Քրոմոսոմային հավաքակազմեր

Քրոմոսոմային հավաքակազմեր տեսակի չափանիշներից մեկի՝ գենետիկական չափանիշի հիմքը կազմում է քրոմոսոմների քանակը բջջում, որը օրգանիզմի յուրաքանչյուր տեսակի համար հաստատուն մեծություն է։ Կենդանի օրգանիզմների որոշ տեսակների քրոմոսոմների դիպլոիդ քանակները նշված են աղյուսակ 2-ում։ Աղյուսակի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ կենդանի օրգանիզմների կազմավորվածության մակարդակը կախված չէ քրոմոսոմների թվից։

Քրոմոսոմները մեյոզում
Մարդկային քրոմոսոմներ

Աղյուսակ 2 խմբագրել

Կենդանի օրգանիզմ Քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը
մարդ բանական (Homo sapiens) 46
մակակ ռեզուս (Macacus rhesus) 42
այծ տնային (Carpa hircus) 60
առնետ գորշ (Rattus norvegicus) 42
մողես ճարպիկ (Lacerta agilic) 38
ճանճ սենյակային (Musca domestica) 12
պտղաճանճ դրոզոֆիլ (Drosophila melanogaster) 8
հիդրա սովորական (Hydra vulgaris) 32
մալարիայի պլազմոդիում (Plasmodium malariae) 2
ոլոռ ցանքսային (Pisum sativum) 14
լոբի սովորական (Phaseolus vulgaris) 22
գարի սովորական (Hordeum vulgare) 14
ցորեն փափուկ (Triticum aestivum) 42

Չբաժանվող կորիզներ խմբագրել

Չբաժանվող կորիզներում քրոմոսոմները նրբագույն թելերի ձև ունեն, և այդ պատճառով դրանք հնարավոր չէ տեսնել լուսային մանրադիտակով։ Այս նրբագույն թելերը, որոնցից յուրաքանչյուրն սպիտակուցի հետ միացած ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, կարող են 1 սմ-ից ավելի երկար լինել։ Չբաժանվող կորիզների թելաձև քրոմոսոմները դասավորվում են կորիզահյութում, միահյուսված են իրաի հետ, և դրանց առանձին-առանձին տեսնելը լուսային մանրադիտակի օգնությամբ անհնար է։

Սակայն երկարությամբ խիստ ձգված թելաձև քրոմոսոմներն, ինչպես նաև դրանց առանձին մասերը, լավ երևում են էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Բջջակորիզում պարունակվող քրոմոսոմներ խմբագրել

Բջջակորիզում պարունակվող քրոմոսոմները միշտ զույգերով են լինում, այսինքն կան երկուական միանման կամ հոմոլոգ քրոմոսոմներ, որոնք զույգ են կազմում։ Սեռական եղանակով բազմացող օրգանիզմների մոտ այդ քրոմոսոմներից մեկը մայրական է, իսկ մյուսը՝ հայրական։ Այսպես, մարդու 46 քրոմոսոմները կազմում են 23 զույգ, յուրաքանչյուր զույգում կա 2 միանման քրոմոսոմ։ Տարբեր զույգերի քրոմոսոմներն իրարից տարբերվում են մեծությամբ, ձևով, առաջնային և երկրորդային սեղմվածքների դասավորության տեղերով, գեների պարունակությամբ և հաջորդականությամբ։ Բջջակորիզում պարունակվող քրոմոսոմների ամբողջությունը կոչվում է քրոմոսոմային հավաքակազմ։ Քրոմոսոմային որոշակի հավաքակազմը բնորոշ է օրգանիզմների յուրաքանչյուր տեսակի համար։

Քրոմոսոմների փոփոխությունները միտոզի տարբեր փուլերում խմբագրել

Ինտերֆազում և միտոզի տարբեր փուլերում քրոմոսոմներում առկա է ժառանգական տեղեկատվության տարբեր քանակ։ ԴՆԹ-ի կրկնապատկումից հետո յուրաքանչյուր քրոմոսոմ կրում է 2 քրոմատիդ, որը շարունակում է ամբողջ պրոֆազում և մետաֆազում։ Սկսած անաֆազից, երբ տեղի է ունենում քրոմատիդների տարամիտում դեպի բևեռներ, յուրաքանչյուր քրոմոսոմ կրում է միայն 1 քրոմատիդ, որը տևում է մինչև ինտերֆազի միջին, S-փուլը։

Աղբյուրներ խմբագրել

10-րդ դասարանի, Կենսաբանության դասագիրք