Քեյնսյան խաչ
Քեյնսյան խաչը մակրոէկոնոմիկական մոդել է, տնտեսական գործակալների ծախսերի և գների մակարդակի միջև դրական կախվածության գրաֆիկական պատկերը[1][2]։
Ընդհանուր բնույթը և հիմնական փոփոխականները
խմբագրելԱրտադրության անկման հետևանքով առաջ եկող նշանակալի կորուստներից խուսափելու համար անհրաժեշտ է ամբողջական պահանջարկի կարգավորմանը միտված ակտիվ պետական քաղաքականություն։ Այդ պատճառով, Քեյնսի տնտեսագիտական տեսությունը հաճախ անվանում են ամբողջական պահանջարկի տեսություն։ Մակրոմակարդակում ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի ընդհանուր հավասարակշռության խախտումը պայմանավորված է պլանավորված և փաստացի ծախսերի, ինչպես նաև խնայողությունների և ներդրումների տարբերությամբ։ Փաստացի ներդրումները ներառում են ինչպես պլանավորված, այնպես էլ չպլանավորված ներդրումները, այսինքն` ապրանքանյութային պաշարներում ներդրումների չնախատեսված փոփոխությունները։ Օրինակ, երբ ամբողջական առաջարկը գերազանցում է ամբողջական պահանջարկին, ապա արտադրված, բայց չիրացված և պահեստավորված արտադրանքը հաշվառվում է որպես ներդրումներ անպրանքանյութային պաշարներում։ Արդյունքում, այդօրինակ չպլանավորված ներդրումները իրականացնում են հավասարակշռող մեխանիզմի գործառույթ` միմյանց համապատասխանեցնելով խնայողությունների ու ներդրումների փաստացի մեծությունները և հաստատելով մակրոտնտեսական հավասարակշռություն։ Պլանավորված (նախատեսվող) ծախսերը ներկայացնում են այն գումարը, որը տնային տնտեսությունները, ֆիրմաները, պետությունը և արտաքին աշխարհը նախատեսում են ծախսել ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու վրա։ Իրական ծախսերը նախատեսվողից տարբերվում են այն ժամանակ, երբ ֆիրմաները ստիպված են լինում իրականացնել չնախատեսված ներդրումներ պաշարներում վաճառքի մակարդակի անակնկալ փոփոխությունների հետևանքով։
Պլանավորվող ծախսերի ֆունկցիան գրաֆիկորեն արտահայտվում է որպես սպառման ֆունկցիա , որը «տեղաշարժված» է դեպի վեր մեծության չափով։ Այս դեպքում վերլուծության պարզության համար ենթադրվում է, որ զուտ արտահանման մեծությունը ինքնավար է (ավտոնոմ է) ամբողջական եկամտի դինամիկայի նկատմամբ և այդ պատճառով զուտ արտահանման մեծությունն ամբողջապես ներառվել է ինքնավար ծախսերում` :
Զուտ արտահանման ֆունկցիայի բանաձևն հետևյալ տեսքն ունի
որտեղ՝ - զուտ արտահանում, g - ինքնավար (ավտոնոմ զուտ արտահանում), m´- ներմուծման սահմանային հակում, Y - ամբողջական եկամուտ։
Ներմուծման սահմանային հակումը ներմուծված ապրանքների վրա կատարված ծախսերի հավելաճի տեսակարար կշիռն է եկամտի ցանկացած փոփոխության դեպքում։
որտեղ՝
ΔM – ներմուծման վրա կատարված ծախսերի փոփոխություն ΔY - եկամտի փոփոխություն
Հաշվի առնելով զուտ արտահանման ֆունկցիան, ինքնավար (ավտոնոմ) ծախսերի մեծությունը հավասար կլինի` : Ավոտոնոմ ծախսերի կառուցվածքում զուտ արտահանման փոփոխության ազդեցությունը դիտարկելիս հարկ է ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ վերջինիս բաղադրիչները` արտահանումը և ներմուծումը, տարբեր կերպ են արձագանքում ամբողջական եկամտի փոփոխությանը։ Այսպես, ամբողջական եկամտի աճը նպաստում է ներմուծման մեծացմանը, քանզի սպառողները և ներդրողները, լրացուցիչ եկամուտ ստանալով, դրանք ծախսում են ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ ներմուծված ապրանքներ գնելու վրա։ Երկրում ամբողջական եկամտի աճը որևէ ազդեցություն չի թողնում արտահանման մեծության վրա, քանզի այն ավելի շուտ կախված է այն երկրում ամբողջական եկամտի աճից, ուր արտահանվում են հայրենական ապրանքներն ու ծառայությունները (այս դեպքում էական նշանակություն ունի ներմուծող երկրում ամբողջական եկամտի աճը)։ Հետևաբար, ամբողջական եկամտի և զուտ արտահանման դինամիկաների միջև առկա է բացասական կախվածություն, ինչն էլ արտացոլվում է զուտ արտահանման ֆունկցիայի բանաձևում։
Գրաֆիկի կառուցում
խմբագրելՎերը ներկայացվածից ակնհայտ է, որ պլանավորվող և փաստացի ծախսերի հարաբերակցությունը գրաֆիկորեն պատկերելու դեպքում, պլանավորվող (նախատեսվող) ծախսերի կորը հատում է այն կորը, որի վրա իրական և նախատեսվող ծախսերը հավասար են միմյանց (այսինքն Y=E կորի) ինչ-որ A կետում։ Ներկայացված գրաֆիկը ստացել է Քեյնսյան խաչ անվանումը։ Y=E կորի վրա մշտապես առկա է փաստացի ներդրումների և խնայողությունների հավասարություն։ A կետում, որտեղ եկամուտը հավասար է պլանավորվող ծախսերին, ձեռք է բերվում նախատեսվող և փաստացի ներդրումների և խնայողությունների հավասարություն, կամ այլ խոսքով հաստատվում է մակրոտնտեսական հավասարակշռություն։ Եթե արտադրության փաստացի ծավալը գերազանցում է հավասարակշռված ծավալը , ապա դա նշանակում է, որ գնորդները ձեռք են բերում ավելի քիչ ապրանքներ, քան արտադրում են ֆիրմաները, կամ AD < AS: Չիրացված արտադրանքը վերածվում է ապրանքանյութական պաշարների, որոնք աճում են, իսկ դա, իր հերթին, ստիպում է ֆիրմաներին կրճատել արտադրությունն ու զբաղվածությունը, ինչն, արդյունքում կրճատում է ՀՆԱ-ն։ -ը շարունակաբար կրճատվում է մինչև , այսինքն եկամուտը և նախատեսվող ծախսերը հավասարվում են։ Համապատասխանաբար, հավասարակշռություն է ձեռք բերվում ամբողջական պահանջարկի և առաջարկի միջև AD=AS:
Եվ ընդհակառակը, եթե փաստացի թողարկման ծավալը փոքր է թողարկման հավասարակշռված ծավալից, ապա դա նշանակում է, որ ֆիրմաներն արտադրում են ավելի քիչ քանակությամբ ապրանքներ ու ծառայություններ, քան պատրաստ են գնել սպառողները, այսինքն` AD>AS: Նման իրավիճակում ավելցուկային պահանջարկը բավարարվում է ֆիրմաների տնօրինած ապրանքանյութային պաշարների չպլանավորված կրճատմամբ, ինչն անհրաժեշտ խթաներ է ստեղծում թողարկման ծավալը և զբաղվածությունը մեծացնելու համար։ Արդյունքում, ՀՆԱ-ն աստիճանաբար մեծանում է, ինչը գրաֆիկորեն արտահայտվում է -ից տեղաշարժով` մինչև AD=AS հավասարակշռության հաստատումը։ Ըստ քեյնսյան տեսության՝ ամբողջական ծախսերն են որոշում արտադրության ծավալը և զբաղվածության մակարդակը։ Տնտեսությունում կարող է ծագել կամ գործազրկություն, կամ ինֆլյացիա, բայց այդ երկուսը միասին չեն կարող լինել։
Թողարկման հավասարակշռված մակարդակի տատանումները և ավտոնոմ ծախսերի բազմապատկիչը
խմբագրելԹողարկման հավասարակշռված մակարդակը կարող է տատանվել ամբողջական ծախսերի բաղադրիչներից յուրաքանչյուրի`սպառման, պետական ծախսերի, ներդրումների և զուտ արտահանման, փոփոխության հետևանքով։ Այս բաղադիրչներից ցանկացածի աճի դեպքում պլանավորվող ծախսերի կորը տեղաշարժվում է դեպի վեր`նպաստելով թողարկման հավասարակշռված մակարդակի աճին։ Եվ ընդհակառակը, ամբողջական պահանջարկի բաղադրիչներից ցանկացածի նվազման դեպքում կրճատվում են զբաղվածությունն ու թողարկման հավասարակշռված ծավալը։ Ավտոնոմ (ինքնավար) ծախսերի ցանկացած բաղադրիչի հավելաճը պրակտիկայում հանգեցնում է ամբողջական եկամտի ոչ թե նույն, այլ որոշակիորենավելի մեծ չափով մեծացմանը`շնորհիվ բազմապատկիչ էֆեկտի` : Ավտոնոմ (ինքնավար) ծախսերի բազմապատկիչը հավասարակշռված ՀՆԱ փոփոխության (հավելաճի) հարաբերությունն է ինքնավար ծախսերի ցանկացած բաղադրիչի փոփոխությանը (հավելաճին)։
որտեղ` m - ինքնավար ծախսերի բազմապատկիչ, – Հավասարակշռված ՀՆԱ փոփոխություն, – Y- ի դինամիկայից անկախ ինքնավար ծախսերի փոփոխություն
Բազմապատկիչը ցույց է տալիս, թե քանի անգամ է ամբողջական եկամտի հավելաճը գերազանցում ինքնավար (ավտոնոմ) ծախսերի հավելաճին։ Այլ խոսքով, բազմապատկիչ էֆեկտի բովանդակությունը հանգում է ավտոնոմ ծախսերի և ամբողջական եկամտի փոփոխությունների միջև առկա հետևյալ փոխազդեցություններին։ Որևէ բաղադրիչի մեկանգամյա փոփոխությունը առաջ է բերում ՀՆԱ-ի կամ ամբողջական եկամտի բազմակի փոփոխություն։ Եթե, օրինակ, ինքնավար սպառումը մեծանում է չափով, ապա դրա արդյունքում նույն չափով մեծանում են ամբողջական ծախսերն ու Y եկամուտը, ինչն, իր հերթին, առաջ է բերում սպառման երկրորդային աճ, բայց արդեն MPC * , որի արդյունքում մեծանում է դարձյալ ամբողջական եկամուտը, հետո կրկին` սպառումը և այդպես շարունակ` ձևավորելով «եկամուտներ – ծախսեր» շրջապտույտը։
AD Y C AD Y C AD Y և այլն։
Այս պարզագույն սխեմայից ակնհայտ է դառնում, որ ինքնավար ծախսերից C-ի կամ G-ի, -ի հարաբերականորեն ոչ մեծ փոփոխությունը կարող է առաջ բերել զբաղվածության և թողարկման մակարդակի նշանակալի փոփոխություն։ Բազմապատկիչի էֆեկտի պատճառով կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական խնդիրներից է դառնում տնտեսության կայունարարների այնպիսի համակարգի ստեղծումը, որոնք հնարավորություն կտան թուլացնել ինքնավար ծախսերի բազմապատկիչ ազդեցությունը` նվազեցնելով սպառման սահմանային հակման (MPC) մեծությունը։ Այս խնդիրն առավել բարդ է դառնում խթանվող ներդրումների պայմաններում, քանզի արտադրության յուրաքանչյուր հերթական փուլից հետո ամբողջական եկամտի աճը մեծացնում է ոչ միայն վերջնական սպառմանն ուղղված ծախսերը, այլև խնայողություններն ու հետևաբար` ներդրումները, ինչի գումարային արդյունքը լինում է գերբազմապատկիչ էֆեկտը։
Ռեցեսիոն և ինֆլյացիոն ճեղքվածքներ։ Խնայողության պարադոքս
խմբագրելՌեցեսիոն (ետաճման) ճեղքվածք . սա այն մեծությունն է, որի չափով հարկ է, որ աճի ամբողջական պահանջարկը (ամբողջական ծախսերը), որպեսզի հավասարակշռված ՀՆԱ-ն աճի մինչև լրիվ զբաղվածությամբ ոչ ինֆլյացիոն մակարդակ։ Եթե թողարկման փաստացի և Yo հավասարակշռված ծավալը փոքր է թողարկման Y* ներուժային մակարդակից, ապա ամբողջական պահանջարկը արդյունավետ չէ, քանզի ամբողջական ծախսերը բավարար չեն տնտեսությունում ռեսուրսների լրիվ զբաղվածություն ապահովելու համար, թեև Yo կետում ձեռք է բերվել AD=AS հավասարակշռություն։
Ռեցեսիոն ճեղքվածքը հաղթահարելու և ռեսուրսների լրիվ զբաղվածություն ապահովելու համար անհրաժեշտ է խթանել ամբողջական պահանջարկը, որի արդյունքում ամբողջական ծախսերի կորը կտեղաշարժվի վեր, իսկ հավասարակշռությունը A կետից B կետ։ Ընդ որում ամբողջական հավասարակշռված եկամտի ∆Y հավելաճը կկազմի`
∆Y= Ռեցեսիոն ճեղքի մեծություն x ինքնավար ծախսերի բազմապատկիչի մեծություն
Ինֆլյացիոն ճեղքվածք՝ մեծություն, որի չափով հարկ է, որ կրճատվի ամբողջական պահանջարկը (ամբողջական ծախսերը), որպեսզի հավասարակշռված ՀՆԱ-ն նվազի մինչև լրիվ զբաղվածությամբ ոչ ինֆլյացիոն մակարդակ։ Եթե թողարկման փաստացի հավասարակշռված մակարդակը Yo –ն մեծ է Y* ներուժային մակարդակից, ապա դա նշանակում է, որ ամբողջական ծախսերը կամ ամբողջական պահանջարկը ավելցուկային են և գերազանցում են ամբողջական առաջարկին։ Նման իրավիճակը տնտեսությունում առաջ կբերի գների (ինֆլյացիայի) աճ, քանզի ֆիրմաները, ռեսուրսների լրիվ զբաղվածության պատճառով, հնարավորություն չեն ունենա ընդլայնել արտադրությունը և բավարարել առկա պահանջարկը։
Ինֆլյացիոն ճեղքի հաղթահարումը ենթադրում է ամբողջական պահանջարկի զսպում և հավասարակշռության տեղաշարժը A կետից B կետ։ Ընդ որում հավասարակշռված ամբողջական եկամտի ∆Y կրճատումը կկազմի`
∆Y= Ինֆլյացիոն ճեղքի մեծություն x ինքնավար ծախսերի բազմապատկիչի մեծություն
Խնայողության պարադոքսը – հասարակության փորձերը շարունակաբար ավելի շատ խնայել, քան ծախսել, արդյունքում կա՛մ անփոփոխ է թողնում խնայողությունների ծավալը, կա՛մ անգամ կրճատում է այդ ծավալը։ Պարադոքսի էությունն այն է, որ եթե խնայողությունների հավելաճը չի ուղեկցվում ներդրումների հավելաճով, ապա տնային տնտեսությունների ավելի շատ խնայելու ցանկացած փորձ դատապարտված է անհաջողության հավասարակշռված ՀՆԱ-ի կրճատման հետևանքով, ինչն, իր հերթին, պայմանավորված է բազմապատկիչի (մուլտիպլիկատոր) էֆեկտով։
Տնտեսությունը սկսում է գործառել A կետում։ Տնտեսական անկման սպասումները ստիպում են տնային տնտեսություններին ավելի շատ խնայել վատթարացող տնտեսական պայմաններին դիմակայելու համար։ Խնայողությունների կորը տեղաշարժվում է S-ից S’, իսկ ներդրումները մնում են նույն մակարդակի I վրա։ Խնայողությունների մեծացումն ուղեկցվում է սպառողական ծախսերի կրճատմամբ, ինչը բազմապատկիչ էֆեկտով նվազեցնում է ամբողջական եկամուտը Yo -ից Y 1 : Ամբողջական եկամտի կրճատման հետևանքով խնայողությունների նոր կորը կհատվի ներդրումների I կորի հետ և դրանց մակարդակը B կետում կմնա նույնը, ինչ նախկինում էր։ Այլ իրավիճակ կստացվի, եթե խնայողությունների աճին զուգահեռ մեծանա նաև ներդրումների ծավալը, ինչը ներդրումների կորը կտեղաշարժի վեր I-ից I’: Այս դեպքում թողարկման հավասարակշռված մակարդակը կմնա Yo կետում և արտադրության անկումը կկանխվի։ Արտադրության կառուցվածքում կգերակշռեն ներդրումային ապրանքները, ինչը լրացուցիչ խթաներ կստեղծի հետագա տնտեսական աճի համար, թեև որոշակիորեն կկրճատի վերջնական սպառման ապրանքների արտադրության և բնակչության ընթացիկ սպառման մակարդակը։ Ստեղծված իրավիճակը ենթադրում է հետևյալ երկընտրանքը` կամ ընթացիկ սպառման սահմանափակմամբ ապագա տնտեսական աճի ապահովում, կամ հրաժարում ընթացիկ սպառման սահմանափակումներից երկարաժամկետ տնտեսական աճի վատթարացմամբ։
Ամբողջական պահանջարկի ու առաջարկի մոդելի և Քեյնսյան խաչի փոխադարձ կապը ։ Տոկոսադրույքը, ներդրումները և IS կորը
խմբագրելՔեյնսյան խաչը IS-LM մոդելը կառուցելու առաջին քայլն է, քանզի այն ցույց է տալիս, թե ինչն է տնտեսությունում որոշում եկամուտը պլանավորվող ներդրումների տրված մակարդակի դեպքում։ Քեյնսյան մոդելի սահմանափակությունն այն է, որ ենթադրում է պլանավորվող ներդրումների հաստատուն մակարդակ, այնինչ պլանավորվող ներդրումները իրականում կախված են տոկոսադրույքից։ Այդ սահմանափակումը հաղթահարելու համար մոդելը լրացնենք տոկոսադրույքի և ներդրումների հարաբերակցությամբ, որը կարելի է արտահայտել հետևյալ հավասարու- մովa I = I(r): Մենք կարող ենք օգտագործել ներդրումների ֆունկցիան և քեյնսյան խաչի գրաֆիկը պարզելու համար, թե ինչպես է փոխվում եկամուտը, երբ աճում է տոկոսադրույքը (գրաֆիկի A հատված)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրումները տոկոսադրույքի հետ կապված են հակադարձ կախվածությամբ, ապա տոկոսադրույքի աճը r 1 -ից r 2 նվազեցնում է ներդրումների ծավալը I(r 1 )–ից I(r 2 ): Պլանավորվող ներդրումների կրճատումն, իր հերթին, ծախսերի ֆունկցիան տեղաշարժում է ներքև, ինչպես պատկերված է գրաֆիկի B հատվածում։ Ծախսերի ֆունկցիայի տեղաշարժը հանգեցնում է եկամտի ավելի ցածր մակարդակի, արդյունքում տոկոսադրույքի աճը կրճատում է եկամուտը։ IS կորն արտացոլում է տոկոսադրույքի և եկամտի մակարդակի միջև առկա կախվածությունը, որը դրսևորվում է ներդրումների ֆունկցիայի և քեյնսյան խաչի փոխազդեցության հետևանքով։ Որքան բարձր է տոկոսադրույքը, այնքան ցածր է պլանավորվող ներդրումների մակարդակը և, հետևաբար ցածր է եկամտի մակարդակը։ Դրանով պայմանավորված IS կորն ունի նվազող թեքություն (գրաֆիկի C հատված)։ IS կորն արտացոլում է հավասարակշռությունն ապրանքների և ծառայությունների շուկայում ։ Այն իրենից ներկայացնում է կետերի երկրաչափական բազմություն, որը բնութագրում է Y և R բոլոր համակցությունները և միաժամանակ բավարարում է եկամտի, սպառման ֆունկցիայի, ներդրումների և զուտ արտահանման նույնությանը ։ IS կորի բոլոր կետերում առկա է ներդրումների և խնայողության հավասարություն, ինչն էլ արտացոլում է կորի անվանումը (IS – Investment = Saving):
Գրականություն
խմբագրել- Դավիթ Բեգ Տնտեսագիտություն. — 8. — The McGraw Hill Companies, 2005. — С. 353-358. — 674 с. — ISBN 978-007710775-8
- Տ․ ՄԱտվեևա Մակրոտնտեսագիտություն։ Ներածություն. — «Издательский дом ГУ-ВШЭ», 2007. — С. 28-29. — 511 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Дэвид Бегг, Стэнли Фишер, Рудигер Дорнбуш. Economics. — 8. — The McGraw Hill Companies, 2005. — 674 с. — ISBN 978-007710775-8
- ↑ Матвеева Т. Ю. Введение в макроэкономику. — «Издательский дом ГУ-ВШЭ», 2007. — С. 28-29. — 511 с.