Տուժողի պախարակում

Տուժողի պախարակում կամ զոհին մեղադրելը, երևույթ, երբ հանցագործության, դժբախտ պատահարի կամ բռնության զոհ դարձած մարդու վրա են գցում իր հանդեպ կատարված խախտման կամ պատահած դժբախտ պատահարի ամբողջական կամ մասնակի պատասխանատվությունը[1]։ Տուժողի հոգեբանության ուսումնասիրությունը փորձում է պարզել զոհերի նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարմունքային վերաբերմունքի պատճառները հիմնական երկու մոտեցումների միջոցով՝ պոզիտիվիստական մոտեցման մեթոդաբանական նախագիտելիքի[2] և զոհի պաշտպանության[3]։

Կա նաև նախապաշարմունք այն դեպքերի համար, երբ տուժողը և մեղսագործը ծանոթ են միմյանց, օրինակ, ընտանեկան բռնության կամ բռնաբարության դեպքում[4]։

Ծագում և պատմությունԽմբագրել

 
Թեոդոր Ադորնո (1903–1969)

Հոգեբան Վիլյամ Ռայանն օգտագործել է «տուժողի պախարակում» եզրույթն իր համանուն գրքում, որում նա անդրադարձ է կատարել ԱՄՆ–ում սևամորթների նկատմամբ ռասիզմին և սոցիալական անարդարությանը[5]։ Թեև Ռայանն է արտահայտությունը հանրայնացրել, սակայն երևույթը սահմանել է Թեոդոր Ադորնոն 1947 թվականին[6]։

Տուժողի պախարակման հոգեբանությունԽմբագրել

Հասարակական հոգեբանության տեսանկյունից տուժողի պախարակումը հիմնված է արդար աշխարհի հավատքով[7]։ Արդար աշխարհի հավատքն իմացական աղավաղում է, որի դեպքում մարդը հավատում է, թե ցանկացած գործողություն ստեղծում է օրինաչափ և կանխատեսելի հետևանքներ։ Այդ դեպքում բացառվում է այն գաղափարը, թե դժբախտությունը մարդուն կարող է պատահել պատահականորեն։ Այն մարդիկ, ովքեր հավատում են, թե աշխարհն արդար է, վերամեկնաբանում են անարդար իրադարձությունները, կապելով դրանք տուժողի վարքի կամ հատկությունների հետ, դրանով մեղադրում և ստորացնում են դրան[8]։

Կրկնակի պախարակումԽմբագրել

Կրկնակի պախարակումը տուժողի հոգեցնցումն է, որը դրսևորվում է տարբեր մարդկանց կամ հաստատությունների փոխազդեցությամբ։ Բռնության զոհին մեղադրելը կրկնակի պախարակման օրինակներից է։ Կրկնակի պախարակման այլ օրինակներից կարող են լինել շրջապատի մարդկանց անպատեհ վարքը կամ բժկական աշխատողների և տուժողի հետ շփվող անբարեզուսպ արտահայտությունները[9]։

Առավել ուժեղ ավանդույթներով և տաբուներով հասարակություններում սեռական բռնության զոհերն խիստ պիտակավորվում են։ Սեռական բռնությանը որպես արդյունք կուսությունը կորցրած օրիորդները կարող են համարվել «փչացած» և մեկուսացվել հասարակությունից։

Տուժողների պախարակումը տարածված է նաև ծառայության մեջ գտնվող կամ զորացրված այն զինվորականների նկատմամբ, ովքեր ենթարկվել են ցանկացած բռնության[10]

Կատարյալ զոհ և մեղսագործԽմբագրել

Կատարյալ զոհը մեկն է, ով այդ կարգավիճակում է հայտնվել անխուսափելի հանգամանքների բերումով։ Նորվեգացի քրեագիտության պրոֆեսոր Նիլս Քրիստին 1980–ականներից սկսած տեսաբանել է կատարյալ զոհի թեմայով։

Իր հետազոտության մեջ նա բերել է երկու օրինակ․

  • Կարճլիկ պառավը կեսօրին տուն էր վերադառնում իր հիվանդ քրոջը խնամելուց հետո։ Նրա գլխին հարված է կատարում խոշոր տղամարդը, խլում է նրա պայուսակը և փողերն օգտագործում է թմրանյութեր գնելու համար։
  • Երիտասարդ տղամարդ, ով հարձակման է ենթարկվել և թալանվել փնթի պանդոկում՝ իր ծանոթների կողմից։ Երիտասարդը հարբած էր և ֆիզիկապես ուժեղ էր ու հարվածներ է հասցրել իր վրա հարձակվողներին։

Քրիստին պառավին է բնորոշել որպես կատարյալ զոհ, քանի որ նա չէր կարող խուսափել իր հարձակման ենթարկվելու վայրում լինելուց, նա չէր ճանաչում իր վրա հարձակվողին և չէր կարող նրան դիմադրել։ Այնինչ տղամարդը կարող էր խուսափել պանդոկում լինելուց, ճանաչում էր իր վրա հարձակվողին, տղամարդ էր, հարբած էր և ֆիզիկապես ուժեղ[11]։

Ի հավելումն կատարյալ զոհի, պետք է լինի նաև կատարյալ մեղսագործ։ Իդեալական մեղսագործը չի ճանաչում իր զոհին, հակակրելի անձնավորություն է, ով բնորոշվում է որպես «ենթամարդ»՝ զուրկ բարոյականությունից։ Եթե հարձակվողը ճանաչում է իր զոհին կամ ունի բարոյապես չեզոք նկարագիր՝ չի համարվում կատարյալ[11]։

Համաշխարհային իրադրությունԽմբագրել

Տուժողի պախարակումը, հատկապես սեռական բռնության հետ փոխկապակցված դեպքերում, մեծապես տարածված է Աֆրիկայի և Հարավային Ասիայի երկրներում։ Կենտրոնական Աֆրիկայի և Աֆրիկյան եղջյուրի երկրներում հայտնի են դեպքեր, երբ սեռական բռնության զոհերն ազատազրկվել են նրանց հանդեպ բռնի գործողություններ կատարողների փոխարեն[12]։ Սեռական բռնության զոհ դարձած կանանց և բռնաբարության հետևանքով ծնված երեխաներին մեկուսացնում են հասարակությունից[13]։ Հարավային Ասիայում տարածված է կանանց վրա թթու լցնելու երևույթը՝ սխալ համարվող արարքների համար նրանց պատժելու նպատակով[14]

Հակադիր տեսակետԽմբագրել

Սոցիալական հոգեբանության նշանավոր ներկայացուցիչ Ռոյ Բաումայսթերը ներկայացնում է հակառակ տեսակետ, համաձայն որի զոհին մեղադրելը միշտ չէ, որ հերյուրածո է։ Նա պնդում է, թե զոհի մեղքի ցուցադրումը կարող է այլընտրանքորեն բացատրել դաժանությունը։ «Մաքուր չարիք»–ի մասին դասական առասպելի համաձայն՝ անմեղ, բարեմիտ զոհերն զբաղված են իրենց գործերով, երբ անսպասելիորեն հարձակման են ենթարկվում նենգ և վնասարար չարագործի կողմից։ Բաումայսթերը նշում է, որ որոշ դեպքերում մեղսագործը կարող է նվազեցնել հարձակումը, իսկ տուժողը՝ մեծացնել այն։ Երբեմն մեղսագործը կարող է ինքը վիրավորված զգալ[15]։

Պայտի տեսությունԽմբագրել

Պայտի տեսությունը քաղաքագիտության տեսություններից մեկն է, ըստ որի ծայրահեղ ձախերն ու ծայրահեղ աջերն իրականում անտագոնիստներ չեն և չեն գտնվում գծային քաղաքական սպեկտրի հակառակ բևեռներում, այլ շատ բաներով նման են իրար՝ հիշեցնելով պայտի ծայրեր։ Տեսության հեղինակը ֆրանսացի գրող և փիլիսոփա Ժան Պիեռ Ֆեյն է։

Պայտի տեսության կողմնակիցները, օրինակ, պնդում են, թե պնդումը, որ «բռնաբարված կանայք կրում են սադրիչ հագուստ» նույնքան վիրավորական է տղամարդկանց համար, ինչքան, որ կանանց, քանի որ այդ տղամարդկանց բնութագրում է որպես սեփական ցանկությունները կառավարելու անունակ արարածներ, կամ պնդումը, թե կանայք չէն ստում բռնաբարության վերաբերյալ՝ սեռական սկզբունքով ընդհանրացնում է կանանց վարքը։

ՕրինակներԽմբագրել

Տուժողի պախարակման օրինակ է այն, որ հայերին կամ հրեաներին մեղադրում են ցեղասպանության ընթացքում «ոչխարի պես» մորթվելու համար[16][17]։

2016 թվականին Գերմանիայում տեղի ունեցած բռնաբարություններից հետո Քյոլնի քաղաքապետ Հենրիեթ Ռաքերը քննադատության էր արժանացել այն բանից հետո, երբ համաքաղաքացուհիներին հորդորել էր պարզված ձեռքի հեռավորության վրա մնալ օտարներից[18]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Victim Blaming
  2. Kathleen A. Fox, Carrie L. Cook, s Knowledge Power? The Effects of a Victimology Course on Victim Blaming
  3. Bonnie S. Fisher, Steven P. Lab (eds.) Encyclopedia of Victimology and Crime Prevention. Vol. 1. Sage, 2010.
  4. Steffen Bieneck, Barbara Krahé․ Blaming the victim and exonerating the perpetrator in cases of rape and robbery: is there a double standard?
  5. Ryan William (1971)։ Blaming the Victim։ ISBN 9780394417264 
  6. Adorno, TW (1947) Wagner, Nietzsche and Hitler in Kenyon Review Vol.ix (1), p. 158
  7. Irina Anderson,Kathy Doherty. Accounting for Rape: Psychology, Feminism and Discourse Analysis in the Study If Sexual Violence. Routledge, 2008
  8. Lerner, M. J., & Miller, D. T. (1978). Just world research and the attribution process: Looking back and ahead. Psychological Bulletin, 85(5), 1030—1051
  9. Secondary victimization of rape victims: insights from mental health professionals who treat survivors of violence.
  10. Military Culture Has A Terrible Habit Of Blaming The Victim
  11. 11,0 11,1 Christie, Nils (1986). The Ideal Victim. London: Macmillan Press. pp. 17–30.
  12. Rape victims still blamed for sexual violence in Somalia
  13. Women freed from Boko Haram rejected for bringing 'bad blood' back home
  14. A Comparative Exploration of Acid Attack Violence
  15. Baumeister, Roy (1999). Evil: Inside Human Violence and Cruelty. Holt. ISBN 978-0-8050-7165-8
  16. Հայոց ցեղասպանությունն ու մեդիան
  17. Middleton-Kaplan, Richard (2014). "The Myth of Jewish Passivity". In Henry, Patrick (ed.). Jewish Resistance Against the Nazis. Washington, D.C.: Catholic University of America Press. pp. 8, 21. ISBN 9780813225890.
  18. Cologne New Year gang assaults: Mayor says women should have code of conduct to prevent future assault