Օրացույցի, ժամանակի և չափման միավորների փոփոխություն

Օրացույցի, ժամանակի և չափման միավորների փոփոխություն, քեմալական բարեփոխում, որով 1925-1935 թվականների ընթացքում օրենսդրական բարեփոխումների արդյունքում Թուրքիայի Հանրապետությունում կիրառվող օրացույցը, ժամանակի և թվերի համակարգը, քաշի և ծանրության չափման միավորները, ինչպես նաև հանգստյան և տոն օրերը փոփոխության են ենթարկվել՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։

Ժամանակի համակարգի փոփոխությունԽմբագրել

1925 թվականի դեկտեմբերի 26-ին Թուրքիայի ժամանակի համակարգը փոփոխության է ենթարկվել մեջլիսում «Օրվա 24 ժամի վերաբերյալ օրենքի» քննարկումից և ընդունումից հետո։ 1926 թվականի հունվարի 2-ին թիվ 697 օրենքը հրատարակվել է Պաշտոնական թերթում (Resmi Gazete) և ուժի մեջ մտել։ Օրենքի առաջին հոդվածում ասվում է, որ «Թուրքիայի Հանրապետությունում օրը գիշերվա կեսին է սկսվում, և ժամերը հաշվվում են զրոյից մինչև 24»։ Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ստեղծվել է ազգային համակարգը՝ հիմնվելով Իզմիթով անցնող 30-րդ միջօրեականի վրա:

Նախկինում երկրում գործածվում էր «ալաթուրքայի ժամացույցի» համակարգը, որով արևամուտի ժամը ընդունվում էր 12։00-ն։ Տարբերություն կար այն ժամերի միջև, երբ արևը հասնում էր գագաթնակետին և ամբողջությամբ մայր էր մտնում։ Կար նաև մեկ այլ համակարգ, ըստ որի երբ արևը գտնվում էր զենիթում, ժամը 12։00 էր։ Սակայն այս համակարգերից և ոչ մեկը չէր համարվում միջազգային։ 1909 թվականին օսմանյան մեջլիսում երկար բանավեճերից հետո չեն համաձայնվել ընդունել ժամանակակից ժամային համակարգը[1]։

Նոր ժամային համակարգը ընդունելուց հետո ժողովուրդը որոշակի դժվարություն է ունեցել «ալաֆրանկա ժամային» համակարգը օգտագործելիս։ Նոր համակարգին հարմարվելու դժվարությունը նվազել է, երբ նահանգներում էզանի ժամերի հայտարարման և ժամապահների անհրաժեշտությունը վերացել է, և պաշտոնական հիմնարկներում սկսել են որպես հիմք ընդունել նոր համակարգը[2]:

Օրացույցային համակարգի փոփոխությունԽմբագրել

1925 թվականի դեկտեմբերի 26-ին թիվ 698 օրենքով գրիգորյան օրացույցը Թուրքիայի Հանրապետությունում ընդունվել է որպես պաշտոնական օրացույց։ Երկրում 1926 թվականի հունվարի 1-ից կիրառվել է գրիգորյան օրացույցը:

Օսմանյան կայսրությունում մինչև Թանզիմաթի ժամանակաշրջանը կիրառվել է մուսուլմանական հիջրայի օրացույցը[3], Թանիզիմաթից հետո սկսել են միաժամանակ կիրառել իսլամական և «բյուզանդական» (Ռումի) օրացույցները, ավելի ուշ միայն վերջինս են օգտագործել: Հանրապետության շրջանում գրիգորյան օրացույցի անցնելուց հետո կատարված վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 1945 թվականին թիվ 4696 օրենքով, ըստ որի՝ ամիսների օսմանյան անունները (Teşrinievvel, Teşrinisani, Kanunuevvel, Kanunusani) փոխարինվել են նոր անուններով (Ekim, Kasım, Aralık, Ocak):

 
Արևելյան արաբական թվերի փոխարինումը արաբական թվերով

Թվերի միջազգային համակարգի ընդունումԽմբագրել

1928 թվականի մայիսի 20-ին ընդունված թիվ 1288 օրենքով 1929 թվականի հունիսի 1-ից Թուրքիայում ընդունվել է թվերի միջազգային համակարգը: Այսպիսով՝ արևելյան արաբական թվերի փոխարեն սկսել են կիրառել արաբական թվերը: Թվային համակարգի փոփոխությունը օրակարգ է բերել նաև «տառերի փոփոխության» խնդիրը:

Ծանրության և երկարության միավորների փոփոխությունԽմբագրել

1931 թվականի մարտի 26-ին ընդունված թիվ 1782 օրենքով սկսել են կիրառվել տասնորդական համակարգին համապատասխան ծանրության և երկարության միավորները: Մինչ այդ գործածվող արշինի, թևաչափի, էնզադեի փոխարեն սկսել է կիրառվել մետրական համակարգը, դիրհեմի, օկկայի նման ծանրության միավորների փոխարեն սկսել են կիրառել միլիգրամից մինչև տոննա չափման միավորները, ծավալի համար կիրառվող բուշելի, շինիքի, թասի փոխարեն լիտրերի համակարգն է կիրառվել, մակերևույթի չափման համար կիրառվող ակրի և չիֆթլիքի փոխարեն սկսել են գործածել քառակուսի մետրից մինչև քառակուսի կիլոմետր չափման միավորները: Այս փոփոխության շնորհիվ երկրում ստեղծվել է չափման միավորների միասնական համակարգ, իսկ արտաքին առևտուրը հեշտացել է:

Այսօր թիվ 1782 օրենքի փոխարեն գործում է թիվ 3516 «Չափման միավորների և դրանց համապատասխանեցման մասին օրենքը»:

Ազգային տոների և հանգստյան օրերի կազմակերպումԽմբագրել

1935 թվականի մայիսի 27-ին ընդունված օրենքով ոչ աշխատանքային օրեր են սահմանվել շաբաթը և կիրակին ուրբաթ օրվա փոխարեն։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել