Փշաթեփուկ (Acantholepis), բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ․ ունի մեկ տեսակ՝ փշաթեփուկ արևելյան։ Հանդիպում է Առաջավոր և Միջին Ասիայի անապատներում և կիսաանապատներում։ ՀԽՍՀ–ում փշաթեփուկն աճում էր Արարատյան գոգավորության քարքարոտ, ավազային և գիպսային անապատներում՝ Զովաշեն, Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղերի շրջակայքում։ Փշաթեփուկը՝ 5–25 սմ երկարությամբ, սպիտակաթավ ցողունով էֆեմեր, կարճակյաց բույս է։ Տերևներն ամբողջական են, գծային, նշտարաձև, երկարությունը՝ մինչև 8 սմ։ Ընդհանուր ծածկոցի թերթերը կարճ նշտարաձև են, խիտ թաղիքային թավով՝ եզրին բարակ փշիկներով։ Սերմիկները փուփուլավոր են, հակաձվաձև, փայլուն՝ 3,5 մմ երկարությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։