Տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների էլեկտրոնային արատորոշում

Տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների Էլեկտրոնային արատորոշում, մեքենաների տեխնիկական վիճակի հարաչափերի և աշխատանքի ցուցանիշների որոշումը՝ արատորոշման անուղղակի պարամետրերով, որոնք բացահայտվում են առանց քանդելու մեթոդներով՝ էլեկտրոնիկայի կիրառմամբ։

Նկարագրություն խմբագրել

Էլեկտրոնային արատորոշում կատարվում է էլեկտրաչափական տեխնիկայի միջոցներով, որոնք ոչ էլեկտրական մեծություններով (թրթռում, պտտման հաճախություն, ճնշում, ջերմաստիճան և այլն) արտահայտված արատորոշման պարամետրերը ձևափոխում են էլեկտրոնային ազդանշանի։ Դա կատարվում է առաջնային չափողական կերպափոխիչների (տվիչների) միջոցով։ Տվիչից ազդանշանը մտնում է էլեկտրական սարքի հանգույցներ, մշակվում է և գրանցվում։ Էլեկտրոնային արատորոշման համար օգտագործվում են փոքրաչափ փոխադրովի գործիքներ և շարժիչ թեստերի տիպի հաստատուն սարքեր։

Մեքենաների Էլեկտրոնային արատորոշման համար ստեղծվել են նաև էլեկտրոնային ավտոմատացված համակարգեր և տեղակայանքներ, որոնք կիրառվում են տեխնիկական սպասարկման խոշոր կայաններում, նորոգման գործարաններում և այլուր՝ տրակտորների և բարդ գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական սպասարկման ժամանակ՝ դրանց արատորոշման և մեքենաների նորոգման որակը գնահատելու նպատակով։ Ներկայում թողարկվում են նաև համակարգիչներով հանդերձված էլեկտրոնային ախտորոշման սարքեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։