Տափաստանային կարմիր տավարի ցեղ

Տափաստանային կարմիր տավարի ցեղ (ուկրաիներեն՝ Червона степова порода), կաթնատու տավարի ցեղ։

Տափաստանային կարմիր ցեղատեսակի կով (Նիկոլաևի մարզ, Ուկրաինա)

Ստացվել է XVII դ․ վերջին Ուկրաինայի Զապորոժիեի մարզի ներկայիս տարածքում, տեղական կարմիր, տափաստանային մոխրագույն և օստֆրիսլանդական կարմիր և այլ տավարների բարդ վերարտադրողական տրամախաչման ճանապարհով։ Մինչև XIX դ․ վերջերը ցեղը Ուկրաինայում բուծվել է «ինքն իր մեջ» ձևաչափով, իսկ այլ շրջաններում տրամախաչվել է այլ ցեղերի հետ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբներին ցեղի կովերն առանց որևէ համակարգի տրամախաչել են հոլանդական, անգելնյան, սիմենթալ շորթհոռնյան ցեղերի ցուլերի հետ։ XX դ․ 20-ական թթ․ տափաստանային կարմիր տավարի ցեղը բուծվում է «ինքն իր մեջ» կիրառելով խիստ ընտրություն և զույգ ընտրություն։

Մարմնակազմը չոր է, խիտ և ամուր։ Թույրը տարբեր երանգներով կարմիր է։ Շատ կենդանիների գլխի և իրանի հատվածներում կան սպիտակ խալիկներ։ Տոհմային ֆերմաներում բուծվող ցուլերի միջին կենդանի զանգվածը 700—1000 (առավելագույնը՝ մինչև 1200), իսկ կովերինը 420—540 (առավելագույնը՝ 700) կգ է։ Տարեկան միջին կաթնատվությունը՝ 4000—4500 կգ։ Կաթի յուղայնությունը 3,6—3,8% է։ Բտված կենդանիների սպանդային ելքը 50—55% է։ Պտղատվությունը՝ 100 կովից մոտ 100 հորթ։ Ցեղը տարածված է հիմնականում Ուկրաինայում, Մոլդավիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի և Օմսկի մարզերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 631