Տրամաբանական պոզիտիվիզմ

Տրամաբանական պոզիտիվիզմ, նեո-պոզիտիվիզմի փիլիսոփայության առաջին պատմական տարատեսակությունը, որի հիմնական գաղափարները 1920–30-ական թթ․ մշակել են մի խումբ փիլիսոփաներ, տրամաբաններ, մաթեմատիկոսներ և բնագետներ Վիեննական խմբակից (Մորից Շլիկ, Ռ․ Կառնապ, Օ․ Նոյրաթ, Կ․ Գյոդեչ և այլն), ինչպես նաև նրա հետ գործակցող Բեռլինի էմպիրիկ փիլիսոփայության ընկերությունից (Հ․ Ռայխենբախ, Վ․ Դուբիսլավ, Կ․ Հեմպել և այլն)։ Տրամաբանական պոզիտիվիզմի վրա որոշիչ ազդեցություն են թողել վերլուծական փիլիսոփայության գաղափարները։ Տրամաբանական պոզիտիվիզմը գիտելիքի տիպար համարում է ճշգրիտ գիտությունները՝ փիլիսոփայության խնդիրը սահմանափակելով գիտության լեզվի տրամաբանական վերլուծությամբ։ Արհեստական լեզուների կառուցումը, ըստ տրամաբանական պոզիտիվիզմի, հնարավորություն է ընձեռում հստակեցնելու լեզվի մեջ արտահայտված՝ գիտելիքի տրամաբանական կառուցվածքը։ Գիտության լեզվի մեջ որոշակիորեն առանձնացվում են երկու կարգի ասույթներ։ Մաթեմատիկայի և տրամաբանության ասույթներն անալիտիկ են, զուտ մաթեմատիկան չունի փորձնական–առարկայական ծագում և բովանդակություն, դա այն լեզուն է, որով գիտության մեջ խոսում են աշխարհի մասին։ Փորձնական (մասնավոր) գիտությունները կազմվում են էմպիրիկական սինթետիկ ասույթներից, որոնց իմաստավորության չափանիշը վերիֆիկացման սկզբունքն է։ Այս հիմունքով իբրև իմաստազուրկ բացառվում են ավանդական փիլիսոփայության աշխարհայացքային հարցադրումները։ Տրամաբանական պոզիտիվիզմի զարգացման ընթացքում տեղի է ունեցել անցում առհասարակ պոզիտիվիզմին հատուկ հյումիստական ֆենոմենալիզմից, որը դավանում էին Վիեննական խմբակի անդամները, դեպի անհատ սուբյեկտից օտարված փորձի (փորձնական իրողության) կանտական ըմբռնումը։ Գիտակցվել է նաև, որ վերիֆիկացման, և առհասարակ փորձնական ստուգման, հարց կարող է դրվել ոչ թե առանձին ասույթների համար, այլ ամբողշությամբ վերցրած այն տեսության համար, որի մեշ մտնում են ասույթները։ Այս փոփոխությունների հետևանքով տրամաբանական պոզիտիվիզմը վերափոխվել է տրամաբանական էմպիրիզմի։ Տրամաբանական պոզիտիվիզմը ասպարեզից իջել է իր փիլիսոփայա-մեթոդաբանական արատների հետևանքով։

Մորից Շլիկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 74