Տնտեսական ընկերակցություն

Տնտեսական ընկերակցություն, (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է։ Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար։ Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն։ Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն։ Կոմանդիտային ընկերակցության մեջ առկա են առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ։ Տնտեսական ընկերակցության հիմնադիր փաստաթուղթը հիմնադիր պայմանագիրն է, որտեղ թվարկվում են ընկերակցության անդամները, գրանցվում են անդամների աշխատանքային և գույքային ավանդները և դրանց հիման վրա որոշվում են նրանց մասնակցության բաժնեմասերը ընկերակցության մեջ։ Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար։ Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում։ Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ։

Աղբյուրներ

խմբագրել
  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ