Տասներեք ասորի հայրեր (վրաց.՝ ათცამმეტი ასურელი მამანი), համաձայն Վրաց Եկեղեցու ավանդության՝ եղել են քրիստոնյա վանականության քարոզիչների խումբ, որը 6-րդ դարում եկել է Վրաստան։ Քրիստոնեական պատմագիրներն ասորի հայրերին հիշատակում են որպես Վրաստանում վանքեր հիմնադրողների և վանական շարժման նախաձեռնողների[1][2]։

Դավիդ Գարեջելի 18-րդ դարի մանրանկարչություն

Պատմություն խմբագրել

Ասորի հայրերի վարքերը առկա են միայն վրացական միջնադարյան վարքագրական երկերում, և դրանցից դուրս այլ աղբյուրներում նրանց մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Այս վարքերի մի մասը կազմվել է միայն 18-րդ դարում՝ եկեղեցական օգտագործման համար, սակայն նրանցից չորսը պահպանվել են հին ձեռագրերում՝ բնագիր և խմբագրված տարբերակներով։ Այս վարքերի հեղինակների հարցը հակասական է. որոշ գիտնականներ դրանց մի մասի հեղինակությունը վերագրում են Վրացի կաթողիկոսներ Արսեն I-ին (830-887) և Արսեն II-ին (955-980), իսկ մյուս մասի համար էլ ենթադրում են, որ դրանք կազմվել են 7-րդ դարի վերջերին [3]։ Ժամանակակից Վրաստանի շատ վանքեր կոչվել են ի պատիվ ասորի հայրերի։ Այս վանքերը հիմնվել են և՛ ասորի հայրերի, և՛ նրանց աշակերտների կողմից և մեծ դեր են խաղացել վրաց ժողովրդի ինքնության կայացման գործում[3]։ Գրավոր և բանավոր աղբյուրները պահպանել են 13 ասորի վանականների անունները, որոնք 6-րդ դարում լայն գործունեություն են ծավալել Վրաստանում։ Հավանաբար ասորի վանականների քանակը (13) խորհրդանշանական բնույթ ունի և ակնարկում է Հիսուս Քրիստոսին և նրա 12 առաքյալներին, որոնց նմանողությամբ այս վանականները լուսավորեցին Վրաստանը։

Ժամանակակից գիտության մեջ այս խմբի ազգային և դավանաբանական ինքնության հարցը դեռևս մնում է խնդրահարույց։ Ուսումնասիրողների մի մասը ենթադրում է, որ խնդրո առարկա վանականները ասորական կրթություն ստացած վրացիներ էին, իսկ մյուս մասն էլ կարծում է, որ նրանք ասորի քարոզիչներ էին կամ փախստականեր Սիրիայից։ Նրանց դավանաբանական կողմնորոշման մասին նույնպես հստակություն չկա. հավանական է, որ նրանք միաբնակ էին, քանի որ այդ ժամանակաշրջանում Վրաց Եկեղեցին նույնպես հարում էր միաբնակությանը։

Ասորի հայրեր խմբագրել

  1. Դավիթ Գարեջելի - Դավիթ Գարեջայի վանքային համալիր
  2. Հովհաննես Զեդազենի - Զեդազենի վանք
  3. Աբիբոս Նեկրեսելի-Աբիբուս Նեկրեսի վանքը
  4. Շիո Մղվիմելի - Շիո Մղվիմե վանք
  5. Հովսեփ Ալավերդելի-Յովսեփ Ալավերդու վանք
  6. Անտոն Մարտկոպելի-Մարտկոպի վանքը
  7. Թադեոս Ստեփանծմիդելի-Թադեոս Ստեփանծմինդա վանքը
  8. Պիրոս Բրետելի-Բրետի վանք
  9. Հեսսե Ծիլկնելի-Հեսսե Ծիլկանի վանք
  10. Ստեփանեն Կիրսելի-Կիրսա վանք
  11. Իսիդոր Սամտավնելի- Իսիդոր Սամտավիսի
  12. Միքայել Ուլումբոլի-Միքայել Ուլումբո
  13. Զենոն Իղալթոելի-Զենոն Իղալթո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rapp, Stephen H. (2003), Studies in Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, p. 321. Peeters Publishers, ISBN 90-429-1318-5
  2. Lang, David Marshall (1956), Lives and Legends of the Georgian Saints, pp. 81-83. London: Allen & Unwin
  3. 3,0 3,1 Rayfield, Donald (2000), The Literature of Georgia: A History, pp. 50-51. Routledge, ISBN 0-7007-1163-5.

Արտաքին հղումներ խմբագրել