Տառատեսակաշար, գառնիտուր (< գերմ. Garnitur – լրակազմ, հավաքածու), ոճական ու ձևավորման ընդհանուր առանձնահատկություններով, բայց տարբեր չափերի ու տեսքի տառանշանների ընտանիք (խումբ)։

Նմուշ, լայն աղյուսակ՝ առկա տառատեսակաշարի օրինակներով, 1728 թվական

Տառատեսակաշարի տառատեսակներ խմբագրել

Սովորաբար պարունակում են այբբուբենի տառերի, թվերի, կետադրական և հատուկ նշանների ամբողջական լրակազմեր։ Կան նաև Տառատեսակաշարեր, որոնք կազմված են միայն մաթեմատիկական կամ քարտեզագրական նշաններից։ Տառատեսակաշարի ընդհանուր բնութագրիչներն են տառանշանների հակադրականությունը [օժանդակ (միացնող) և հիմնական գծերի հաստությունների հարաբերությունը], հագեցածությունը (կոչվում է նաև կշիռ, հիմնագծերի հաստության և ուղիղ գրանշանի բարձրության հարաբերությունը), համամասնականությունը (տառի լայնության և բարձրության հարաբերությունը), թեքությունը [տողագծի համեմատությամբ տառի հիմնագծերի (տառաչքերի առանցքների) թեքությունը], գծափակերը (ծայրափակերը, տառանշանի հիմնական գծերի ծայրերը եզրափակող տարրերը), ուրվագծերի գեղազարդությունը (տառանշանների ուրվագծերի ձևը)։ Հայտնի (հատկապես՝ եվրոպական լեզուներով) հազարավոր տառատեսակներից լայն կիրառություն ունեն շուրջ հարյուրը, որոնցով տպագրվել է համաշխարհային ողջ գրականությունը։ Դրանք խմբավորված են 5 հիմնական ու 1 լրացուցիչ (մյուսներում չընդգրկված) Տառատեսակաշարերում։ Ընդունված է տվյալ հրատարակչության համար գործածել նույն Տառատեսակաշարի տառատեսակներ. տեքստերը շարվում են 8-12 կչափի տիտղոսաթերթերը, վերնագրերը, կազմերի մակագրությունները՝ 12–48 կչափի, ընդգծումները՝ շղագիր կամ թավ (կիսաթավ) տառատեսակներով։ Ակցիդենտային և հատուկ գրականության (տեղեկատուներ, բառարաններ, հանրագիտարաններ ևն) տառատեսակներն ընտրում են ըստ նրանց նշանակության, բովանդակային առանձնահատկությունների, տեսազգայական ընկալման և այլ հատկանիշների։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տառատեսակաշար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։