Փրփրապլաստներ, բջջավոր կառուցվածքով գազալցված պլաստմասսաներ։ Ունեն պնդացած փրփուրի կառուցվածք։ Բաղկացած են փակ կամ հաղորդակցվող գազալցված բջիջներից։ Վերջիններս երբեմն անվանում են ծակոտապլաստներ։ Ըստ փրփրապլաստների հիմքը կազմող պոլիմերի տեսակի ու մակրոկառուցվածքի ձևի, դրանց հատկությունները փոփոխվում են լայն տիրույթում, խտությունը՝ 1,0-ից մինչև 960 կգ/մ3, աշխատանքային ջերմաստիճանը՝ –70-ից մինչև +150 °C, ձգման ամրությունը՝ 0,010-ից մինչև 98 Մն/մ2։ Տարբերում են էլաստիկ, կոշտ և կիսակոշտ փրփրապլաստներ։ Հատուկ խումբ են կազմում, այսպես կոչված, ինտեգրալ փրփրապլաստները, որոնց մակերևույթը ծածկված է միաձույլ կեղևով։ Փրփրապլաստներ ստանալու համար պատրաստում են պոլիմերային (օլիգոմերային) հիմքով խառնուրդ, որին ավելացնում են փրփրեցնող նյութ (օրինակ, պինդ գազագոյացուցիչներ, դյուրաեռ հեղուկներ կամ իներտ գազեր) և ստացված խառնուրդը տաքացնում մինչև պոլիմերի ապակիացման ջերմաստիճանից մի քանի աստիճան բարձր ջերմաստիճաններ։ Այդ ջերմաստիճաններում գազագոյացուցիչը քայքայվում կամ գոլորշիանում է և փրփրեցնում պոլիմերային հիմքը։ Փրփրեցված զանգվածը ձևավորվում է կաղապարներում՝ պնդացմամբ կամ սառեցմամբ։ Արտադրվում են 0,02–2 մմ (երբեմն նաև3–5 մմ) չափերի ծակոտիներով փրփրապլաստներ։ Մեծ կիրառություն ունեն պոլիուրեթանների, պոլիստիրոլի, պոլիվինիլքլորիդի, պոլիօլեֆինների, ֆենոլպլաստների, ամինապլաստների, էպօքսիդների հիմքով փրփրապլաստները։ Փրփրապլաստներ լայնորեն կիրառվում են ինքնաթիռաշինության ու նավաշինության, տրանսպորտային և քիմիական մեքենաշինության մեջ, շենքերի ու տեխ․ կառույցների շինարարությունում, իսկ որոշ տեսակներ՝ նաև ռադիո– և էլեկտրատեխնիկայում։

Պոլիստիրոլային փրփրապլաստ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրփրապլաստներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 378