Փարիսեցիներ

հուդայականության կրոնասոցիալական հոսանք

Փարիսեցիներ, կրոնաքաղաքական հոսանք հին Հուդայում մ․թ․ա․ 2-րդ - մ․թ․ 2-րդ դարերում։ Ձևավորվել է սադուկեցիների դեմ պայքարում, արտահայտելով հասարակության միջին, հատկապես արհեստավորա-առևտրական խավերի շահերը։ Հավատի միակ աղբյուրը համարելով Հին կտակարանը, քարոզել են հոգու անմահության, աշխարհի կործանման և փրկչի գալստյան մասին ուսմունք, պայքարել են տաճարային եկամուտները յուրացնող հոգևորական վերնախավի դեմ, ջանացել են զոհաբերությունները փոխարինել աղոթքերով, մերժել օտարամուտ ազդեցությունները հրեաների կյանքում։ Սնապարծությամբ, ցուցադրական և կեղծ բարեպաշտություններով փարիսեցիները սքողել են իրենց զեխ ցանկությունները, հակաժողովրդական վարքն ու բարքը։ Փարիսեցիների վարդապետությունը հետագա զարգացում է ստացել Թալմուդում։ Փոխաբերական առումով «Փարիսեցի» նշանակում է «կեղծավոր», «կեղծ բարեպաշտ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։