Քարտեզագրական նշանակումներ

Քարտեզագրական նշանակումների միջոցով արտահայտվում է քարտեզի բովանդակությունը։ Քարտեզագրական նշանակումների (պայմանական նշանների) ընտրությունը և օգտագործման սիստեմը կախված է լինում քարտեզի նշանակումից և նախատեսվող ապագա քարտեզի բովանդակությունից։

Քարտեզի որակը կախված է պայմանական նշանակումներից, հաջող ընտրության դեպքում քարտեզը կստացվի գեղեցիկ, ընթեռնելի և, ընդհակառակը, ոչ ճիշտ ընտրության դեպքում՝ դժվար հասկանալի և անհաջող։ Քարտեզի պայմանական նշանակումների որակը և բարդությունը կախված է տվյալ ժամանակաշրջանի քարտեզագրական տեխնիկայից և օգտագործման պահանջից։ Քարտեզի զարգացման սկզբնական շրջանում պայմանական նշանակումները կատարվում էին հեռանկարային պատկերների միջոցով, իսկ երբ խնդիր դրվեց, որ քարտեզը բավարարի բանակի պահանջները, հնարավոր լինի նրա միջոցով չափումներ կատարել, տեղանքը պլանային ձևով ճիշտ պատկերելու կարիք զգացվեց․ այլ կերպ ասած՝ հեռանկարային նշանները փոխարիբվեցին հորիզոնական պրոյեկցիաներով, առաջնությունը տալով պատկերվող օբյեկտի արտաքին եզրագծին, օրինակ՝ ծովերի կամ լճերի եզրագծերը։

Հետագայում սկսեցին քարտեզի վրա ցույց տալ նաև լրացուցիչ բնութագրման նշաններ, օրինակ՝ կանաչ դույնով ցույց տրված անտառները լրացվեցին ծառերի տեսակներին համապատասխան նկարներով։

Քարտեզի մասշտաբը փոքրացնելիս որոշ տարրեր հնարավոր չի լինում պատկերել տվյալ մասշտաբի համար անտեսանելի լինելու պատճառով։ Սակայն երբ դրանց պատկերումը էական նշանակություն կարող է ունենեալ ապագա քարտեզի բովանդակության համար, ապա նման դեպքում դիմում են արտամասշտաբային պայմանական նշանների, որի ընթացում պահանջող օբյեկտները պատկերում են իրական մասշտաբից մեծացված։ Արտամասշտաբային պայմանական նշաններով են պատկերում փոքր մակերես գրավող օբյեկտները՝ եռանկյունաչափական և պոլիգոնամետրական կետերը, փարոսները, էլեկտրոկայանները, ռադիոկայանները և այլն։ Առանձնահատուկ մոտեցում գոյություն ունի գծային տարածում ունեցող տարրերի պատկերման դեպքում ինչպիսիք են՝ հաղորդակցության ճանապարհները, գետերը սահմանները։ Դրանք սովորաբար պատկերվում են լայնությամբ մեծացված օրինակ՝ եթե խճուղին բնության մեջ ունի 10 մ լայնություն, 1։ 100 000 մասշտաբի քարտեզում պետք է պատկերվի 0,1 մմ լայնությամբ, իրականում այն քարտեզի վրա պատկերվում է 1 մմ ընդհանուր լայնության 2 զուգահեռ գծերով, որին բնության մեջ համապատասխանում է 100 մ լայնություն։

Պայմանական նշանակումների յուրահատուկ են երեք հիմնական հատկանիշներ՝ ձևը, մեծությունը և գույնը։ Դրանցից առաջինը վերագրվում է օբյեկտի պատկերմանն ընդհանրապես, մեծությունը ցույց է տալիս քանակական հատկանիշները, իսկ գույնը՝ որակական հատկանիշները։ Օրինակ՝ օգտակար հանածոների քարտեզի վրա քառակուսու ձևով ցւոյց է տրվում ածուխը․ նրա մեծությունը կախված է լինում պաշարից, իսկ գույնը ցույց է տալիս որակը։ Մեծաքանակ պայմանական նշաններ օգտագրոծելիս հնարավոր է լինում քարտեզից ստանալ ավելի լիարժեք և մանրակրկիտ բազմակողմանի տվյալներ, սակայն չափից ավելի շատ պայմանական նշանների կիռարումը դժվարացնում է քարտեզի օգտագործումը։ Այդ պատճառով էլ ընդունված է պահպանել չափավոր բանակի պայմանական նշաններ։

Նպատակահարմար է միասնական սիստեմի պայմանական նշանների օգտագործումը միատեսակ քարտեզների համար, օրինակ՝ ԽՍՀՄ պետական տոպոգրաֆիական 1 ։ 25 000, 1։ 50 000 և 1 ։ 100 000 մասշտաբի քարտեզների համար օգտագործվում են միևնույն պայմանական նշանները։ Ստանդարտ պայմանական նշանների օգտագործումը նպատակահարմար չէ բոլոր քարտեզների համար․ օրինակ՝ բնակավայրերը պատկերելիս փոքր մասշտաբի քարտեզներում անպայման պետք է դիմել արտամասշտաբային պայմանական նշանների, սակայն խոշոր և միջին մասշտաբի քարտեզների համար նպատակահարմար է պլանային ձևի պատկերումը։

Տեխնիկայի զարգացման և նորագույն կառուցումների ստեղծման կապակցությամբ փոխվում են նաև պայմանական նշանակումները, օրինակ՝ այժմ վերացվել են նախկին քարտեզներում մեծ տեղ գտած փոստային կայանների նշանակումները, ավելացել են ռադիոկայանների, հեռուստացույցային հաղորդման կայանների, ավտոստրադաների և այլ նորագույն կառուցումների նշանակումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։