Տերեփուկ ֆեոպապուսանման

Տերեփուկ ֆեոպապուսանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տերեփուկ ֆեոպապուսանման
Լատիներեն անվանում
Centaurea phaeopappoides


Տերեփուկ ֆեոպապուսանման (լատին․՝ Centaurea phaeopappoides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է։ Ցողուները խիտ տերևակալված են, ստորին մասում՝ ճյուղավորված։ Տերևներն ամբողջական, նստադիր նեղ-գծային են, զամբյուղները՝ ձվաձև, խորանարդաձև, 15-20 մմ երկարության, 10-20 մմ լայնության։ Ծածկոցի թերթերի հավելուկները ձվաձևից մինչև համարյա կլորավուն են, փայլուն, բաց գույնի կամ շիկակարմիր և ունեն նուրբ թարթիչավոր եզրեր, վերևում՝ սրացած կարճ փշիկով։ Սերմիկները փոքր պապուսով են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի է Դարեղեգիսի ֆլորիստական շրջանում (Վայոց Ձորի լեռնանցք, Եղեգիս, Ջերմուկ և այլն)։ Նաև աճում է Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1300-2300 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, ժառերի միջև, չինգիլների վրա, կաղնու և գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, հայտնի է մեկ ֆլորիստական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ․ կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.