Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2013/Ելույթներ և վորքշոփեր


Պրեզենտացիաներ

Կրթական ծրագրեր փոքր ռեսուրսներով 1.0

Այս ելույթը նախատեսված է փոքր վիքի֊համայնքների համար։ Ինչպե՞ս մշակել բարդ կազմակերպչական աշխատանք չպահանջող, սակայն արդյունավետ կրթական ծրագրեր։ Եվ որո՞նք են առաջին կարևոր քայլերը։

Նախորդ երկու տարիների ընթացքում չեխական ԲՈՒՀ-երի հարյուրավոր ուսանողներ այլ «ռեֆերատներ» են դասախոսին հանձնում։ Սովորական գրավոր աշխատանքների փոխարեն (որոնք միշտ վերջում հայտնվում են դասախոսի աղբամանի մեջ), նրանք մասնակցում են «Ուսանողները գրում Վիքիպեդիա» չեխական ծրագրին․ նրանք հոդվածներ են ստեղծում Վիքիպեդիայում, որոնք օգտակար ինֆորմացիայի աղբյուր են դառնում հազարավոր ինտերնետ-օգտագործողների համար։ Ավելի մանրամասն ծրագրի մասին այստեղ։

― Ներկայացնող՝ Վոյտեխ Դոստալ

Ավտոմատացված ներդրում Վիքիպեդիայում

Վիքիպեդիայում ավտոմատ խմբագրման գործիքները հնարավորություն են տալիս ստեղծել և խմբագրել հոդվածներ, ապահովելով տեղեկությունների ամբողջականությունը ու միանմանությունը։ Այսպիսի նախագծերի առավելությունները գերակշռում են թերությունները։ Իրականում գործիքները պարզ են և մատչելի, և ցանկացած ոք, եթե կարող է օգտագործել գրասենյակային ծրագրեր, կարող է նաև գործածել այս գործիքները։ Սակայն այս գործընթացը պահանջում է ուշադրություն և պատասխանատվություն, ինչպես նաև համագործակցություն այլ փորձված մասնակիցների հետ։

― Ներկայացնողներ՝ Հայկ Ավետիսյան և Մհեր Բեքարյան

Ուղղագրութեան աւտօմատ փոխակերպիչ

Ինստիգեյթ ընկերութեան կողմից Ստեղծուել է և Հայերէն Վիքիպեդիայում աւելացուել է աւտօմատ փոխակերպիչ, որը թոյլ է տալիս հանրագիտարանի նիւթը 90%+ ճշտութեամբ փոխակերպել հայերէն մեսրոպեան ուղղագրութեան։

― Ներկայացնող՝ Սաթենիկ Մնացականյան

Կամավորական աշխատանք Վիքիմեդիա Հիմնադրամի համար

Ինչո՞ւ են մարդիկ պատրաստ կամավորական աշխատանք կատարել Վիքիմեդիա Հիմնադրամի և տեղական կազմակերպությունների համար։ Ո՞րն է տարբերությունը, երբ դու հաստիքային աշխատող ես։ Յուրի Աստրախանը կներկայացնի իր անձնական փորձառույթյունը․ սկսած վիքիպեդիայի բոտային խմբագրումներից (~3 մլն) մինչև MediaWiki API գրելը, և այնուհետև ՎիքիՄեդիա Հիմնադրամում որպես ծրագրավորող աշխատանքի անցնելը։

Նա կպատմի իր իրականացրած մի քանի ծրագրերի մասին, ինչպես օրինակ «Վիքիմեդիա Զերո»-ն, որի նպատակն է Վիքիպեդիայի բջջային տարբերակն անվճար հասանելի դարձնելը աշխարհի տարբեր կետերում։

― Ներկայացնող՝ Յուրի Աստրախան

 
Նախորդ Վիքիկոնֆերանսի ելույթներից մեկը

Վիքի-թվաբանություն

Որո՞նք են այն միավորները, որոնցով կարելի է չափել Վիքիպեդիայի բովանդակության զարգացումը։ Վիքիպեդիային անդրադառնալիս, լրագրողները հաճախ հիմնականում շեշտում են միայն հոդվածների քանակը, համեմատում են, օրինակ, Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը մյուս լեզուներով Վիքիպեդիաների հետ։ Շատերիս համար ավելի քիչ հոդված ունենալը նշանակում է, որ մենք հետ ենք մնում մյուսներից, իսկ եթե դրանք ավելի շատ են՝ ուրեմն առաջ ենք անցել։

Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը անցած երկու տարում գրեթե եռապատկվել է։ Բայց արդյո՞ք այն էական զարգացում է ապրել։ Մի շարք գործիքների օգնությամբ մենք կդիտարկենք այն թվերը, որոնք ցույց են տալիս Վիքիպեդիայի իրական աճն ու զարգացումը։

Պրեզենտացիան նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են վիքի-վիճակագրությամբ և մասնավորապես լրագրողների համար։

― Ներկայացնող՝ Վաչագան Ղռաթյան

Եզրաբանության միօրինակեցման հարցեր

Վիքիպեդիայում կիրառվող եզրերը եւ տառադարձման սկզբունքները հաճախ միօրինակ չեն։ Անհրաժեշտ է ստեղծել վիճելի բառերի ցանկ (Վիքի-ից անկախ), եւ դրա հարցում համաձայնության գալու դեպքում կիրառել հենց այդ ցուցակի բառերը։ Թարգմանություն ընտրելիս, պետք է հաշվի առնել, թե ինչպես են այդ բառերի թարգմանված հեղինակավոր միջավայրերում։ Եւ պետք է նախապես համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ։ Այդ թվում, թե որ տարբերակներին պետք է նախապատվություն տալ։ Այսպես, եթե բառը ունի թարգմանություն, այն նախընտրելի է, քանի թե փոխառությունը։ Եթե կան մի շարք թարգմանություններ, ապա նախընտրելի է լեզվաբանորեն ճիշտը, եթե երկուսն էլ ճիշտ են, ապա առավել դուրեկանը, կամ տարածվածը եւ այլն։

— Ներկայացնող՝ Ռուբեն Թարումյան

Հայերեն Վիքիպեդիա. սոցիալ-մշակութային ֆենոմե՞ն

Շատերն են թերեհավատորեն մոտենում Վիքիպեդիայի հոդվածներին, կարծելով թե այն հավաստի չէ, իսկ իրականում այն ոչ միայն բավականին հավաստի է, այլ ունի փաստերը հիմնավորող աղբյուրների հղումներ։ Ամեն մի Վիքիպեդիան ունի իր առանձնահատկությունները, իսկ ինչո՞վ է հայերենն առանձնահատուկ և որն է նրա դերն ու նշանակությունը հայության կյանքում։ Ո՞ր հոդվածներն են, որ հայ հանրության կողմից մեծ պահանջարկ ունեն և ինչպես են լավ մշակված և բովանդակալից հոդվածները հանրության կողմից դառնում պահանջված։ Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել հայերեն Վիքիպեդիան վերջին մի տարվա ընթացքում։

— Ներկայացնող՝ Արման Մուսիկյան

Վճարե՞լ, թե՞ չվճարել

Ինչո՞ւ չվճարել մարդկանց Վիքիպեդիան խմբագրելու համար։

Բոլորս ասում ենք, որ «ազատ գիտելիքը» Վիքիմեդիա նախագծերի հիմնաքարերից է։ Բայց ի՞նչ է «ազատ գիտելիքը»։ Այն ինչը անվճա՞ր է, թե՞ այն ինչը կամավոր է ստեղծված։ Ի՞նչ կլիներ, եթե Վիքիպեդիան լիներ վճարովի։

— Ներկայացնող՝ Սեբաստիան Վալրոթ

Վիքիմեդիա Ֆրանսիա 2013

2013 թվականի ընթացքում Վիքիմեդիա Ֆրանսիան աջակցել է մի շարք տեխնիկական նախագծերի իրականացմանը, ինչպես օրինակ՝ «Աֆրիպեդիան» (օֆլայն վայֆայ ցանցերի սփռում այնպիսի վայրերում, որտեղ ինտերնետ հասանելի չէ) կամ «ՍեմանկՊեդիան»։ Իրականացվել են նաև մի շարք ԳԼԱՄ֊համագործակցային ծրագրեր (ԳԼԱՄ = պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ)։

Պրեզենտացիայի ընթացքում կներկայացվի նաև «Wikipermanence» նախագիծը, որի նպատակն է խրախուսել սկսնակ Վիքիպեդիստներին։

— Ներկայացնող՝ Պրիոր Բենուա

Վիքիմեդիա Ուկրաինա․ ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք անում

Վիքիմեդիա Ուկրաինան ստեղծվել է 2009 թվականին։ Այս հասարակական կազմակերպության նպատակն է Վիքիմեդիա նախագծերի հանրայնացումը Ուկրաինայում։ Անցած չորս տարիների ընթացքում այդ նպատակով կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացրել, որոնցից ամենահայտնին գուցե «Վիքին սիրում է մոլորակը» լուսանկարչական մրցույթն է։

Բացի իրականացված և ապագա ծրագրերից, կքննարկվեն նաև հետագա երկկողմանի համահործակցության եզրեր և այլ հետաքրքիր հարցեր։

— Ներկայացնողներ՝ Վիկտոր Սեմենյուկ և Լևոն Ազիզյան

Քույր նախագծեր․ Վիքիքաղվածք, Վիքիգրքեր և Վիքիաղբյուր

Ունե՞ք որևէ գիրք որը մտածում եք տեսածրել և իր տեքստով բոլորի հետ կիսվել Վիքիդարանում։ Մտածե՞լ եք ինչ-որ քաղվածք տեղադրել Վիքիքաղվածքում ու խնդիրներ ե՞ն առաջացել։ Քաջածանոթ ե՞ք որևէ համակարգչային ծրագրի և ձեզ հետաքրքրու՞մ է նրա մասին ձեռնարկ կազմել Վիքիգրքերում։ Հրամեցե՛ք և ծանոթացե՛ք Վիքիդարանին, Վիքիքաղվածքին և Վիքիգրքերին՝ Վիքիպեդիայի ավելի երիտասարդ ու ամաչկոտ քույրերին, ովքեր դեռ բոլորի հետ չեն ծանոթացել։

— Ներկայացնող՝ Քաոջոքեր

Ոստան

Վիքիպեդիայի հոդվածների գրաֆային ներկայացում Ոստան համակարգի օգտագործմամբ։

— Ներկայացնող՝ Վահագն Պողոսյան

Վիքիմեդիա Հայաստան․ հետադարձ հայացք և հեռանկարներ

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական֊հասարակական կազմակերպությունն հիմնադրվել է այս տարի՝ մայիս ամսին։ Ի՞նչ է հասցրել անել այդ կարճ ժամանակահատվածում նորաստեղծ կազմակերպությունը։ Ո՞րն է կազմակերպության ստեղծման նախապատմությունը։

Այս հարցերին պատասխանելուց բացի, պրեզենտացիայի ընթացքում համեմատություն կարվի աշխարհի տարբեր կետերում գործող նմանատիպ կազմակերպությունների գործունեության հետ։ Կներկայացվեն նաև Վիքիմեդիա Հայաստանի ապագա ծրագրերը։

— Ներկայացնող՝ Սուսաննա Մկրտչյան

Էլեկտրոնային գրահրատարակչության հեռանկարները և վիքինախագծերը Հայաստանում

Որո՞նք են այն նախագծերը և ձեռնարկումները Հայաստանում, որոնք այս կամ այն ձևաչափով առնչվում են «էլեկտրոնային գրահրատարակչությանը» լայն իմաստով։ Որո՞նք են ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի առանձնահատկությունները (հեղինակային և հարակից իրավունքներ), տեխնիկական (տառատեսակներ, ստեղնաշարեր) ստանդարտներ մշակելու և ներդնելու համար, ինչպես նաև «ավանդական գրահրատարակիչներին» և ժամանակակից հայ հեղինակների ներգրավելու համար անհրաժեշտ քայլերը։

Այս պրեզենտացիայի ընթացքում կներկայացվեն նմանատիպ մի քանի ռուսական, եվրոպական, ամերիկյան նախագծերի զարգացման պատմությունը ու քննարկվելու է դրանց՝ որպես մոդելների կիրառելիության հնարավորությունը Հայաստանում։ Անդրադարձ կարվի կատարվելու այս ճանապարհին հանդիպող հեղինակային իրավունքների լուծման հնարավոր տարբերակներին՝ նախադեպերի օրինակով։

Կներկայացվեն նաև այն վիքինախագծերը, որոնք առնչվում են գրականության թվայնացմանը և նրանց «համախմբման ներուժը» հայկական էլեկտրոնային գրքերի բաց առցանց գրադարան ունենալու ճանապարհին։

— Ներկայացնող՝ Մարատ Յավրումյան

ՎիքիՆուռ

ՎիքիՆուռ ծրագրի գաղափարը ծնվել է Արցախում ՆՈՒՌ (Նոր Ուսումնական Ռազմավարություն) ծրագիրն իրականացնելու ընթացքում։ Այս գաղափարի նպատակն է հնարավորություն տալ դպրոցականներին օգտվելու օնլայն հանրագիտարաններից այնպիսի շրջաններում, որտեղ համացանցը հասանելի չէ։

— Ներկայացնող՝ Հասմիկ Մկրտչյան


 

Վորքշոփերը խմբային աշխատանքի սենյակներ են։ Հնարավորության դեպքում վորքշոփին եկե՛ք սեփական համակարգչով։

Վորքշոփեր

MediaWiki API

MediaWiki API֊ն զգալի աճ է գրանցել անցած մի քանի տարիների ընթացքում՝ սպասարկելով բավական լայն «լսարանի»․ Ջավասկրիպտ կոդեր՝ AJAXy վարքագծի համար, մոբայլ սպասառուներ՝ անհատականացված օգտագործման համար, արտաքին կայքէջեր՝ Վիքիպեդիայի տվյալների կրկնօրինակման համար, բոտեր՝ ավտոմատացված խմբագրումների համար, վիճակագրական տվյալներ՝ գիտական հետազոտողների համար․․․ API-ն փորձում է լինել ամեն ինչ՝ բոլորի համար։

Այս վորքշոփի մասնակիցները պարզ վարժությունների միջոցով կսովորեն, թե որն է API-ից օգտվելու լավագույն եղանակը, նրանք կսովորեն գրել կարճ հարցումներ և ստանալ տվյալներ։ Մասնակիցներին նաև ցույց կտրվեն API կանչեր, որոնք բացատրում են ավելի բարդ API կոնցեպտներ, ինչպես օրինակ բազմակի հարցումները և գեներատորները։

― Վարող՝ Յուրի Աստրախան

Ծանոթություն խմբագրման հետ

Ես խմբագրում եմ Վիքիպեդիան։ Եթե Դուք էլ ցանկանում եք խմբագրումներ անել, սակայն չգիտեք, թե ինչպես, ապա կարող եք միանալ այս վորքշոփին և ծանոթանալ խմբագրական տարբեր գործիքներին՝ նախ և առաջ կօգնենք Ձեզ գրանցվել հանրագիտարանում, այնուհետև կսովորեք կատարել փոքր և մեծ խմբագրումներ, ուղղումներ, հոդվածներ ստեղծել և վիքիֆիկացնել արդեն ստեղծվածները։ Կիմանաք, թե ինչ հոդվածներ կարող եք ստեղծել վիքիպեդիայում և ինչպիսի հոդվածների ստեղծումը չի խրախուսվում։ Ձեզ սպասվում է հետաքրքիր և հաճելի խմբագրական մթնոլորտ։ Այս վորքշոփի ընթացքում միասին կկատարենք Ձեր առաջին խմբագրական քայլերը և Դուք էլ կմիանաք Վիքիպեդիայի խմբագիրների մեծ ընտանիքին։

― Վարողներ՝ Լիլիթ Թարխանյան և Արման Մուսիկյան

Ավտոմատացված ներդրում Վիքիպեդիայում

Ինչ կարելի է անել ավտոմատացված։ «Բոտուլիզմը» որպես աշխատելու ճիշտ տարբերակ։ ԱՎԲ, Excel, wkpython գործիքները և նրանց օգտագործումը։ Ավտոմատացված աշխատելու գործնական հմտություններ, և ինչպես կարելի է հասնել արագ հաջողության։ Տարածված սխալները և նրանցից խուսափելու կարևոր հմտությունները։ Որտեղից գտնել տեղեկություններ, ինչպես նրանց ստուգել, և ինչպես ստանալ այն հոդվածի տեսքը ինչ-որ նախատեսում ես։

― Վարողներ՝ Մհեր Բեքարյան և Հայկ Ավետիսյան

Ծանոթություն մաթեմատիկական բանաձևերի խմբագրման հետ

Վորքշոփի ժամանակ կներկայացվի Վիքիպեդիայում մաթեմատիկական բանաձևերի և նրանց առնչվող այլ հարցեր, մասնավորապես, նկարների, գրաֆիկական պատկերների տեղադրում և այլն։

― Վարողներ՝ Դավիթ Մինասյան և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի մի խումբ աշակերտներ

Հայ մատենագրությունը Վիքիպեդիայում

Ի՞նչ խնդիրների է բախվում հայագետը երբ փորձում է ներդրում կատարել Վիքիպեդիայում։ Հայագիտական հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում բավական աղքատիկ են։ Վորքշոփի ընթացքում կքննարկվեն հայագետների կողմից Վիքիպեդիան հարստացնելու հնարավորությունները և մարտահրավերները։

― Վարող՝ Մերուժան Կարապետյան