Օբուխովյան պաշտպանություն

Օբուխովյան պաշտպանություն (ռուս.՝ Обуховская оборона), Պետերբուրգի Օբուխովյան գործարանի բանվորների կողմից կազմակերպված քաղաքական բաց ելույթ, գործադուլ, որը տեղի է ունեցել 1901 թվականի մայիսի 7(20)-ին։

1901 թվականին գործարանում հեղափոխական պրոպագանդա են վարել մոտ 20 սոցիալ-դեմոկրատական խմբակներ (Ալեքսանդր Շոտման, Սերգեյ Մալիշև, Ալեքսանդր Մանն, Նիկոլայ Յունիկով և ուրիշներ), որոնցում ներգրավված էր մոտ 100-250 մարդ, ինչպես նաև մի քանի խմբակ՝ էսէռական թեքումով։ Մայիսի 1-ին սկսվեց Վիբորգյան կողմի 14 ձեռնարկությունների գործադուլը, ապա նրանց միացան Նեսկայա զաստավայի ձեռնարկությունները։

Առիթ դարձնելով մայիսի 1-ին 1-1,5 հազար մարդկանց թվում աշխատանքի չներկայացած 26 բանվորների աշխատանքից հեռացնելու հետևանքով առաջացած հուզումները՝ խմբակների ղեկավարները գործադուլի կոչ արեցին։ Մայիսի 7-ին գործարանի մոտ հավաքված մի քանի հազար բանվորներ պահանջեցին մայիսի 1-ը մտցնել տոն օրերի մեջ, ազատել ձերբակալվածներին, աշխատանքում վերականգնել հեռացված բանվորներին, մտցնել 8-ժամյա աշխատանքային օր, բարձրացնել աշխատավարձը և այն։ Ընդհարում տեղի ունեցավ բանվորների և ոստիկանության միջև։ «Օբուխովյան պաշտպանություն»-ը ղեկավարում էին բանվորներ Անատոլի Գավրիլովը և Անատոլի Երմակովը։

Ի վերջո, միայն քարերով զինված բանվորների դիմադրությունը ճնշվեց։ Սպանվեց և վիրավորվեց մի քանի բանվոր։ Ձերբակալված բանվորների մեծ մասը աքսորվեց, նրանցից 29-ը դատապարտվեց տաժանակրության։ Մայիսի 8-ին օբուխովականներին աջակցելու համար գործադուլ հայտարարեցին Պետերբուրգի այլ գործարանների բանվորները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510