Քրեական-դատավարական իրավունք

Քրեական-դատավարական իրավունք, Քրեական դատավարությունը հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի, դատարանի (դատավորի), ինչպես նաև դատավարության այլ սուբյեկտների (մեղադրյալ, պաշտպան, տուժող և այլոց) քրեադատավարական իրավունքի կողմից կարգավորվող և քրեական գործի քննության և լուծման կապակցությամբ իրականացվող գործողությունների ու այդ ընթացքում ծագող իրավահարաբերությունների համակարգ է, որը, որպես ուսումնասիրության առարկա (օբյեկտ) ունենալով գործի փաստական հանգամանքները, թույլ է տալիս պատասխանել մեղադրվող անձի մեղավոր կամ անմեղ լինելու մասին հարցին և լուծել քրեական դատավարության առջև դրված այլ խնդիրները։ Սկզբում ձևավորվում է քրեական նյութական իրավունքը, որի նորմերը սահմանում են, թե ինչպիսի պայմաններում և ինչն է համարվում հանցագործություն և ինչպիսի պատիժ է սպասում հանցավոր արարք կատարած անձին։ Ահա այդ պահից էլ առաջանում է քրեական իրավուքնի նորմերը յուրաքանչյուր իրավախախտման դեպքում կիրառելու խնդիրը։ Քրեական գործով վարույթը՝ դատավարական ընթացակարգը, որն սկսվում է քրեական գործի հարուցման հարցի լուծմամբ և ներառում է գործով ընդունվող և իրականացվող դատավարական որոշումներն ու գործողությունները, ամբողջովին ենթարկված է իրավական կարգավորման։ Քրեադատավարական գործունեության հիմնական բովանդակությունը պետության հատուկ մարմինների և պաշտոնատար անձանց կողմից քրեական գործերի քննությունն ու լուծումն է, որին մասնակցում են նաև այս կամ այն դատավարական կարգավիճակով գործի վարույթ ներգրավված ֆիզիկական անձինք։

Քրեական դատավարության խնդիրները (նպատակները)

խմբագրել

Գործունեության նպատակներն ու խնդիրները այն արդյունքներն են, ինչին պետք է ձգտել, ինչը պետք է ապահովվի, նվաճվի, կենսագործվի այդ գործունեության իրականացման հետևանքով։ Քրեական դատավարության խնդիրները սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածում։ Քրեական դատավարության անմիջական խնդիրներն այն արդյունքներն են, որ պետք է իրացվեն կոնկրետ քրեական գործերով վարույթի ընթացքում։ Յուրաքանչյուր քրեական գործով դատավարություն իրականացնող մարմիններին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության ընթացքում՝

  1. քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվի,
  2. ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի,
  3. ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման։

Քրեական դատավարության համասոցիալական խնդիրներն այն արդյունքներն են, որոնք պետք է ապահովվեն ոչ քրեադատավարական գործունեության իրացման բոլոր քրեական գործերի քննության և լուծման հետևանքով։ Քրեական դատավարությունն իրականացվում է ապահովելու համար՝

  1. անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից։ Հանցավորության դեմ պայքարի գոյություն ունեցող ձևերից մեկն էլ քրեական դատավարությունն է։
  2. անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից՝ կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ։

Գրականություն

խմբագրել
  • ՀՀ քրեական դատավարություն։ Ընդհանուր մաս/ Ս. Դիլբանդյան, Ա. Հարությունյան, Գ. Ղազինյան