Տնտեսական կարգավորումը պետության կողմից սահմանված սահմանափակումներն են տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող ապրանքների և/կամ ծառայությունների գների և քանակների վրա, ինչպես նաև այդ կազմակերպությունների շուկա մուտք գործելու և դուրս գալու չափանիշների սահմանումը[1]։ Կարող են լինել սահմանափակումներ նաև տոկոսադրույքների, ժամկետների և այլ գործոնների վրա։ Պետության կողմից նման սահմանափակումների նպատակը հասարակական շահերի պաշտպանությունն է, որի անհրաժեշտությունը առաջ է գալիս մի շարք իրավիճակներում և ոլորտներում։ Հայտնի օրինակներից են՝

  • Բնական մենաշնորհների կարգավորումը։ Այս դեպքում կազմակերպությունը չպետք է աշխատի գերշահույթով, այլ՝ ստանա նորմալ շահույթ, իսկ սպառողների համար սակագները լինեն մատչելի։
  • Միջոցներ ներգրավող, վարկեր տրամադրող և/կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կառույցների (օրինակ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների) կարգավորումը, որը և´ սպառողների պաշտպանությանն է ծառայում, և´ համակարգային կայունության պահպանմանը։ Այս ոլորտներում կազմակերպությունների ձգտումը շահույթի մաքսիմալացմանը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ սպառողների վրա և առաջ բերել սոցիալական խնդիրներ։ Բացի դրանից, այս ոլորտներում շուկայի ձախողումները (market failure), կարող են բերել ֆինանսական համակարգի անկայունությանը[2]։
  • Արտաքին գործոններ (externalities) պարունակող ոլորտների կարգավորումը, որտեղ մեկ տնտեսվարող սուբյեկտի գործողությունները ազդում են մեկ այլ սուբյեկտի վրա, ընդ որում առաջին սուբյեկտը տեղյակ չէ դրանից, կամ նրան չի մտահոգում այդ ազդեցությունը։ Օրինակ, երբ մի քանի կազմակերպություններ նավթ են արդյունահանում նույն վայրից, կամ մի քանի ձկնորսներ նույն գետից ձուկ են որսում, նրանցից յուրաքանչյուրը ձգտում է շահույթի մաքսիմալացմանը, սակայն նրանց գործողությունների արդյունքում նվազում է ռեսուրսի քանակը, աճում դրա արտադրության գինը, որն էլ իր հերթին փոխանցվում է սպառողին։

Քանի որ անհնար է տնտեսական կարգավորման միջոցով ամբողջությամբ կարգավորել որևէ ոլորտի բոլոր գործոնները, շուկայական ուժերը շարունակում են մեծ դեր խաղալ։ Օրինակ, երբ սահմանափակվում են գները ինչ-որ ոլորտում, ընկերությունները սկսում են մրցել միմյանց հետ՝ բարելավելով ապրանքի/ծառայության որակը, միաժամանակ պահպանելով միևնույն գինը։

Հիմնական տեսակներ խմբագրել

  1. Գների կարգավորում – այս դեպքում կարող է սահմանվել կոնկրետ սակագին, կամ թույլատրելի գների սահման։ Եթե կա վտանգ, որ ընկերությունը կարող է այնպիսի ցածր գին սահմանել, որ մրցակիցներին ոլորտից դուրս կմղի, ապա կարող է նաև սահմանվել մինիմալ գին, որից ցածր չի կարող լինել ապրանքի/ծառայության գինը։ Հիմնականում սահմանվում է գների կոմպլեքս համակարգ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Գների կարգավորման ենթարկվում են, օրինակ, գազի, էլեկտրաէներգիայի և հեռահաղորդակցության ոլորտները։
  1. Քանակի կարգավորում – այս դեպքում սահմանվում է որևէ ապրանքի արտադրության համար թույլատրելի վերին շեմ։ Հնարավոր է նաև այնպիսի սահմանում, որ ընկերությունը պետք է տվյալ գների դեպքում ամբողջությամբ ապահովի պահանջարկի դիմաց առաջարկը։
  1. Շուկա մուտք գործելու և դուրս գալու կարգավորում – այս դեպքում կարող են կարգավորվել նոր ընկերությունների շուկա մուտք գործելու նախապայմանները։ Մեկ այլ դեպքում կարող է սահմանափակվել շուկայում արդեն իսկ գործող ընկերությունների մուտքը տնտեսության այլ ճյուղեր (օրինակ` կապի ծառայություններ մատուցող ընկերության մուտքը համակարգիչների արտադրության/վաճառքի ոլորտ)։ Հնարավոր է նաև գործող ընկերությունների ելքի սահմանափակում։ Այս սահմանափակումների և կարգավորումների իմաստը ռեսուրսների ամենաարդյունավետ բաշխվածության, մրցակցության, գների և հասանելիության հավասարակշռության պահպանումն է։ Օրինակ, եթե տվյալ ընկերության ելքը շուկայից կհանգեցնի որևէ ապրանքի դեֆիցիտի, ապա սպառողների համար ապրանքի հասանելիություն ապահովելու համար կարող է ժամանակավորապես չթույլատրվել ելքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. W. Kip Viscusi, Joseph E. Harrington, Jr., John M. Vernon, ECONOMICS OF REGULATION AND ANTITRUST, The MIT Press, 2005, էջ 355-360
  2. J. Carmichael and M. Pomerleano, The Development and Regulation of Non-Bank Financial Institutions, The World Bank, 2002, էջ 24-30