Տանձենի Բրովիչի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի Բրովիչի
Լատիներեն անվանում
P. browiczi


Տանձենի Բրովիչի (լատին․՝  Pyrus browiczi), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի ծածկասերմ բույս։ Տերևաթափ ծառ է՝ 10 - 12 մ բարձրությամբ և 40-60 սմ բնի տրամագծով։ Տարածված է միայն Հայաստանում՝ Վայքում, խիստ սահմանափակ տարածություններում, հատ ու կենտ, փոքր խմբերով՝ գյուղերի շրջակայքում, անտառների եզրերին, ծովի մակերևույթից 1600-1800 մ բարձրություններում։ Որպես տիպիկ հայկական էնդեմ, պետք է պահպանել և տարածել[1]։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 15 մ բարձրությամբ, լայն բրգաձև սաղարթով, հաստ փշերով ծառ է։ 6-8 սմ երկարությամբ, 3-5 սմ լայնությամբ շատ բարակ, մերկ, մանր անհավասար աղեղնաատամնավոր եզրերով։ Պտուղը վաղ թափվող բաժակի մասերով է, տանձաձև, հարթ, 3–4 սմ երկարությամբ, բարակ երկար պտղակոթերով, մինչև 6 սմ երկարությամբ[2]։

Տարածվածություն խմբագրել

Բույսը աճում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Եղեգիս գետի կիրճ, Հերմոն և Վարդահովիտ գյուղերի շրջակայք)[2]։

էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում, ծովի մակարդակից 1700-2100 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում, անտառների և դաշտերի եզրին, մարգագետիններում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում հունիս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 349։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.