Ցիպնավանքի դպրոց, միջնադարյան Հայաստանի կրթական հաստատություն։ Գտնվել է Արծկե կղզու հարավում։ Հիմնվել է 14-րդ դարի 60-ական թվականներին, Վարդան ճգնավորի ջանքերով։ Հետագա գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Հայտնի է, որ Ցիպնավանքի դպրոցի սան, Որոտնեցու համալսարանի շրշանավարտ Գրիգոր Խլաթեցու րաբունապետությամբ, 1406-ին Ցիպնավանքում է տեղավորվել Խառաբաստավանքի վարդապետարանը, որը շուտով փակվել է։ Հետագայում Ցիպնավանքում հիմնվել է Գրիգոր Խլաթեցու դպրոցը, ուր նա գիտամանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել։ Գրիգոր Խլաթեցու աշակերտներից են եղել Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Առաքել Բաղիշեցին և ուրիշներ, որոնք գրել են իրենց ուսուցչի վարքը։ Խլաթեցին Ցիպնավանքի դպրոցում խմբագրել է «Հայսմավուրք», «Տոնական», «Գանձարան» ժողովածուները, ինչպես նաև ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մի քանիսը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։