Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Վեճերի լուծում

Այս ուղեցույցը հուշում է, թե ինչ անել այլ խմբագիրների հետ վեճ ունենալու դեպքում։ Լրացուցիչ հուշումների համար տե՛ս «Վիքիպեդիայի Էթիկետը» եւ «Պահպանել սառնասրտությունը, երբ վեճը թեժանում է» հոդվածը։ Եւ հիշե՛ք, Վիքիպեդիայում խոսքը հաղթելու մասին չէ։


Ինչպես խուսափել վեճերից

Մինչ պաշտոնական գործընթաց սկսելը կամ վեճի լուծման մեծ երրորդ կողմի ներգրավելը՝ տարբեր մեթոդներ կան խնդիրը հարթելու համար։ Վեճերի ու դժգոհությունների դեպքում նախ եւ առաջ պետք է բարի կամք դրսեւորել ու բացատրել, թե ինչն է խնդրահարույց, եւ ինչու եք այդպես մտածում։ Սա կարելի է անել հոդվածի Քննարկման էջում կամ մասնակցի էջում։


Ուշադրություն բովանդակությանը

Ամենակարեւոր առաջին քայլը բովանդակության, այլ ոչ թե խմբագիրների վրա կենտրոնանալն է։ Վիքիպեդիան հիմնված է համագործակցության սկզբունքի վրա եւ ենթադրում է, որ մյուսների ջանքերը եւս կարեւոր են համայնքի համար։

Եթե հոդվածում տեսնում եք պարբերություն, որ կողմնակալ է կամ անճիշտ, ուղղե՛ք այն, եթե կարող եք։ Եթե դա հեշտ չէ, եւ դուք համաձայն չեք հեղինակի տեսակետի հետ, մի՛ ջնջեք հոդվածը։ Ավելի լավ է՝ հավասարակշռեք հոդվածի նյութը ձեր կարծիքով անկողմնակալ տեղեկությամբ։ Նկատի ունեցեք, որ առանց հղման տեղեկությունը կարող է նշվել կամ ջնջվել, քանի որ այն չի կարող ստուգվել։

Որպեսզի մյուս խմբագրողները հասկանան ձեր խմբագրության պատճառը, միշտ բացատրեք ձեր արած փոփոխությունները։ Եթե այդ փոփոխությունը վիճահարույց կարող է լինել, քննարկման էջում մանրամասնեք, թե ինչով է ձեր փոփոխությունը նպաստում հոդվածին։ Եթե ձեր խմբագրությունը հետ է շրջվում, ապա քննարկե՛ք դա քննարկման էջում։ Ուրիշների քայլերը մի՛ ընդունեք որպես անձնական վիրավորանք,բացատրեք մյուսներին, թե ինչ եւ ինչու եք գրում եւ պատրաստ եղեք լսել այլ տեսակետներ։


Պահպանե՛ք սառնասրտությունը

Ժամանակ տվեք եւ՛ ձեզ, եւ՛ վեճի մյուս կողմին. իրավիճակների մեծ մասը սա թույլ է տալիս։ Մի՛ անհանգստացեք, դուք միշտ էլ կարող եք խնդիրն ավելի ուշ լուծել։ (Դուք կարող եք գնալ հոդվածի Պատմության էջը ցանկացած պահի, գտնել ձեր արած վերջին փոփոխությունը եւ համեմատել ձեր տարբերակը ներկա տարբերակի հետ):

Հեռուն նայեք. դուք հետո էլ կարող եք խմբագրել այդ հոդվածը, երբ խնդիրները լուծված կլինեն։ Բացի այդ, այս ընթացքում հոդվածը կարող է հետաքրքրել ուրիշներին, եւ խնդրի շուրջ տեսակետները կավելանան։

Սա հատկապես օգտակար է նոր օգտագործողների հետ վեճերի ժամանակ. ժամանակ տվեք նրանց ընտելանալ Վիքիպեդիայի քաղաքականությանն ու մշակույթին։ Մինչ այդ, փորձեք ձեր ջանքերն ուղղել այլ հոդվածների ուղղությամբ, որտեղ կարող եք դրական փոփոխություններ անել։