Օրիորդ Լիզա պատմվածք, Ալեքսանդր Շիրվանզադեի՝ 1884 թվականին գրված ստեղծագործություն։

Օրիորդ Լիզա
Տեսակպատմվածք
ՀեղինակԱլեքսանդր Շիրվանզադե
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1884
ԿերպարներԱրզաս Պետրովիչ Մագսուտյան, Մարտին Բուղդանիչ Բադամով, Գևորգ Մինաևիչ Շանաբանդյան, Օրիորդ Լիզա, Եվգենյա-Ժենյա, Սեթյան

Սյուժե խմբագրել

Բժիշկ Արզաս Պետրովիչ Մարգարյանը իր կյանքից մի դրվագ է պատմում Գևորգ Մինաևիչ Շանաբադյանին և փորձում արդարացնել իր՝ իգական սեռի թշնամի դառնալը։ Եվ այդ ամենը նրա գլուխն է մտել կյանքի մի փաստից[1]։ Արզաս Պետրովիչը պատմում է, թե ինչ ճակատագրական հետևանքներ ունեցան իր կյանքում պաշտոնաթող եղած հայ չինովնիկ Մարտին Բուղդանիչ Բադամովի հետ իր ծանոթությունը։ Հանգամանքները այնպես են դասավորվում, որ հերոսի և չինովնիկի 25-ամյա աղջկա՝ Լիզայի միջև փոխադարձ սեր է արթնանում, որին վիճակված չէր երկարատև ընթացք։ Չնայած այն փաստին, որ նա համակրողների պակաս չի ունեցել, սակայն ոչ ոքի չի ընտրել, քանի որ, ինչպես ինքն է ասում, ոչ մեկի չի հաջողվել նրա աչքին երևալ որպես ուժի և զորության աղբյուր։ Լիզան կնոջ հավասարությունը տղամարդու հետ համարում էր անհեթեթություն և գտնում, որ կինը պետք է հնազանդ լինի և կատարի տղամարդու ցանկությունները։ Լիզան՝ դրժելով իր սերը, սկսում է հանդիպել Սեթյանի հետ, ով նրա «տաս հարցին մի պատասխան չի տալիս» և ապրում նրա հետ իբրև երջանիկ մի կին[2]։ Եվ այս ամենը տակնուվրա է անում ոչ միայն հերոսի սիրտը, այլև նրա մտածողությունը։ Նա հետագայում ի զորու չի լինում վստահել և սիրել որևէ այլ կնոջ և սկսում է հակակրանք տածել նրանց նկատմամբ՝ երբևէ չցանկանալով ամուսնանալ։

Գաղափարական բովանդակություն խմբագրել

«Օրիորդ Լիզա» պատմվածքում Շիրվանզադեն սոցիալական կամ գաղափարական շեշտադրումից անկախ, ընդգծում է կանացի հոգեբանության բնորոշ մի ընդհանրացում։ Լիզայի և բժշկի փոխադարձ սերը նույն ըմբռնումներն ունի։ Բայց հանկարծ Լիզայի ամուսնանալը ուրիշի հետ բացահայտում է կանացի հոգեբանության գծի հաստատում, այն որ ասում է․ «Սերը կնոջ մեջ ներքին ենթարկվածության զգացումն է տղամարդու խորհրդավորության ուժի առջև»։ Այս բանաձևումը կապ չունի ֆիզիկական ընկալումների հետ, պարզապես կինը կարիք ունի տղամարդու ուժի ապահովությանը և այն բանի, որ այդ ուժն ու տղամարդու ներաշխարհը չբացվեն մինչև վերջ։ Ընտանիքի և կնոջ խնդիրը Շիրվանզադեին հեռաքրքրել է իր սոցիալական հիմունքներով, որի հետ են կապվում հոգեբանական դրսևորումները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Հ․ Տերտերյան (1959). Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը. Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ. էջեր 113։.
  2. Ալեքսանդր Շիրվանզադե (1971). Պատմվածքներ և վիպակներ. Երևան: Հայաստան. էջեր 143։.
  3. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականություն. Երևան: ԵՊՀ. էջեր 91-92։.