Տրամպլին (ֆր.՝ tremplin․ , < իտալ․trampolino, < trampolo-ից՝ ոտնափայտեր), ցատկահարթակ, մարզական կառույց (սարք)՝ դահուկացատկերի, ջրացատկերի և մարմնամարզական ցատկերի ժամանակ մարզիկի թռիչքի ուղին և բարձրությունը ավելացնելու համար։ Տրամպլինը դահուկացատկերի կամ թռիչքների համար, կառույց արհեստական բարձունքի տեսքով՝ կազմված մեկնարկի հրապարակից, թափառքի բարձունքից (թեքությունը՝ 27–38°), ոստնահարթակից, վայրէջքի լանջից և արգելակման հրապարակից։ Ըստ հզորության (թռիչքի հաշվարկային երկարություն) լինում են ուսումնական (մինչև 20 մ), փոքր (20–50 մ), միջին (50-70 մ), մեծ (70–90 մ) և դահուկներով թռիչքների համար՝ 120 մ և ավելի։

Տրամպլինը ջրային դահուկներով ցատկերի համար, սահուն մակերեսով զառիկող հարթակ է, որի վերին եզրը ջրից պետք է բարձր լինի 1,5–1,8 մ։ Ջրում ամրակայվում է խարսխային 4 ճոպանների միջոցով։

Տրամպլինը ջրացատկերի համար, դյուրալյումինի ծալովի առաձգական–հարթակ (տախտակ)։ Տեղադրվում է ջրի մակերեսից 1, 3, 5, 7, 5, 10 մ բարձրության վրա։ Տրամպլին մարմնամարզական, գետնին թեք դրված, ամուր հիմքով զսպանակավոր տախտակ, որը մարմնամարզական և ակրոբատիկական վարժությունների, թեթևաթլետիկական մարզումների ժամանակ ավելացնում է թռիչքի բարձրությունը։