Վարձկաններ
Վարձկաններ, օրավարձով ապրող չքավոր խավ միջնադարյան Հայաստանում։ Վարձկաններ են կոչվել նաև բերքի 1/5 կամ 1/10 մասն իրենց պահելու իրավունքով հողակտոր վարձակալած տնանկ գյուղացիները (ոմանք աշխատել են սեփական աշխատամիջոցներով)։ Վերջիններս իրենց սոցիալական վիճակով համարյա նույնացել են մշակներին։
Առաջացում
խմբագրելԱռաջացել է զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում գյուղացիների սնանկացման և հողազրկման հետևանքով։ Կենտրոնացել են հիմնականում քաղաքներում։
Վարձկանների աշխատանք
խմբագրելԿատարել են տարբեր բնույթի ոչ մշտական (պատահական) աշխատանքներ և դրանց դիմաց ստացել օրավարձ։ Ստիպված ստանձնել են առավել ծանր, հաճախ կյանքի համար վտանգավոր գործեր։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» սահմանել է, որ վարձկաններին վտանգավոր գործ հանձնարարած գործատերը պատասխանատու է նրանց արյան համար։ Վարձկանների աշխատանքը գնահատվել է սովորականից էժան, նրանք չեն ունեցել իրենց շահերը պաշտպանող եղբայրություններ։ Վարձկանների աշխատանքն օգտագործվել է նաև երկրագործության մեջ։ Հողակտորից և աշխատամիջոցներից զրկված գյուղացիներին հողատերերը վարձել են օրական կամ սեզոնային աշխատանքի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |