Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայք (այլ կիրառումներ)

Ցանցակայք (անգլերեն website, հայերեն նաև վեբ կայք, համացանցային (ինտերնետային) կայք կամ ցանցային կայք) տեքստեր, պատկերներ, տեսանյութեր կամ այլ թվային միջոցներ պարունակող փոխկապակցված վեբ-էջերի հավաքածու։ Վեբ-կայքը[1] սովորաբար տեղակայվում է համացանցում հասանելի առնվազն մեկ սերվերի վրա։

Կայքէջը մի փաստաթուղթ է, որը սովորաբար գրված է (X)HTML լեզվով, որը գրեթե միշտ մատչելի է HTTP հաղորդակարգով (protocol), որը փոխանցում է տեղեկությունները կայքից գործածողի դիտարկիչի (Browser) վրա։ Հանրությանը մատչելի բոլոր ցանցակայքերը միասին համարվում են «Համաշխարհային սարդոստայն» (World Wide Web)[2]։ Կայքի էջերը սովորաբար մատչելի են գլխավոր սկզբնաէջ (homepage) կոչվող URL տեղորոշիչից (locator) և սովորաբար գտնվում են նույն ֆիզիկական սպասարկչի վրա։ Էջերի URL տեղորոշիչները կազմակերպում են էջերը որոշակի հիերարխիայով, այդուհանդերձ, դրանց միջև եղած հիպերկապերն (hyperlinks) են պատասխանատու այն բանի համար, թե ինչպես է ընթերցողն ընկալում համընդհանուր կառուցվածքը (overall structure) և ինչպես է տվյալների հոսքը (traffic) կայքի տարբեր մասերի միջև։ Որոշ կայքերի անհրաժեշտ է բաժանորդագրվել՝ դրանց բովանդակությանն ամբողջական կամ մասնակի հասանելիություն(access) ստանալու համար։ Այդպիսին են գործարար շատ կայքեր, լրատվական կայքերի մի մասը, գիտական ամսագրերի կայքերը, խաղերի կայքերը, հաղորդագրությունների վահանակները (message boards), ցանցային հիմք ունեցող էլեկտրոնային փոստը, ծառայությունները, սոցիալական ցանցի կայքերը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի իրական ժամանակի տվյալներ տրամադրող կայքերը։ Քանի որ բովանդակությունը դիտելու համար այդ կայքերը պահանջում են վավերացում (authentication), դրանք, փաստորեն, ինտրանետային կայք են։

Ընդհանուր պատկերացում

խմբագրել

Ըստ իրականացվող գործառույթի՝ կայքերը կարող են լինել հետևյալ տեսակների.

  • անձնական կայք
  • առևտրային կայք
  • կառավարական կայք
  • շահույթ չհետապնդող կազմակերպության կայք։

Կայք կարող է ստեղծել որևէ անհատ կամ կազմակերպություն, և այն սովորաբար առնչվում է որևէ ստույգ թեմայի կամ նպատակի։ Ցանկացած կայք կարող է պարունակել գերկապ դեպի որևէ այլ կայք, այնպես որ տարբերություններն անհատական կայքերի միջև, ինչպես դրանք ընկալում է գործածողը, երբեմն կարող են հստակ չլինել։ Կայքերը գրվում են HTML (գերտեքստային նշման լեզու) լեզվով կամ դինամիկ կերպով փոխարկվում են դրան և մատչելի են գործածողի գործակալ (user agent) կոչվող ծրագրակազմային փոխկապակցիչի (software interface) միջոցով։ Ցանցաէջերը կարելի դիտել կամ որևէ այլ ձևով մատչելի տարբեր տեսակի համակարգաչային հիմք ունեցող կամ համացանցային ընձեռմամբ տարբեր չափսերի սարքերից, ներառյալ՝ սեղանադիր (desktop) և գոգդիր (laptop) համակարգիչները, PDA-ները և բջջային հեռախոսները։ Կայքէջը հյուրընկալվում է (is hosted) համակարգչային համակարգի վրա, որը կոչվում է ցանցային սպասարկիչ (web server) (նաև կոչվում է HTTP սպասարկիչ)։ Այս եզրերը կարող են նաև վերաբերել այն ծրագրակազմին, որն աշխատեցնում է այս համակարգերը, առբերում (retrieve) և ներկայացնում է կայքէջերը՝ համաձայն գործածողների խնդրանքների։ Առավել հաճախ գործածվում է Apache ցանցային սպասարկիչը (ըստ Netcraft-ի վիճակագրության)։ Լայնորեն կիրառվում է նաև Microsoft-ի Internet Information Server-ը (IIS)։

Կայքի ոճեր

խմբագրել

Ստատիկ կայք

խմբագրել

Ստատիկ ցանցակայքն այն ցանցակայքն է, որի ցանցաէջերը սպասարկչի վրա ունեն այն նույն տեսքը, ինչպիսին տեսնում է դրանք գործածողը։ Այն հիմնականում կոդավորված է HTML լեզվով։
Ստատիկ ցանցակայքը նաև անվանում են դասական ցանցակայք, հինգ էջանոց ցանցակայք կամ բրոշուրային ցանցակայք, որովհետև այն պարզապես նախասահմանված տեղեկություններ է տրամադրում գործածողին։ Այն կարող է ներառել տեղեկություններ որևէ ընկերության, նրա արտադրանքի և ծառայությունների մասին՝ տեքստերի, լուսանկարների, Flash անիմացիայի, տեսա/ձայնային և փոխգործուն ընտրացանկերի (interactive menus) և նավարկման (navigation) միջոցով։
Նման ցանցակայքերը սովորաբար նույն տեղեկությունն են ներկայացնում բոլոր այցելուներին, և այսպիսով տեղեկությունները ստատիկ են։ Տպագիր բրոշուրները հաճախորդներին բաժանելու նման՝ ստատիկ ցանցակայքը տրամադրում է կայուն, ստանդարտ տեղեկություններ երկար ժամանակի ընթացքում։ Թեև ցանցակայքի սեփականատերը կարող է այն պարբերաբար թարմացնել, տեքստերի, լուսանկարների և այլ բովանդակության խմբագրումը կատարվում է ձեռքով, ինչի համար կարող են պահանջվել ցանցակայքային դիզայնի հիմնական հմտություններ և ծրագրակազմ։ Այցելուները չեն կարող վերահսկել ստատիկ ցանցակայքից ստացվող տեղեկությունները և ստիպված են բավարարվել այդ պահին ցանցակայքի սեփականատիրոջ հայեցողությամբ տրամադրված տեղեկություններով։
Ստատիկ ցանցակայքերը խմբագրվում են չորս կարգի ծրագրակազմերով.

  • Տեքստային խմբագրիչներ, ինչպիսին են Notepad-ը կամ TextEdit-ը, որտեղ HTML-ը վերափոխվում է ուղղակիորեն խմբագրիչ ծրագրում։
  • WYSIWYG ցանցից դուրս խմբագրիչներ, ինչպիսին են Microsoft FrontPage-ը և Adobe Dreamweaver-ը (նախկինում՝ Macromedia Dreamweaver), որտեղ կայքը խմբագրվում է GUI փոխկապակցիչի (interface) միջոցով, իսկ HTML-ն ապահովվում է ավտոմատ կերպով խմբագրիչ ծրագրակազմի կողմից։
  • WYSIWYG առցանց խմբագիչներ, որտեղ ցանկացած հարուստ միջավայր ունեցող առցանց ներկայացում, ինչպիսին են ցանցակայքերը, widget-ները, intro-ները, բլոգերը և այլն ստեղծվում են ֆլեշի վրա հիմնված սարքահիմքի վրա։
  • Ձևանմուշների վրա հիմնված (template-based) խմբագրիչներ, ինչպիսին են Rapidweaver-ը և iWeb-ը, որոնք հնարավորություն են տալիս գործածողներին արագ ստեղծել և վերբեռնել (upload) ցանցակայքեր ցանցային սպասարկչի վրա առանց HTML-ի մասին որևէ բան իմանալու, քանի որ պարզապես ներկապնակից (pallete) ընտրում են որևէ հարմար ձևանմուշ և նկարներ ու տեքստ ավելացնում դրան DTP-ի ձևով՝ առանց որևէ HTML կոդ տեսնելու անհրաժեշտության։

Դինամիկ կայք

խմբագրել
 

Դինամիկ ցանցակայքն այն կայքն է, որ չունի սպասարկչում պահված ցանցային էջեր այն տեսքով, ինչպիսին տեսնում է դրանք գործածողը։ Փոխարենը էջի բովանդակությունը փոփոխվում է ավտոմատ կերպով և/կամ հաճախ կախված է որոշակի չափանիշներից[3]։ Ընդհանուր առմամբ՝ այն համեմատում է տեղեկությունները ցատկի պահին ամեն անգամ, երբ պահանջում են էջը։ Ցանցակայքը կարող է դինամիկ լինել երկու ձևերից մեկով։ Առաջինն այն է, որ ցանցաէջի կոդը կառուցված է դինամիկ կերպով՝ կտոր առ կտոր։ Երկրորդն այն է, որ ցանցաէջի բովանդակությունը ցուցադրված վիճակում տարբերվում է՝ կախված որոշակի չափանիշներից։ Այդ չափանիշները կարող են լինել նախասահմանված կանոններ կամ կարող են կախված լինել գործածողի ներածումից (input)։ Դինամիկ ցանցակայքի հիմնական առավելությունն այն է, որ շատ ավելի հեշտ է պահպանել մի քանի ցանցաէջեր և տվյալների շտեմարան, քան կառուցել և թարմացնել հարյուրավոր կամ հազարավոր անհատական ցանցաէջեր և կապեր։ Որոշակի իմաստով տվյալների վրա հիմնված կայքը նման է ստատիկ կայքին, քանի որ կայքում ներկայացված տեղեկությունները, այնուամենայնիվ, սահմանափակված են նրանով, թե ինչ է թույլ տվել կայքի սեփականատերը պահեստավորել տվյալների շտեմարանում (կայքի սեփականատիրոջ մուտքագրած և/կամ գործածողների ներածած և տիրոջ հավանությանն արժանացած տվյալներ)։ Դրա առավելությունն այն է, որ շտեմարանում պահեստավորված և գործածողներին մատչելի տեղեկությունները սովորաբար անհամեմատ ավելի շատ են լինում։ Դինամիկ ցանցակայքը նաև ցույց է տալիս սեփական կառուցվածքը, մասնավորապես՝ մեկ ցանցաէջի ստեղծման համար օգտագործված կոդը։ Դինամիկ ցանցաէջը ստեղծվում է հընթացս՝ իրար միացնելով կոդերի, ընթացակարգերի կամ հրամանաշարի որոշակի բլոկներ[4] ։ Դինամիկ կերպով ստեղծված ցանցաէջը տարբեր տեղեկույթներ (information) է կանչում շտեմարանից և դասավորում դրանք նախասահմանված ձևաչափով՝ ընթերցողին ամբողջական էջ ներկայացնելու համար։ Այն տարբեր ձևերով փոխազդեցության մեջ է մտնում գործածողների հետ, այդ թվում՝ կարդալով գործածողների նախկին պատմությունը ճանաչող նշոցիկները (cookies), աշխատաշրջանի փոփոխականները, սպասարկչի փոփոխականները և այլն, կամ էլ մտնելով ուղղակի փոխազդեցության մեջ։ Կայքը կարող է ներկայացնել գործածողների միջև երկխոսության ներկա վիճակը, վերահսկել փոփոխվող իրավիճակը կամ էլ տրամադրել տեղեկություններ, որոնք որոշակի ձևով անձնավորված են՝ հաշվի առնելով անհատ գործածողի պահանջները։ Որոշ երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, ցանցերի մատչելիությունն օրենքով կանոնակարգված է[5]։

Կայքերի տեսակներ

խմբագրել

Գոյություն ունեն ցանցակայքերի բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի բովանդակային կամ կիրառական մասնագիտացում, և դրանք կարող են դասակարգվել ըստ տարբեր չափանիշների։ Ստորև ներկայացված են մի քանի նման տեսակներ.

  • Մասնաճյուղային (Affiliate) կայք - պորտալ (portal), որը նախապես համաձայնեցված վճարի դիմաց ներկայացնում է ոչ միայն իր սովորական CMS-ը, այլև միասնական բովանդակություն այլ պրովայդերներից։ Սովորաբար առանձնացվում է հարաբերությունների երեք տեսակ՝ մասնաճյուղային գործակալություններ (Affiliate Agencies, օրինակ՝ Commission Junction-ը), գովազդային (Advertisers, օրինակ՝ Ebay-ը) և սպառողական (օրինակ՝ Yahoo-ն)։
  • Արխիվային կայք – կոչված է պահպանելու արժեքավոր էլեկտրոնային բովանդակություն, որին ոչնչացում է սպառնում։ Երկու օրինակ՝ Internet Archive-ը, որը 1996 թվականից պահպանել է միլիարդավոր հին (ու նոր) ցանցակայքեր, և Google Groups-ը, որը 2005 թվականի սկզբին արխիվացնում էր Usenet-ի լրատվական/քննարկման խմբերում տեղադրված ավելի քան 845.000.000 հաղորդագրություն։
  • Բլոգ (կամ web log) կայք – կայքեր, որոնք ընդհանուր առմամբ օգտագործվում են տեղադրելու առցանց օրագրեր, որոնք կարող են ներառել քննարկման ֆորումներ (օրինակ՝ blogger-ը, Xanga-ն)։
  • Բովանդակային (Content) կայք – կայքեր, որոնք կոչված են օրիգինալ բովանդակություն ստեղծելու և տարածելու համար (օրինակ՝ Slate-ը, About.com-ը).
  • Կորպորատիվ ցանցակայք (Corporate website) – օգտագործվում է որևէ ընկերության, կազմակերպության կամ ծառայության մասին միջակա տեղեկություններ (background information) տրամադրելու համար։
  • Առևտրային կայք (Commerce site) (կամ eCommerce site) – ապրանքներ գնելու համար, ինչպես օրինակ՝ Amazon.com, CSN Stores և Overstock.com կայքերը։
  • Համայնքային կայք Community site - կայք, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող անձինք կարող են շփվել միմյանց հետ, սովորաբար chat-ով կամ MySpace-ի կամ Ֆեյսբուքի նման հաղորդագրության հարթակներով (message board)։
  • Քաղաքային կայք (City Site) – կայք, որտեղ ներկայացված են տեղեկություններ որոշակի քաղաքի, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Սովորաբար նման կայք ստեղծում են քաղաքային խորհուրդը կամ այլ «շահագրգիռ նախաձեռնողներ»։
  • Նույնն է, ինչ աշխարհագրական միավորներինը, ինչպես օրինակ՝ քաղաքներինն ու երկրներինը։ Օրինակ՝ Richmond.com-ը Վիրջինիայի նահանգի Ռիչմոնդ քաղաքի աշխարհագրական տիրույթն է (geodomain)։
  • Գնահատող կայք (Gripe site) – որևէ անձի, վայրի, ընկերության, իշխանության կամ հաստատության քննադատական գնահատան տվող կայք։
  • Զավեշտական կայք – երգիծանքի, ծաղրանմանակման, պարզապես զվարճանքի նպատակով ստեղծված կայք։
  • Տեղեկատվական կայք – պարունակում է բովանդակությունը, որի նպատակն այցելուներին տեղեկացնելն է, բայց ոչ պարտադիր առևտրական նպատակներով, ինչպես, օրինակ՝ RateMyProfessors.com, Free Internet Lexicon և Encyclopedia կայքերը։ Կառավարական, կրթական և շահույթ չհետապնդող հաստատությունների մեծ մասը տեղեկատվական կայք ունի։
  • Java applet կայք – պարունակում է ծրագրակազմ ցանցում որպես ցանցային աշխատածրագիր (Web application) աշխատելու համար։
  • Հայելային կայք – Որևէ ցանցակայքի լիակատար վերարտադրություն։
  • Լրատվական կայք – նման է տեղեկատվական կայքին, սակայն զբաղվում է լուրերի ու մեկնաբանությունների տարածմամբ։
  • Անձնական սեփական ցանցաէջ (Personal homepage) – գործարկվում է անհատների կամ փոքր խմբերի կողմից (օրինակ՝ ընտանիքի) և պարունակում է տեղեկություններ կամ այլ բովանդակություն ըստ անհատի հայեցողության։ Սովորաբար վերբեռնվում (uploaded) է ցանցային խնամորդ ծառայության միջոցով, ինչպես Geocities-ը։
  • Phish կայք – ցանցակայք, որը ստեղծվել է խարդախությամբ գաղտնի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով, ինչպիսին են գաղտնաբառերը և վարկային քարտերի մանրամասները՝ էլեկտրոնային հաղորդակցության գործընթացում ծպտվելով որևէ վստահելի անձի կամ ընկերության անվան տակ (ինչպիսին են Social Security Administration-ը, PayPal-ը)։
  • Քաղաքական կայք – կայք, որտեղ մարդիկ կարող են բարձրաձայնել իրենց քաղաքական հայացքները։
  • Պոռնակայք (Porn site) – կայք, որը ներկայացնում է սեռային՝ պոռնկագրական առումով բացահայտ բովանդակություն հաճույքի, հանգստանալու ու հեշտանալու համար, հիմնականում համացանցային պատկերասրահի, ժամադրակայքի (dating site), բլոգի կամ տեսահամօգտագործման (video sharing) տեսքով։
  • Գնահատման կայք (Rating site) – կայք, որտեղ մարդիկ կարող են ներկայացված բովանդակությունը գովել կամ քննադատել։
  • Կարծիքների կայք (Review site) – կայք, որտեղ մարդիկ կարող են տեղադրել իրենց կարծիքը ծառայությունների կամ ապրանքների մասին։
  • Դպրոցական կայք – Կայք, որտեղ ուսուցիչները, աշակերտները կամ վարչակազմը կարող են իրենց դպրոցին վերաբերող տեղեկություններ տեղադրել։
  • Տեսահամօգտագործման կայք (video sharing)- կայք, որը հնարավորություն է տալիս գործածողին վերբեռնել տեսանյութեր, ինչպես YouTube և Google Video կայքերը։
  • Որոնման ծրագիր (Search engine) – կայք, որը տրամադրում է ընդհանուր տեղեկություններ և նախատեսված է որպես ուղեմուտ (gateway) դեպի այլ կայքեր կամ դրանց որոնման միջոց (lookup)։ Նման կայքի կատարյալ նմուշ է Google-ը, իսկ առավել հայտնի ընդլայնված տարբերակ է Yahoo!-ն։
  • Շոկային կայք (Shock site) – ներառում է դիտողների մեծ մասի համար խիստ տհաճ համարվող պատկերներ կամ այլ նյութեր (օրինակ՝ rotten.com-ը)։
  • Warez – Կայք, որը խնամորդում է գործածողներին և նրանց հնարավորություն է տալիս անօրինականորեն ներլբեռնելու (download) հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր։
  • Վեբ պորտալ կամ ցանցային հանգրվան (Web portal) – կայք, որը ծառայում է որպես մեկնարկային կետ կամ ուղեմուտ դեպի այլ աղբյուրների և միջոցների (resources) համացանցում կամ ներցանցում (ինտրանետ)։
  • Wiki կայք – կայք, որը գործածողները խմբագրում են համատեղ (օրինակ՝ Wikipedia-ն և Wikihow-ն)։

Որոշ ցանցակայքեր կարող են ընդգրկվել այս դասակարգման մեկից ավելի տեսակներում։ Օրինակ՝ գործարար ցանցակայքը կարող է գովազդել ընկերության արտադրանքը, սակայն նաև խնամորդել տեղեկատվական փաստաթղթեր, օրինակ՝ սպիտակ թղթեր։ Վերոհիշյալ կարգերը նաև ունեն բազմաթիվ ենթակարգեր։ Օրինակ՝ պոռնակայքը eCommerce կայքի կամ գործարար կայքի յուրահատուկ տեսակ է (այսինքն՝ այն փորձում է վճարովի անդամներ ձեռք բերել իր կայք մտնելու (access) համար)։ Երկրպագուների կայքը (fan site) նրա սեփականատերը կարող նվիրել որևէ կոնկրետ հանրաճանաչ անձի։ Ցանցակայքերն ունեն համակառուցային (architectural) սահմանափակումներ (օրինակ՝ կայքին տրված հաշվարկման հզորությունը)։ Շատ մեծ ցանցակայքերը, ինչպիսին են Yahoo!-ն, Microsoft-ը և Google-ը, օգտվում են մեծ թվով սպասարկիչներից և բեռնվածությունը հավասարակշռող սարքերից, ինչպիսին են Cisco Content Services Switches փոխանջատիչները՝ ծանրաբեռնվածությունը տարբեր վայրերում գտնվող տարբեր համակարգիչների վրա բաշխելու համար։ 2009 թվականի փետրվարին համացանցային մոնիթորինգ իրականացնող Netcraft ընկերությունը[6], որը 1995 թվականից հետևում է ցանցի աճին, հայտնել էր, որ 2009 թվականին կար 215.675.903 ցանցակայք՝ իրենց տիրույթի անունով և բովանդակությամբ՝ 1995 թվականի օգոստոսի ընդամենը 18.000-ի դիմաց[7]։


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «website». TheFreeDictionary.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.
  2. «The website of the world's first-ever web server». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «AP tweets that it will change from Web site to website». Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Internet, Web, and Other Post-Watergate Concerns». University of Chicago. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Pete LePage. «Responsive Web Design Basics | Web». Google Developers. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  6. «Web Server Survey». Netcraft (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  7. Total number of Websites | Internet live stats. internetlivestats.com. Retrieved on 2015-04-14.

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ website Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս