Տերեփուկ Արփայի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տերեփուկ Արփայի
Լատիներեն անվանում
Centaurea arpensis


Տերեփուկ Արփայի (լատին․՝ Centaurea arpensis), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բարակ ճիպոտանման, խիտ տերևակալված, բազմաթիվ անգամ ճյուղավորված ցողուններով բազմամյա խոտաբույս է։ Տերևները նեղ են, գծային-նշտարաձև, ամբողջական։ Զամբյուղների երկարությունը հասնում է 14-15 մմ-ի, երկարավուն փաթեթի թերթերը թաղանթային են, կիսակլոր, սանրաձև-թարթիչավոր եզրերով։ Ծաղիկները սպիտակավուն են, իսկ սերմիկները՝ երկարավուն, 5-6 մմ երկարությամբ, սպիտակավուն-կրեմագույն։ Պապուսի երկարությունը 5-6 մմ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Երևանի (Վեդի, Տիգրանաշեն, կանյոն Ջանդամդարա) և Դարեղեգիսի (Եղեգնաձորի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100-1500 մ բարձրությունների վրա, չոր կավային, խճաքարոտ բլուրների վրա, քարաթափվածքներին, գիհու նոսր անտառում, ֆրիգանոիդներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Աճում է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է։ Տեսակն աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության տեղերում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.