Վիճակի դիագրամ, ֆազային հավասարակշռության դիագրամ, թերմոդինամիկական համակարգի բոլոր հնարավոր ֆազային վիճակների գրաֆիկական պատկերումը վիճակի հիմնական պարամետրերի (ջերմաստիճան, ճնշում, բաղադրություն ևն) տարածության մեջ։ Վիճակի դիագրամում համակարգի յուրաքանչյուր իրական վիճակին համապատասխանում է որոշակի կետ (ֆիգուրատիվ կետ), Վիճակի դիագրամ բնորոշում է համակարգի ֆազային հավասարակշռությունը։ Վիճակի դիագրամների կառուցման և մեկնաբանման համար որպես տեսական հիմք ծառայում են ֆազերի կանոնը և ֆազային հավասարակշռության ընդհանուր պայմանը (բաղադրիչներից յուրաքանչյուրի քիմիական պոտենցիալի հաստատուն արժեքը ողջ համակարգում)։ Վիճակի դիագրամի ճշգրիտ կառուցումը տեսականորեն դժվար է, այդ պատճառով օգտագործվում են փորձնական արդյունքներ։ Պարզագույն դեպքում, երբ համակարգը միաբաղադրիչ է, Վիճակի դիագրամ սովորաբար կառուցում են ջերմաստիճան-ճնշում հարթության վրա։ Ֆազերից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի դաշտ (I, II, III, երկվարիանտ հավասարակշռություն), որը սահմանափակված է երկու ֆազերի համատեղ գոյության վիճակի կորերով (1, 2, 3, 4, միավարիանտ հավասարակշռություն)։ Կորերը հատվում են եռակի կետում (ազատության աստիճանը 0 է), որը համապատասխանում է երեք ֆազերի համատեղ հավասարակշռային գոյության վիճակին։ Գոլորշիացման կորը ավարտվում է կրիտիկական կետում (Կ), որտեղ վերանում է հեղուկի և գոլորշու հատկությունների տարբերությունը։ Եթե նյութը պինդ վիճակում առաջացնում է պոլիմորֆ ձևափոխություններ, ապա նրանցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի դաշտ։ Երկբաղադրիչ և եռբաղադրիչ համակարգերի Վիճակի դիագրամներն արտահայտում են առանձին ֆազերի և նրանց համատեղ գոյության մարզերը համակարգում։ Վիճակի դիագրամի լրիվ պատկերը պահանջում է բազմաչափ տարածության օգտագործում; Պարզության համար վիճակի դիագրամ կառուցում են եռաչափ կամ ավելի հաճախ երկչափ տարածության մեջ (մյուս պարամետրերի հաստատուն արժեքների համար)։ Երկբաղադրիչ կոնդենսված համակարգի համար սովորաբար կառուցում են բաղադրություն-ջերմաստիճան (հազվադեպ՝ ճնշում) Վիճակի դիագրամ, որը եռաչափ Վիճակի դիագրամ հատում է որոշակի ճնշման (և այլ պարամետրերի) համապատասխանող հարթությամբ։ Հաճախ կառուցում են նաև հատկություն-բաղադրություն իզոթերմերը։ Բյուրեղացման սկզբին համապատասխանող ջերմաստիճանների կորը կոչվում էլիկվիդուսի կոր, բյուրեղացման ավարտին համապատասխանողը՝ սոլիդուսի կոր։ Լիկվիդուսի կորերի վրա ջերմաստիճանի նվազագույն արժեքը (Е) համապատասխանում է էվաեկաիկային։ Եթե բաղադրիչներն իրար մեջ լուծվում են պինդ վիճակում, ապա առաջացնում են պինդ լուծույթներ, եթե առաջացնում են քիմիական միացություն, լիկվիդուսի կորը անցնում է լավ արտահայտված մաքսիմումով։ Վիճակի դիագրամները լայնորեն կիրառվում են տեխնոլոգիական պրոցեսների, հատկապես քիմիական, մետալուրգիական, հաշվարկների և կառավարման համար։

Տես նաև խմբագրել

Ֆիզիկաքիմիական վերլուծություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 449