կապվել արտաքին ձևաբանական հատկանիշների հետ[5]։

Ֆիզիկական նախապատրաստվածություն և պատրաստվածություն

խմբագրել

Քանի որ «ֆիզիկական զարգացում» և «ֆիզիկական պատրաստվածություն» հասկացությունները հաճախ շփոթություն են առաջացնում, հարկ է նշել, որ ֆիզիկական պատրաստվածությունը ֆիզիկական աշխատանքի արդյունք է, որը ձեռք է բերվել շարժողական գործողություններ կատարելիս, որոնք անհրաժեշտ են մարդու մասնագիտական կամ սպորտային գործունեության յուրացման կամ կատարման համար։

Օպտիմալ ֆիզիկական նախապատրաստվածությունը կոչվում է ֆիզիկական պատրաստվածություն։

Ֆիզիկական պատրաստվածությունը բնութագրվում է օրգանիզմի տարբեր համակարգերի (սիրտ-անոթային, շնչառական, մկանային) ֆունկցիոնալ հնարավորությունների և հիմնական ֆիզիկական հատկանիշների (ուժ, տոկունություն, արագություն, ճարպկություն, ճկունություն) զարգացման մակարդակով։ Ֆիզիկական պատրաստվածության մակարդակի գնահատումն իրականացվում է ուժի, տոկունության և այլ հատուկ ստուգողական վարժությունների (թեստերի) ցույց տրված արդյունքների հիման վրա։ Թեստերի հավաքագրումը և բովանդակությունը պետք է համապատասխանեն տարիքին, սեռին, մասնագիտական ոլորտին, որն էլ իր հերթին պետք է կախված լինի  կիրառվող ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրից և նպատակից։

Ֆիզիկական աշխատունակություն

խմբագրել

Մարդու աշխատունակությունը տվյալ գործառույթն այս կամ այն արդյունավետությամբ կատարելու ունակությունն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 А. В. Мазурин, И. М. Воронцов. Пропедевтика детских болезней. — 1-е изд. — М.: Медицина, 1986. — С. 29-30. — 432 с. — 100 000 экз.
  2. 2,0 2,1 Физическое развитие հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. «Ֆիզիկական զարգացում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Малявская С. И. Оценка физического развития и полового созревания девочек. Материалы 36-й областной научно-практической конференции педиатров Архангельской области. Արխիվացված 2007-09-29 Wayback Machine Архангельск, 26-28 апреля 2005 г. (часть 1).
  5. Спортивна медицина: учеб. для ин-тов физ. культ./Под ред. В. Л. Карпмана. М.: Физкультура и спорт, 1987. — 304 с.

Արտաքին հղումներ

խմբագրել