Քայլաբուժություն, տերենկուր (ֆրանսերեն terrain-տեղանք, տարածություն և գերմաներեն Kuhr-բուժում), հատուկ երթուղիով չափավորված հետիոտն զբոսանքներ։ Մարզական թերապիայի և բուժման մեթոդ։ Կիրառվում է հիմնականում առողջարանային պայմաններում։ Քայլքը հարթ տարածությունում, որին հաջորդում է նշագծված երթուղիով վերելքը, ամրապնդում և զարգացնում է սիրտանոթային և շնչառության համակարգի ֆունկցիաները, բարձրացնում նյարդա-մկանային տոնուսը, ինչպես նաև մարզում ստորին ծայրանդամների մկանները, խթանում նյութափոխանակությունը։ Քայլաբուժությունը հաջողությամբ կիրառվում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների սկզբնական փուլերում (հատկապես սրտամկանի կծկողական ֆունկցիայի թուլացման), նյութափոխանակության խանգարումների, շնչառության օրգանների հիվանդությունների, ինչպես նաև ընդհանուր թուլության ժամանակ՝ առողջացման և աճող բեռնվածության հանդեպ ֆունկցիոնալ հարմարողականության զարգացման նպատակով։ Քայլաբուժության համար առանձնացվում են մի քանի երթուղիներ, թեթև՝ մինչև 500 մ, միջին՝ մինչև 1500 մ և դժվար՝ մինչև 3000 մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։