Ֆեցիալներ կամ Ֆետիալներ (լատին․՝ fetiales-ից), Հռոմում քրմական կոլեգիա, որի վրա դրված էր պատերազմի հայտարարումը և հաշտության կնքումը կրոնական ծեսերով սրբագործելու պարտականությունը։ Ֆեցիալներ ընտրվում էին ցմահ առավել ազնվական ընտանիքներից, և նրանց անձը համարվում էր անձեռնմխելի։ Պատերազմ հայտարարելը ուղեկցվում էր հետևյալ ծեսով. ֆեցիալներից մեկը, որպես դեսպան ուղարկվում էր թշնամու երկիրը և պահանջում էր բավարարել հռոմեացիների պահանջները։ Դեսպանության ընթացքում իր անվտանգությունը ապահովելու համար ֆեցիալներից մեկը (լատին․՝ verbenarius) իր մոտ պահում էր Հռոմում հավաքված հող ու խոտ։ Մերժման դեպքում ֆեցիալը մեկնում էր սահմանից այն կողմ և թշնամու կողմը նետում արյունաթաթախ նիզակ, որից հետո պատերազմը համարվում էր արդարացի (լատին․՝ bellum iustum, bellum pium)։ Խաղաղություն հաստատելիս ֆեցիալներից մեկը խոզ էր մորթում քարե դանակով (վկայություն պաշտամունքի խոր հնության մասին)։ Ֆեցիալների կոլեգիայի հաստատումը վերագրվել է առասպելական թագավորներ Նումա Պոմպիլիոսին կամ Անկոս Մարկիոսին։ Ֆեցաիլների կոլեգիաներ գոյություն ունեցել են ոչ միայն Հռոմում, այլև Իտալիայի շատ ուրիշ քաղաքներում։

Կենտրոնում ֆեցիալներ ծիսակատարությունը, Էսկվիլինի Նեկրոպոլիսի որմնանկարներից։