Ցեղասպանություն. Ոճրագործություն ընդդեմ մարդկության. Ակնարկներ և փաստեր
Ցեղասպանություն. Ոճրագործություն ընդդեմ մարդկության. Ակնարկներ և փաստեր (անգլ.` "Genocide. Crime against Humanity. Essays and Documents"), հայերի ցեղասպանությանը նվիրված «Արմինյըն ռևյու» եռամսյա հանդեսի հատուկ թողարկում (1984, հ. 37, N1)։ Համարում տեղ են գտել ամերիկյան գիտնականներ Իրվինգ Լյուիս Հորովիցի «Ցեղասպանությունը և սոցիալական տեսության վերականգնումը. հավաքական մահվան բացառիկության վերաբերյալ գիտական դիտարկումների արդյունքները», Ջեյմս Ռեյդի «Հայերի ցեղասպանությունը օսմանյան և թուրքական պատմագրության մեջ», Արմեն Հայրապետյանի «Ռասայական խնդիրներն ու հայերի ցեղասպանությունը. Պետական դեպարտամենտի դոսյեն», Արմեն Հովհաննիսյանի «Միացյալ Նահանգների հետախուզությունն ու Հայկական հարցը 1917-1919 թթ.։ Արխիվային փաստաթղթեր» հոդվածները։ Հավելվածն ամփոփում է 30 փաստաթղթեր, այդ թվում՝ 1915-18 թթ. ողբերգական իրադարձությունների վկա ամերիկյան ու եվրոպական միսիոներների հաղորդումները ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններին։
Ժողովածուի թողարկման խմբագիրն է Ժ. Լիպարիտյանը։ Խմբագրական խորհրդի մեջ են մտել Ռ. Հովհաննիսյանը, Ռ. Միրաքը, Ա. Աթամյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |