Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վելիսցիխե)

եկեղեցի

Վելիսցիխե գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Գուրջաանի շրջանի Վելիսցիխե գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ, Գուրջաանի շրջան և Վելիսցիխե
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հայկական եկեղեցու մասին առաջին արձանագրություններն արված են 1810-ական թվականներին[1]։ 1818 թվականին եկեղեցու մասին կա այսպիսի գրություն՝ «Ի գեօղն Վէլիսցիխէ գոյ եկեղեցի մի կամարաշէն կառուցեալ քարիւ և բռամբ յանուն Սրբոյ Աստուածածնայ արդեամբ Ճարօ Քափանակեանի, իսկ արտաքոյ եկեղեցւոյ ի հարաւ կուս ի վերայ դրան քար մի մարմարոնեայ յարմարեալ, որոյ վերայ գրեալ է վրաց. Սուրբ Աստուածածին օգնական լեր Ճարօին։ Ես Քափանակեանց ննջեցեալ Գէօրգւոյ որդի՝ Ճարօս շինեցի զսոյն Աստուածածնայ եկեղեցիս, վասն հօր և մօր իմոյ Մարիամին և վասն հոգւոյ իմոյ, այլևս վասն զուգակցւոյ իմոյ և եղբօր՝ Սարգսի կենացն»[2]։

Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է։ 1862 թվականի օգոստոսի 8-ին Զաքարիա Քափանակյանցը հոգևոր իշխանություններին հայտնել էր, որ եկեղեցու արևմտյան, արևելյան և հարավային պատերը այն աստիճանի են ճեղքվել, որ այն այլևս ենթակա չեն նորոգման, և հարկավոր էր «ի հիմանէ» նոր եկեղեցի կառուցել։ Այդ աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ էր մոտ 50.000 աղյուս, 60 սայլ կիր, 300 սայլ ավազ, 60.000 կղմինդր և այլ շինանյութեր, ընդհանուր արժեքը 2000 ռուբլիՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 4429, թ. 1-2, 4։

Զաքարիա Քափանակյանցու 1865 թվականի մեկ այլ գրությամ մեջ կա հետևյալը՝ «Որպէս յայտնի է բազմաց զեկեղեցին Հայոց Վէլիսցիխու կառուցեալ է հաւն իմ հանգուցեալ Ճարօն Քափանակեանց ի հիմանց իւրովք վաստակօք առանց մասնակցութեան այլոց ուրուք ի վերայ սեպհական գետնոյ մերոյ, ի պատճառս որոց նախնիք մեր հայրն հաւուն իմոյ ընդ ամուսնւոյն և եղբօրորդւոյն թաղեալ են ի մէջ եկեղեցւոյն, իսկ յիշեալ հաւն ի հարօն, եղբայր նորա Սարգիսն, որդի՝ նորա՝ Սահակն և թոռն նորա եղբայրն իմ՝ Յօհաննէս թաղեալ են ի գաւթի եկեղեցւոյն առ դրան նորին իբրու ի մերում հայրենի գերեզմանատան։ Այժմ հայրն իմ՝ Սօլոմանն յ8-ն սոյն (1865) փետրվար ամսոյ վախճանեցաւ անդ ի Վէլիսցիխայ և մինչ արարաք զպատրաստութիւն թաղելոյ զնա ի գաւթի նոյն եկեղեցւոյ մերոյ մերձ այլոց ննջեցելոց ազգայնոց մերոյ․․․»ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 4629, թ. 1։ Հոգևոր իշխանություններն հանգուցյալին եկեղեցու բակում թաղել համար հարազատներից պահանջել 400 ռուբլի գումար։ Զաքարիա Քափանակյանցուն թույլ չեն տվել իր հորը՝ Սողոմոնին, թաղել իրենց տոհմի միջոցներով կառուցված եկեղեցու բակում։ Նրա մարմինն ամփոփվել է գյուղի հասարակաց գերեզմանատանը։

1888 թվականին Սբ. Աստվածածին եկեղեցուն հավելվել է զանգակատուն։ Եկեղեցին նախկինում է ունեցել զանգակատուն։ 1818 թվականին նշվել է, որ եկեղեցին ուներ գմբեթազարդ փոքրիկ զանգակատուն. «Մէկ զոյգ զանգակ արտաքոյ եկեղեցւոյ կախեալ զփոքու կաթողիկէ»[2]։ Այդ աշխատանքներով զբաղվել են երեցփոխները՝ Եփրեմ Իսահակյանցը, Սարգիս Բեժանյանցը, Նասղիդ Վասիլյանցը, Դավիթ Իսահակյանցը, Աղասի Սոմխյանցն ու Արշակ Ղազարյանցը, որոնք պետք է կազմակերպեին և վերահսկեին հանգանակվող նվիրատվություններն ու նորոգման աշխատանքները։ Կատարված աշխատանքների մասին տեղեկություններ չեն պահպանվել։ 1892 թվականին եկեղեցու զանգը կոտրվել է։ Նոր զանգ գնել-բերելու նպատակով երեցփոխը գյուղի բնակիչներից 250 ռուբլի է հավաքել, սակայն մինչև 1894 թվականը զանգը տեղ չէր հասել։

1894 թվականին եկեղեցին կրկին վերանորոգման կարիք է ունեցել։ եկեղեցու նոր և հիմնավոր նորոգումները սկսվել են 1913 թվականին՝ «...մօտ քառասուն տարի Վէլիսցիխէ գիւղի հայ եկեղեցին բնաւ չէ նորոգուել, թե կտուրը և թե առաստաղն ու պատերը խարխուլ դրութեան են հասել....»[3]։

Եկեղեցու շուրջը՝ հատկապես հարավարևմտյան կողմում, տարածված է հայկական գերեզմանատունը, որտեղ գերակշռում են վրացագիր շիրմաքարերը, բայց կան նաև հայերեն ու ռուսերեն տապանագրեր։

Ճարտարապետություն խմբագրել

Սբ. Աստվածածին եկեղեցին բավական ընդարձակ է՝ 16,96 x 9,32 մ արտաքին չափսերով։ Այն միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցի է։ Երկթեք ծածկի տակ գտնվող տանիքը ներքուստ պահում են չորս որմնասյուների վրա հենված թաղակիր կամարները, խորանն ու երկու ավանդատները գտնվում են արևելյան կողմում, հյուսիսային պատի մեջ պահպանվել է մկրտարանի ավազանը։ Եկեղեցու երեք մուտքերը բացված են արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներից, եկեղեցին կառուցված է գետաքարով, աղյուսով ու կրաշաղախով, ծածկերը կղմինդրապատ են։ 1888 թվականին կառուցված բարձրաշեն զանգակատունը գտնվում է հյուսիսարևմտյան մասից մի քանի մետր հեռու։ Այն կառուցված է աղյուսով և կրաշաղախով, ավարտվում է սրածայր վեղարով, բարձրությունը կազմում է մոտ 14 մետր։

Քահանաներ խմբագրել

  • Ավագ քահանա Տէր Մովսես Հարությունյան (1780-1818), ծնվել է 1748 թվականին, ձեռնադրվել 1780 թվականին՝ Աղվանից Եղիազար արքեպիսկոպոսի կողմից։
  • Տեր Հարություն Ղազարյան և Տեր Հովհաննես Տեր-Գրիգորյան (1810-1818), ձեռնադրվել են 1810 թվականին Հովհաննես արքեպիսկոպոսի կողմից։
  • Ավագ քահանա Տեր-Ներսիսյանցը (1862)[2]
  • Ստեփանոս Տեր-Ղազարյանց (1862-1888)[4]
  • Եղիշե Տեր-Ղազարյանց (1884, 1890)[5]
  • Ներսես Տեր-Ներսիսյան (1886)[6]
  • Բագրատ Տեր-Ղազարյանց (1905)[7]
  • Սիմեոն Տեր-Ղազարյանց, Բագրատ Տեր-Ղազարյանց (1913)[8]
  • Վարդան Տեր-Ղևոնդյանց (1946-1951)[9]
  • Ավագ քահանա Վահան Գրիգորյանց (1951), փոխարինել է տեր Վարդանին[10]

Վիմագրեր և հիշատակագրություններ խմբագրել

Վիմագրեր խմբագրել

  • Արձանագիր քար (գետաքար)՝ ագուցված է եկեղեցու հարավային ճակատին, վրացերեն՝ 3 տող

აქ ეს ქვთის მშობლის | ეკლესია
აქვაშენე გ... | საკუთრებით ჭარო
ქაფანაკოვსა.

Թարգմանաբար՝ «Այս Աստվածածնի եկեղեցին կառուցեցի ծախքով Ճարո Քափանակովի»։

Հիշատակագրություններ խմբագրել

1818 թվականից եկեղեցում եղած իրերից մի քանիսն ունեցել են հայերեն և վրացերեն կարճ հիշատակագրություններ[11]

  • Շուրջառ՝ Յիշատակ Սարգսի կինն՝ Խանումի։
  • Շուրջառ՝ Յիշատակ Ճարօյի կինն Բարբարի։
  • Սկիհ՝ Յիշատակ է ս(ուր)բ սկիհս Զալօյի որդի՝ Խանսամին, որ ետ Տէր Դաւիթ քահանային. յիշեցէք ի Ք(րիստո)ս. թուին ՌՄԽԴ (1795 )։
  • Ձեռաց խաչ (արծաթյա). վրացերենով փորագրված արձանագրության թարգմանությունն է. «Ընծայեցի զայս խաչս Վէլիսցիխու եկեղեցւոյ Ազարիայի որդի՝ Մաթոսս»։
  • Ձեռաց խաչ (արծաթյա) վրացերեն արձանագրության թարգմանությունն է. «Ընծայեցի սոյն եկեղեցւոյս շինողի կինն եւ դուստր Քէտէսի՝ Բարբարես»։
  • Ձեռաց խաչ, արծաթյա. «Ընծայեցի ս(ուր)բ խաչն Աւթանդիլի թոռ Ազիզս Վէլիսցիխու եկեղեցւոյն, վասն հոգւոյ իմոյ, յիշատակ է մսխալ երեսուն եւ մէկ»։
  • Պատկեր՝ Սբ. Սարգսի. «Յիշատակ Տէր Մովսէս քահանային»։
  • Նոր կտակարան. «Յիշատակ Սղնախու կամենդանտ մայօր Պանկրատովի»։
  • Տոնացույց՝ «Սիմեոնի. Յիշատակ Բէրոյի»։
  • Գիրք Ճաշոց, երկու հատոր. «Յիշատակ Տէր Յարութիւն Ղազարեանի»։
  • Հայսմավուրք՝ տպագիր. «Յիշատակ Մանթաշովի»։
  • Ջահ. «Յիշատակ Մարտիրոս Մկրտումեանի»։

Եկեղեցու մկրտարանի ավազանի միակտոր քարի հարավային մասում վրացերենով երկտող է արձանագրված, որը թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Ընծայեցի Վելիսցիխեի Աստվածածնի եկեղեցուն Հովսեփ Սուքիազովս»։

იევწირე ველისციხის ქვთისმ|
იობლის ეკლესიას იოსეფ სუქიაზოვმა.

Եկեղեցին խորհրդային տարիներին խմբագրել

Վրաստանի խորհրդայնացումից հետո Սբ. Աստվածածին եկեղեցին շարունակել է գործել մինչև 1923 թվականի ապրիլի 6-ը։ Եկեղեցու գույքը բռնագրավվել է, տեղափոխվել այլ վայր, իսկ եկեղեցին նախատեսվել և վերածել հասարակական այլ շենքի։ Երկու տարի անց այն վերաբացվել է, որի կապակցությամբ Վելիսցիխեի հայոց եկեղեցու խորհրդի երեցփոխ Սարգիս Եագորյան Օհանյանցը Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ Խորեն արքեպիսկոպոսին 1925 թվականի հուլիսին գրել է. «Անչափ բաղդաւոր եմ համարում ինձ ամենախոնարհաբար մատուցանելու առ ոտս Ազգիս վեհափառ Հայրապետի, որ ամսոյս 21-ին հանդիսաւոր կերպով և աղօթաւորների խուռն բազմութեան ներկայութեամբ երկու տարւայ արգելանքից յետոյ բացւեց տեղիս Սուրբ Աստվածածին եկեղեցին և մատուցւեց հանդիսաւոր պատարագ...»[12]։

Հայրենական մեծ պատերազմից հետո՝ 1946 թվականից եկեղեցին չի գործել, սակայն գյուղում եղել է քահանա՝ Վարդան Տեր-Ղևոնդյանցը, որն էլ նույն թվի հունիսի 26-ին գրել է՝ «...տեղի եկեղեցին փակ է և բանալու խնդիրը չէ լուծված, թէ հաւատացեալ համայնքը դժուարանում է օրէնքներ կատարել տալ և թէ պետական ներկայացուցչութիւնը իմ ներկայութիւնը համարում է ոչ օրինաւոր, քանի որ ես պաշտօնավարում եմ այնպիսի վայրում, ուր եկեղեցի չկայ, հետևաբար իմ ներկայութիւնը համարվում է ապօրինի...»[13]։

1951 թվականի հոկտեմբերի 8-ին Վարդան Տեր-Ղևոնդյանցին փոխարինել է Վահան ավագ քահանա Գրիգորյանցը, որն էլ Վելիսցիխեից գրել է Ամենայն հայոց կաթողիկոսին՝ «...ս. քահանայապետ նւաստիս ուղարկեցիք Վրաստանի վրացախօս Վելիսցիխէ գիւղը, ոչ ես նրանց լեզուն գիտեմ և ոչ էլ նրանք իմ լեզուն և եկեղեցի էլ չկայ...»[11]

Հետագայում Վելիսցիխեն կորցրել նաև իր վերջին քահանային, իսկ եկեղեցին դրանից հետո չի վերաբացվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 447, թ. 8։
  2. 2,0 2,1 2,2 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 42
  3. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3433, թ. 50, 52
  4. «Հայկական Աշխարհ», 1867, դ 9, էջ 384-385
  5. «Արձագանք», 1886, № 42, էջ 549,
  6. «Արարատ», 1896, №Գ, էջ 142
  7. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1267, թ. 13
  8. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3433, թ. 52
  9. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3341, թ. 36, գ. 3348, թ. 1
  10. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3371, թ. 28
  11. 11,0 11,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3371, թ. 28
  12. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3145, թ. 20
  13. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3341, թ. 36

Արտաքին աղբյուրներ խմբագրել