Ցրված տարրեր, քիմիական տարրեր, որոնց արտադրական նշանակություն ունեցող սեփական միներալներ կամ հանքային հանածոներ հայտնի չեն։ Նրանք հանդիպում են գլխավորապես այլ միներալներում և օգտակար հանածոներում՝ խառնուրդների ձևով։ Ցրված տարրերը բազմաթիվ միներալներում պարունակվում են որպես հավասարաձև (իզոմորֆային) խառնուրդներ, այլ դեպքերում առաջացնում են խառնուրդային միկրոմիներալներ։ Ցրված տարրերի շարքին են դասվում ռուբիդիումը, կադմիումը, ցեզիումը, սկանդիումը, գալիումը, ինդիումը, թալիումը, գերմանիումը, հաֆնիումը, վանադիումը, սելենը, թելուրը, ռենիումը, երբեմն՝ նաև լանթանոիդները և այլ տարրեր։ Ցրված տարրերը (բացառությամբ՝ կադմիումի) դասվում են հազվագյուտ մետաղների շարքին, թեև մի քանիսի (ռուբիդիում, վանադիում, գալիում, սկանդիում) պարունակությունը երկրակեղևում համեմատաբար մեծ է։ Արդյունաբերության մեջ ցրված տարրերն ստանում են հանածոյում պարունակվող հիմնական տարրերի կորզմանը զուգընթաց՝ որպես կողմնակի նյութեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։